23/07/2025

Խոստովանություն․ Ես սիրում եմ Երևանը, որովհետև այստեղ ամեն Աստծո օր արթանում է Հարություն Խաչատրյանը

Սա մի ժամանակ է, որը 24/7 ռեժիմով կրակում է մարդուն՝ ցրիվ տալով նրա բանականությունը։ Ձեռքդ չի գնում, որ գրես, բայց դատավճիռն արդեն հնչել է՝ Homo sapiens-ը խուժում է Կարմիր գիրք։

Մարդը չափազանց ոգևորվեց իր ամենակերությամբ, իր դաստակի բռնող հատկությամբ ու որկրամոլությունն ընտրեց որպես ուղիղ ճանապարհ, մարդը ցնծաց իր ըմպանի և լեզվատակի ոսկրի խորը իջվածքով և աղմուկով, ճամարտակությամբ լցրեց շուրջբոլորը։

Դուք, իհարկե, մեռնում եք, բայց դա չէ ամենակարևորը։ Կարևորն այն է, որ ձեր քաղաքակրթության պատմության վերջին էջը դեռ շրջված չէ, բանականության երբեմնի արձակ դաշտում միայն քամի չի ցանվում, քաղաքական գաճաճներին չի հաջողվել ականապատել մտքի վերջին խոռոչը։

Գտեք լապտերներ և փնտրեք մարդկանց, այն բացառիկներին, որ դեռ տանուլ չեն տվել իրենց բանականությունը, չեն փսորել իրենց ինքնությունը և ամենակարևորը՝ նրանք դեռ հավատում են ձեզ, վստահում ձեր գենետիկ կոդերին։ Այսօր ես ցույց եմ տալիս մեկին՝ Հարություն Խաչատրյան։

Մինչ մենք անհագ լափում էինք տեղեկատվական սադրիչ հոսքերը՝ ասում, խոսում, ճտպտում՝ օրեցօր խճճելով մեր ինքնության թելերը, այս մարդն անաղմուկ կարդում ու թարգմանում էր նոր ժամանակը՝ քաոսից գեղագետ կյանք արարելով։

May be an image of 2 people, suit and hat

Քաղաքական հին ու նոր շուլերների թուքումրի, պառաված դիսպուտների մեջ չկա ու չի կարող առողջ կյանքի նշույլը երևալ՝ եթե դեռ ողջ եք, թաղեք այդ մեռելներին։

Ես սիրում եմ Երևանը, որովհետև այստեղ ամեն Աստծո օր արթանում է Հարություն Խաչատրյանը, մարդ, ով կարողացավ զրոյական կինոինդուստրիա ունեցող երկիրը միջազգային կինոտարածություն դարձնել, իմ քաղաքին ամեն ամառ ոսկե ծիրանի հագցնել։

Մեռնողներս այստեղ՝ մեկ բացառիկ մարդու երազներում կարող ենք ապրել, այստեղից ապաստան հայցել՝ ապավինելով այդ բացառիկների ոչ միայն գիտակցական, այլև՝ հենց ենթագիտակցական հոսքին, որովհետև նա գիտի, ինչ է անում։ Եվ ոչ այն պատճառով, որ նա ամենախելոքն է․ երկինքն ու երկիրը նրա հետ են, ով իր կյանքի ողջ մանրամասնությամբ վաստակել է լավ ու սիրուն գործեր հեղինակելու բարոյական իրավունքը։ Ով մահապարտի պես, կաթվածի վրայով թռչելով կարող է անդադար աշխատել, ով չի մանրել մարդկային, մասնագիտական և նաև տղամարդկային պատիվը, ում իմաստությունը բավարարում է՝ գարշանքի մեզ ծանոթ տարածությունն անցնել ածելիների վրայով՝ մի բիծ չթողնելով ազնվական ճերմակ կոստյումի ու ցիլինդրի վրա։

Ես ամեն օր իմ մտքում ծափահարում եմ այս մարդուն, նրան, ում երբեք չես բռնացնի հայրենասիրական ճառասացության վրա՝ հանցանքի այն վայրում, ուր քարշ են գալիս մասնագիտությունից զուրկ ձախողակները։ Ես երբեք էլ չէի իմանա, որ Հարությունի թոռը պատերազմի ամենաթեժ գոտում էր, եթե այնտեղ աչքովս չտեսնեի նրան։ Ես փորձում եմ, թեկուզ՝ կցկտուր, բայց ամեն դեպքում ասել, թե ինչից է սկսվում մարդու հաջողության պատմությունը։

Փառատոնի օրերին ես ապշում էի, երբ այս մարդն ինձ էր զանգում՝ դրսի ու ներսի հազարավոր քմահաճ աստղերի հոգսերի տակ կքած, երբեմն՝ միտումնավոր չէի պատասխանում զանգերին, որ մի ավելորդ անգամ չծանրաբեռնեմ իրեն, բայց արի ու տես․․․․․երկինքը բարձրացնում է նրան, ում ոտքերը երբեք չեն պոկվում հողից, նրան, ով գիտի մարդու տեղը և իր հաղթության դափնիները չեն փակում հորիզոնը՝ տեսնելու ամենապարտվածին, ամենաետինին՝ վերջինների մեջ։

Պահիր քո մարդկային, քո մասնագիտական սահմանը՝ արթուն շուն դարձիր քո տարածքում, տեսնեմ երկիրդ կմնա՞ անպաշտպան, տեսնեմ, քոռ գնդակը կգնա՞ դեպի մեր երեխաների սիրտը։ Մարդու բանականության հետ բառերն էլ մեռան, Հարություն Խաչատրյանն ավելի մեծ սիրո է արժանի ….

ՎԱՐԴ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջի գրառումը

Golden Apricot Yerevan International Film Arpa International Film Festival

🎬Հայտնի են 22-րդ Ոսկե ծիրանի հաղթողները….

📌Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ

• Ոսկե ծիրան
Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ
• Արծաթե ծիրան
Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի
• Հատուկ հիշատակում
Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա

📌Ծիրանի կորիզ
• Ոսկե ծիրան
Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան
• Արծաթե ծիրան
Օձի ապուրը, ռեժ․ Զաք Դեմիրճյան
• Հատուկ հիշատակում
Աշխարհը մերն ա, ռեժ․ Արեգ Ազատյան

📌FIPRESCI-ի մրցանակ
• Այշան չի կարող թռչել հեռանալ, ռեժ․ Մորադ Մոստաֆա

📌Տարածաշրջանային մրցույթ
•Ոսկե ծիրան
Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր, ռեժ․ Սեպիդե Ֆարսի
• Արծաթե ծիրան
Թեհրան․ անավարտ պատմություն, ռեժ․ Սայիդ Նուրի
• Հատուկ հիշատակում
Տիգրիս գետի առյուծները, ռեժ․ Զարդաշտ Ահմեդ