Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի խորտակման հետ կապված՝ պատրաստվում է «միջազգային դատական ատյաններին փաստաթղթեր ներկայացնել»: Նա ասել է, որ Բաքուն տեղյակ է կատարվածի մանրամասներին և կարող է ապացուցել, որ մարդատար օդանավը խոցվել է Ռուսաստանի ՀՕՊ համակարգի կողմից:
Ալիևը հիշեցրել է, որ մալայզիական «Բոինգի» կործանման հարցի քննությունը տևել է տասը տարի: «Ոչինչ, մենք կսպասենք տասը տարի, մինչև արդարությունը կհաղթի»,- հավաստիացրել է Ադրբեջանի նախագահը:
Ավելի վաղ, երբ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մալայզիական «Բոինգի» խորտակման մեղավոր է ճանաչել Ռուսաստանին, իսկ աղետը տեղի է ունեցել Ուկրաինայի Դոնեցկի մարզի օդային տարածքում, մենք հարցադրում էինք արել, թե արդյոք Ալիևը կհետևի՞ Ուկրաինայի և Նիդեռլանդների օրինակին և Ռուսաստանին մեղավոր ճանաչելու հայցով կդիմի՞ միջազգային դատական ատյաններին:
Ինչպես տեսնում ենք, նման մտադրություն Ալիևը հնչեցրել է: Բայց միջազգային ո՞ր դատական ատյանին կարող է նա դիմել:
Տարեսկզբին նա հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի իրավազորությունը չի ճանաչում, քանի որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները դադարեցված են, դատավորների ընտրությանն Ադրբեջանը չի մասնակցել:
Ալիևը չի կարող դիմել Հաագայի դատարան, քանի որ այդ դատարանի երկու վճիռները՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու և Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքը երաշխավորելու մասին չի կատարել և կատարելու մտադրություն էլ չունի:
Իհարկե, չի կարելի բացառել, որ թե՛ ՄԻԵԴ-ը, թե՛ Հաագայի դատարանը կամ նույնիսկ Միջազգային քրեական դատարանը, որ Ռուսաստանի նախագահի ձերբակալության օրդեր է տվել, կարող են շահագրգռված լինել, որ Պուտինի դեմ ևս մի հայց վարույթ ընդունեն, բայց Ադրբեջանը Հռոմի ստատուտի անդամ չէ և Միջազգային քրեական դատարանին դիմելու իրավունք չունի:
Ավելի հավանական է թվում, որ նա Պուտինի դեմ քաղաքական բլեֆ է կիրառում: Ըստ երևույթին՝ Ռուսաստանում ադրբեջանական քրեաօլիգարխիկ խմբավորումների դեմ ՌԴ Քննչական կոմիտեի և հատուկ ծառայությունների գործողությունները հասել են մի սահմանի, որտեղ շոշափվում են արդեն Իլհամ Ալիևի և ընտանիքի բիզնես շահերը:
Թվում է՝ Ալիևը նման հայտարարություն արել է ավելի շատ հուսահատությունից մղված: Նվազ հավանական է, որ նա բացահայտ անցնի հակապուտինյան ճամբար: Դա անձամբ նրան կարող է շատ թանկ արժենալ:
Բաց մի թողեք
Առաջին ապտակը ստացան ու ստիպված են լինելու հետեւություններ անել
Ալիևի ասածն ու տեղից արձագանքները՝ դառնանք «մեր ոչխարներին»
Հայաստանի նկատմամբ Ալիևի վերաբերմունքը պարզ է, իսկ ի՞նչ է նա առաջարկում Վրաստանին