09/11/2025

Գուցե Պուտինը հրաժարվի՞ Հարավային Կովկասի պահնորդությունից

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի անձնական հանդիպումն անպայման կկայանա, այդ ժամանակ նախագահները կարող են արձանագրել խոշոր պայմանավորվածություններ: Այդ մասին Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է «Ռոսիա 1»-ի լրագրող Զարուբինինին, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

«Հնարավոր է, այդ հանդիպումն անհրաժեշտ լինի, որպեսզի ամրագրվեն ինչ-որ խոշոր համաձայնություններ, որ ձեռք կբերվեն ժամանակի ընթացքում, երբ կատարված կլինի հսկայածավալ աշխատանք, բայց առայժմ դրա ժամանակը չէ, այդ աշխատանքը դեռևս պետք է կատարվի»,- ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը:

Պեսկովը Թրամփ-Պուտին վերջին հեռախոսազրույցը բնութագրել է որպես «իրենց դիրքերում ամուր կանգնած, բայց միմյանց լսելու պատրաստ պրագմատիկ մարդկանց խոսակցություն»: Նրա գնահատմամբ՝ ուկրաինական կարգավորումը «բարդ և երկարատև գործընթաց է, որ մեծ ջանքեր է պահանջում, և Վաշինգտոնում դա ավելի լավ են սկսել հասկանալ»:

Պեսկովի բնորոշմամբ՝ Թրամփն աշխարհի խոշորագույն երկրի նախագահն է, որ խոշորագույն տնտեսություն ունի, գումարած, որ բոլորն արդեն վարժվել են նրա բավական կոշտ և միագիծ հռետորաբանությանը, բայց նա միաժամանակ հավաստիացնում է, որ մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի աջակցի ուկրաինական խաղաղ կարգավորմանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահին, ապա Պեսկովի խոսքերով նա բազմիցս խոսել է Ուկրաինայում իրավիճակը խաղաղ հուն հնարավորինս արագ տեղափոխելու ցանկության մասին, Ռուսաստանը պատրաստ է այդ գործընթացում արագ առաջ շարժվել, բայց Մոսկվայի համար գլխավորն իր նպատակներին հասնելն է, իսկ դրանք փոփոխության չեն ենթարկվել, հասկանալի են և ակնհայտ:

Պեսկովն այս հայտարարություններն արել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու կողմից սոցիալական X հարթակում գրառումից հետո: Զելենսկին հրապարակայնացրել է, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ռուստեմ Ումերովը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է եկող շաբաթ կազմակերպել ընդհատված բանակցությունների երրորդ փուլը:

Ավելի վաղ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ևս մեկ փուլ հյուրընկալելու պատրաստակամություն Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում արտահայտել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հուլիսի 3-ի հեռախոսազրույցն ավարտվել է անարդյունք:

Այս իրավիճակում ի՞նչ կարող են տալ ռուս-ուկրաինական երրորդ փուլով բանակցությունները: Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի խոսքի ենթատեքստից հասկացվում է, որ հանուն Ուկրաինայում առաջադրված նպատակների իրականացման Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ին «մեծ գործարք առաջարկել»:

Ինչի՞ մասին է խոսքը՝ բարդ է կռահել: Գուցե Պուտինը հրաժարվի՞ Հարավային Կովկասի պահնորդությունից: