Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը: Այն տարածվում է մի քանի ֆիզիկական անձանց, այդ թվում՝ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի և քառասունմեկ իրավաբանական անձանց նկատմամբ:
ՌԻԱ-Նովոստին փոխանցում է, որ պատժամիջոցների ենթակա քառասունմեկ իրավաբանական անձանցից տասնութը գրանցված են այլ երկրներում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Մավրիկիայում, Սինգապուրում, Չինաստանում, Հնդկաստանում և Ադրբեջանում:
Խոսքն Ադրբեջանում գրանցված քանի՞ և ի՞նչ պրոֆիլի իրավաբանական անձանց մասին է, ռուսաստանյան լրատվամիջոցը չի մանրամասնում: Դատելով ՌԴ տարածքում պատժամիջոցների ենթակա իրավաբանական անձանց անվանումներից՝ Եվրամիության «թիրախի տակ են հայտնվել» ռազմաարդյունաբերական համալիրի կամ դրա հետ սերտորեն կապված ձեռնարկություններ:
Ըստ երևույթին՝ Ռուսաստանն Ադրբեջանի տարածքում նույնպես նման արտադրական հզորություններ ունի: Թե ինչպես է կարգավորվելու խնդիրը, դժվար է կանխատեսել: Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել նաև Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նկատմամբ:
Այս ոլորտում նույնպես ռուս-ադրբեջանական համագործակցություն կա, Ադրբեջանի «ստվերային նավատորմը» տարբեր երկրներ ռուսաստանյան նավթ է արտահանում որպես սեփական արտադրանք:
Նույն օրն Իսրայելի կառավարությունը որոշել է անորոշ ժամկետով դադարեցնել Էյլաթ նավահանգստի շահագործումը: Դա պայմանավորված է Եմենի հութիների կողմից հրեական պետության «ծովային դարպասի» դեմ անընդմեջ հարձակումներով, ինչի պատճառով Կարմիր ծովում նավագնացությունը խիստ սահմանափակվել է:
Ադրբեջանի համար Էյլաթի նավահանգստի փակումը ցավոտ կլինի, քանի որ Իսրայել մատակարարվող նավթի մի զգալի մասը թուրքական Ջեյհան նավահանգստից լցանավերով տեղափոխվում է Էյլաթ, որտեղ առկա է պահեստարանային մեծ թերմինալ:
Կա, իհարկե, նավթը Ջեյհանից Հայֆա տեղափոխելու հնարավորություն, բայց Հայֆայի նավահանգստի հնարավորությունները մեծ չեն, բայց այդ քաղաքը զբոսաշրջային է, և լցանավերի մուտքն այնտեղ կարող է խնդիրներ առաջացնել:






Բաց մի թողեք
Պուտինը Ալիևին նոր արտոնություն կշնորհի
Ադրբեջանն էլ «կկրճատի պարտադիր զինծառայության ժամեկտը»
ԱՄՆ ամբողջությամբ իր հովանու ներքո է վերցնում Ադրբեջանը