Ալեքսանդրապոլի առաջին բժշկական բազմապրոֆիլ կազմակերպությունը, որը հետագայում նաև եղել է անկախ Հայաստանի առաջին բազմապրոֆիլային հիվանդանոցը, շարունակում է մնալ անհայտ ճակատագրով:
Հայկական ժամանակ – Խոսքը Կումայրի արգելոցում գտնվող պատմական նշանակության հուշարձան-շենքի՝ հայտնի Ճերմակ կամ Թիվ 1 հիվանդանոցի մասին է:
2004-ին այն ունեցել է 110 մահճակալ հզորություն, գործել ըստ նշանակության: Նույն տարում հիվանդանոց այցելած այդ տարիների ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր, թե Իտալիա կատարած պաշտոնական այցի արդյունքում ձեռք է բերել Հայաստանին տրվող շտապօգնության մեքենաներից մեկը Գյումրիի թիվ 1 հիվանդանոցին տրամադրելու պայմանավորվածություն: Բաղդասարյանը նաև վստահեցրել էր, որ Ֆրանսիա կատարելիք իր այցի շրջանակներում փորձելու էր անհրաժեշտ բուժտեխնիկայի խնդիրը կարգավորել: Հիվանդանոցի գլխավոր բժիշկն ու բուժանձնակազմն առավել իրատեսական խնդրանք էին ներկայացրել՝ հիվանդանոցն ընդգրկել պետական պատվերի համակարգում:
Պետպատվերը ստացան. չուշացավ պետականական նախազգուշացումը. Գյումրու Ճերմակ հիվանդանոցի թերացումը
2014 թվականի ապրիլի 14-ին ՀՀ առողջապահության նախարարից Գյումրու Ճերմակ հիվանդանոցը նախազգուշացում ստացավ, հայտարարվեց՝ մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ հիվանդանոցում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին չեն տրամադրվել իրազեկման թերթիկներ, ինչը առողջապահության նախարարության և բժշկական կենտրոնի միջև կնքված պետական պատվերի տեղադրման պայմանագրի պարտադիր կետերից մեկն էր եղել:
«Ճերմակ հիվանդանոցի» տնօրենությանն առաջարկվել էր ձեռնարկել միջոցներ խախտումը վերացնելու ուղղությամբ: Նաև նախազգուշացվել էր, որ եթե հետագայում պետպատվերի շրջանակներում ծառայություններ մատուցելու ընթացքում նույնպես խախտումներ թույլ տրվեն, ապա կկիրառվեն պատասխանատվության ավելի խիստ միջոցներ, ընդհուպ մինչև պայմանագրի դադարեցում:
Թե մինչև երբ է բնականոն աշխատել այս հիվանդանոցը, հստակ տեղեկություն չկա: Գյումրու Ճերմակին նաև 2018-ին են հիշել, երբ Շիրակի մարզպետարանում ցանկություն էր առաջացել 1880-ականների կառույցում մինչև օրս գործող Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան տեղափոխել այնտեղ: Այդ տարիների Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունին էր առաջարկել, սակայն հանդիպել էր դիմադրության և դժգոհությունների: Պոլիկլինիկայի տնօրենը տեղեկացրել էր, որ պոլիկլինիկայի տարածքը վարձակալված է, տարեկան 400 հազար դրամ են փոխանցում Գյումրու քաղաքապետարանին: 60-ից ավելի սենյակ ունեն, սպասարկում են 15000-ից ավելի քաղաքացու: Առաջարկվող Ճերմակ հիվանդանոցի ընդամենը 20 սենյակում իրենք անելիք չունեն:
2023-ին Ճերմակ հիվանդանոցը հանվեց վաճառքի. ի՞նչ հիմնավորումներ կային
2023-ին ավագանու փետրվարի նիստերից մեկում որոշվեց աճուրդ-վաճառքով օտարել Ալեքսանդրապոլի առաջին բուժհաստատությունը: Շուրջ 2400 քառակուսի մետր մակերես ունեցող շենքն իր 6000 քառակուսի մետր հողատարածքով գնահատվել էր 750 մլն դրամ, համայնքապետարանն աճուրդի մեկնարկային գին էր սահմանել 1 մլրդ 100 մլն դրամը։ Որոշումը կար, փաստաթղթերը՝ ևս: Աճուրդը, սակայն, տևական ժամանակ չի հայտարարվել:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ քաղաքապետարանը գնաց աճուրդով օտարման քայլին:
Այդ տարիների համայնքապետ Վարդգես Սամսոնյանը որպես պատճառ ընդգծում էր հսկայական շինության պահպանման մեծ ծախսի անհնարինությունը, ներդրողների և կառույցով հետաքրքրված անձանց բացակայությունը:
Իրականություն է, որ կառույցն իսկապես մեծ է, Գյումրու բյուջեով այն պահելն անհնար է, բայց սուտ էր, թե չկան ներդրողներ: Մինչ աճուրդի մասին բարձրաձայնումները հանրային լսում է եղել, ներդրման 3 ծրագիր են ներկայացրել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը, «ՆԵՈՄԵԴ ՊՐՈՎԱՅԴԵՐՍ» ընկերությունն ու գործարար Արա Սարոյանը:
2022-ի մայիսին կայացած հանրային լսմանն Աշոտ Կուրղինյանը ներկայացրել էր 1 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ խոստանալով ստեղծել Գյումրիում մինչև այժմ գոյություն չունեցող առողջապահական հնարավորություններ: Ներդրումային այս ծրագրի գումարը գրեթե այնքան էր, որքան համայնքապետարանի սահմանած աճուրդ-վաճառքի մեկնարկային արժեքն է եղել:
Անկախ ներդրումային ծրագրից՝ Կուրղինյանն այդ շենքում մասնավոր կլինիկայի համար վարձակալած 300 քառակուսի մետր տարածք էլ է ունեցել, 19 միլիոն դրամի հիմնանորոգման աշխատանքներ կատարել, ևս 3 միլիոն դրամ էլ՝ համայնքային բյուջե վարձակալության գումար վճարել:
Հանրային լսման երկրորդ մասնակից «ՆԵՈՄԵԴ ՊՐՈՎԱՅԴԵՐՍ»-ը նախատեսել էր Ճերմակ հիվանդանոցը դարձնել էնդոսկոպիկ վիրաբուժական կենտրոն՝ գինեկոլոգիայի, օնկոլոգիայի, ուրոլոգիայի բաժանմունքներով, պոլիկլինիկայով: Այս ընկերությունը 400 մլն դրամի ներդրումային ծրագիր էր ներկայացրել և նախատեսում էր որպես վարձակալություն 500 հազար դրամ վճարել համայնքապետարանին:
Հանրային լսման երրորդ մասնակից գործարարը նախատեսում էր հիվանդանոցը ծառայեցնել որպես հյուրանոց:
2023 թվականին, երբ ավագանին հաստատել էր աճուրդով օտարելու տարբերակը, չէր հստակեցվել, թե ինչ էր անելու շենքի վարձակալների՝ դեռ չավարտված պայմանագրերի հետ: Կառույցի մի հատվածը վարձակալությամբ տրամադրված է «Կարմիր խաչ» ընկերությանը, որի վարձակալության ժամկետի ավարտին դեռ 10 տարի կար: Շենքի ճակատային մասում «Հայկական կարիտաս»-ին պատկանող ցուցանակ ևս կա: Այսինքն՝ և՛ ներդրողներ կային, և՛ հետաքրքրվածներ, և՛ վարձակալներ:
Այս պատմության մեջ իր ասելիքն ունեցավ նաև ԿԳՄՍՆ-ն: Տեղեկացրեց, որ հուշարձան-շենքի վերաբերյալ գրություն չեն ստացել, և այն օտարելու որոշումը կայացվել է՝ առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու: ԿԳՄՍՆ-ն Գյումրու համայնքապետից պարզաբանում էր պահանջել:
Չկայացած աճուրդ և լռություն
Մայիսին հայտարարված աճուրդն այդպես էլ չկայացավ. մասնակիցներ չեղան: Հանրային լսման ներդրումային ծրագրերի տերերը ևս չմասնակցեցին աճուրդին, նշեցին, թե բարձր գին է սահմանված: Քաղաքապետարանը Աշոտ Կուրղինյանի հետ վարձակալության նոր պայմանագիր չկնքեց՝ տեղեկացնելով, որ աճուրդի որոշում ունեցող շենքի հատվածը չեն ուզում տալ վարձակալության, քանի որ հնարավոր է՝ գնորդ հայտնվի, և վարձակալի հետ անիմաստ պայմանագիր չլինի:
Նոր աճուրդ այդպես էլ չհայտարարվեց: Ճերմակ հիվանդանոցի շուրջ խոսակցությունները դադարեցին, պատմական միջուկում ներդրում անելու ցանկություն ունեցողները դաշտից հեռացան: Տիրեց տևական, անխախտ լռություն:
Պայմանավորվել եմ Ռուսաստանի հետ. Մոսկվայի լավագույն հիվանդանոցների ու պրոֆեսորների հետ համատեղ կաշխատենք
Գյումրու Ճերմակ հիվանդանոցը այժմ մեծապես հետաքրքրում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Ավագանու նիստերից մեկում հայտարարեց, որ թույլ չի տա այն վաճառել, հիվանդանոցի շենքը կմնա քաղաքին: Վերջերս իր թիմի հետ Ղուկասյանը եղել է տարածքում, ծանոթացել վիճակին: Քաղաքապետարանի պաշտոնական էջն էլ տեղեկացնում է, թե տարիներ շարունակ լքված ու անմխիթար վիճակում հայտնված հիվանդանոցը վերականգնման ուղի է մտնում։ Ղուկասյանի հանձնարարությամբ մշակվելու է նախագծային փաթեթ, որի հիման վրա կատարվելու են շենքի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ։
Համբերեք կիմանաք. ի՞նչ ճակատագիր է սպասվում Ճերմակ հիվանդանոցին
Ճերմակ հիվանդանոցի հարցով խիստ մտահոգ Վարդան Ղուկասյանը, «Հայկական ժամանակ»-ի՝ ի՞նչ ճակատագիր է սպասում պատմական նշանակության կառույցին, ի՞նչ աշխատանքներ են մեկնարկելու հարցին ի պատասխան, ասաց. «Համբերեք կիմանաք»:
Ճշտող հարցին՝ այնուամենայնիվ, ի՞նչ գործընթաց է մեկնարկելու, Ղուկասյանը նշեց. «Ֆիքսել ենք, քցել ենք, սաղ երկրով մեկ տարածել ենք: Հիմա մենք մրցույթ ենք հայտարարում, արդեն վերականգնման աշխատանքներ ենք տանում, գումարներով, ամեն ինչով: Մոտ օրերս կիմանաք, համբերի կտեսնես»:
Պայմանավորվել եմ Ռուսաստանի հետ. 50/50 կամ 40/60, կնայենք, թե որս ինչ
Թե շուտով ինչ ենք իմանալու, հավանաբար հայտնի կդառնա հենց շուտով: Վարդան Ղուկասյանն այդպես էլ չհստակեցրեց՝ ովքեր և ինչ աշխատանքներ են իրականացնում կամ իրականացնելու, հիվանդանոցը մասնավո՞ր, թե՞ մեկ այլ հիմունքով է գործելու: Ընդգծեց միայն՝ լինելու է քաղաքապատկան:
Նկատենք, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում գրել էր, որ հիմնելու է քաղաքապատկան բժշկական կենտրոն՝ հագեցած նոր սերնդի լավագույն բուժսարքավորումներով, որտեղ աշխատելու են հրավիրվելու հանրապետության լավագույն բժիշկները: Ըստ նախընտրական ծրագրի՝ ստացված շահույթը ուղղվելու է ծանր առողջական խնդիրներ ունեցող գյումրեցի անապահով անձանց բուժմանը նույն հիվանդանոցում:
Արդեն քարոզարշավի ընթացքում Ղուկասյանը բացեց այլ փակագծեր՝ դրանցից մեկում հայտարարելով ռուսների մասնակցության մասին նաև:
«Պայմանավորվել եմ Ռուսաստանի հետ, Մոսկվայի լավագույն հիվանդանոցների հետ պայմանագիր ենք կնքում, էնտեղի պրոֆեսորներով, իրենց անձնակազմով և էստեղի մեր բժիշկներով բացում ենք հիվանդանոց: Մենք կպայմանավորվենք 50/50 կամ 40/60, կնայենք, թե որս ինչ: Հիվանդանոցը կառուցելու է Գյումրու քաղաքապետարանը»,- 2025-ի մարտին հայտարարել էր Վարդան Ղուկասյանը։
Այսինքն՝ առաջիկայում պարզ կդառնա՝ ռուս պրոֆեսորներն ու հայ մասնագետները համատեղ աշխատելու են նոր կառուցվելիք հիվանդանոցո՞ւմ, թե՞ խոսքը հենց Ճերմակ հիվանդանոցի մասին է: Իսկ եթե Ճերմակ հիվանդանոցի մասին է, հավանաբար Վարդան Ղուկասյանը շուտով, երբ խնամքով թաքցվող տեղեկությունը հանրայնացնի, հնարավոր է և պարզաբանի՝ ինչ են նշանակում ռուսական կողմի հետ պայմանավորվելիք 50/50-ը կամ 40/60-ը:
Բաց մի թողեք
Դե, ի՞նչ ասեմ, թող մյուս այտն էլ դեմ տան Փաշինյանին. Լեւս Դավթյան
Մասնակից մի դարձեք այդ հանցագործություններին․ Գուգարաց թեմի առաջնորդ․ Լուսանկար
Իշխանությունը փորձում է խորքային խնդիրը բառախաղերի դաշտ տանել․ Օրբելյան