Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», որի անձեռնմխելիության պայմանի մասին երկար ժամանակ հավաստիացումներ էր շռայլում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հանձնված է:
Ադրբեջանաթուրքական կողմը անունը դնում է «Զանգեզուրի միջանցք», հայկական կողմը՝ «Խաղաղության խաչմերուկ», բայց դրանից բովանդակությունը չի փոխվում: Փաստը մնում է փաստ, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանության մի պատկառելի հատված, ինչը հղի է խիստ վտանգավոր հետեւանքներով, իսկ դարավոր թշնամիները շահում են. Ադրբեջանը ստանում է Սյունիքով Նախիջեւանին կապող արտատարածքային ճանապարհ, Թուրքիան՝ Կենտրոնական Ասիա դուրս գալու իրական հնարավորություն:
Կա տարածված տեսակետ, թե «Միջանցքի» հանձնման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել հունիսի 19-20-ը ՀՀ վարչապետի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ եւ շարունակվել է Աբու Դաբիում տեղի ունեցած՝ Ալիեւ-Փաշինյան բանակցություններում:
Բայց արժե Թուրքիա այցի շրջանակում՝ նախ համառոտակի անդրադառնալ Ստամբուլում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանի ելույթի մի քանի ուշագրավ դրվագների:
Ի դեպ, հենց այդ հանդիպման ժամանակ նա բերանից թռցրեց, որ մտադիր է «Միջին միջանցքի» շուրջ սեփական տեսլականն ու մտածումները կիսել Էրդողանի հետ եւ հստակեցնել իր հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ նրա դիրքորոշումը:
Փաշինյանը, մասնավորապես, ասել է. ««Խաղաղության խաչմերուկ» ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն լիարժեքորեն ներգրավում է Թուրքիայի կողմից պաշտպանվող ու առաջ մղվող «Միջին միջանցքի» նախագծում:
Եվ գոնե ինձ համար ակնհայտ է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է «Միջին միջանցք» ծրագրի մաս լինել, եւ ես այսօր, վստահաբար, այդ թեմայով կխոսեմ նախագահ Էրդողանի հետ»: Դրանից ընդամենը մի քանի օր անց Էրդողանը գովաբանեց պաշտոնական Երեւանին՝ հայտարարելով. «Թեպետ Հայաստանը սկզբում հանդես էր գալիս «Զանգեզուրի միջանցքի» դեմ, այժմ տնտեսական ինտեգրացման գործընթացին մասնակցելու հարցում ցուցաբերում է ավելի ճկուն մոտեցում»։
Վերջին շրջանում Թուրքիան եւ Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում հաճախ էին սկսել շահարկել «Զանգեզուրի միջանցքի» թեման՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե այն, իբր, էական նպաստ է բերելու Արեւելք-Արեւմուտք առեւտրաշրջանառությանն ու բեռնափոխադրումներին։
Բայց՝ դատելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի տնտեսական արդյունավետությունից, «Լույս» վերլուծական կենտրոնի փորձագետները հանգել են եզրակացության, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը տնտեսական տեսանկյունից որեւէ էական արժեք չի ներկայացնում։
Փաստորեն այն զուտ քաղաքական նախագիծ է, որը միտված է Թուրքիայի եւ Ադրբեջանի պանթուրանական, աշխարհաքաղաքական շահերի ու ծրագրերի սպասարկմանը:
Միանգամայն հասկանալի է, որ ՀՀ ինքնիշխան տարածքով՝ Մեղրիով անցնող միջանցքի կամ, Արեւմուտքի եզրաբանությամբ ասած, «Միջին միջանցքի» շահառուները միայն Թուրքիան ու Ադրբեջանը չեն, դրանց թվում մեկ տասնյակի չափ պետություններ կան ներգրավված՝ Չինաստան, Իրան, Ռուսաստան եւ եվրոպական մի շարք երկրներ: Խնդրո առարկա պետությունները՝ այդ թվում թուրք-ադրբեջանական տանդեմը, լավ են գիտակցում, որ «Միջանցքը» Հայաստանի համար խիստ զգայացունց թեմա է, հետեւաբար, ժողովրդի ցասումը չբորբոքելու համար, ըստ հայկական մամուլ սպրդած մի աղբյուրի, փորձելու են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում բառեզրերը հնարավորինս «զգույշ» գործածել:
Մասնավորաբար՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը կփոխարինվի պարզապես «Հաղորդակցության ուղիների ապաշրջափակում» ընդհանուր դրույթով, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հիմք ունենա հանրությանը մոլորեցնել, թե տեսա՞ք, ոչ մի միջանցք էլ չտվինք:
Հաջորդ աճպարարությունը կլինի առաջիկայում ԵՄ-ի հետ Փաշինյանի ստորագրած մի փաստաթուղթ, որում կարձանագրվի. «Սյունիքով անցնող կապուղիները բացվում են ՀՀ-ԵՄ փոխգործակցության եւ «Միջին միջանցք» ծրագրի շրջանակներում»:
Համաձայնագրի տեքստում 1-2 տեղ կօգտագործվի «Խաղաղության խաչմերուկ» անվանումը՝ իբրեւ ՔՊ-ական խմբակի «էրված սրտի» մխիթարանք: Իրականում բացվող «Միջանցքը» Թուրքիայի մեծ երազանքի՝ Թուրանի ճանապարհն է:
Բաց մի թողեք
Հայաստան – Ադրբեջան կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել ԱՄՆ-ը, իսկ ԵՄ-ն ․․․
Ոչ ոք չէր հաշվելու՝ իմպիչմենտի «հատուկ գործողությանը» 50 մա՞րդ է մասնակցել, թե՞՝ 50 հազար
Ինչո՞ւ չի ընդունում Բաքու – Ղազախ – Իջևան – Երասխ երթուղին, այլ պնդում է, որ պետք է բացվի Սյունիքի անցուղին