Վերջին երկու ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքի թոփ-թեման Ազգային ժողովում վարչապետին անվստահության հայտնելու «նախաձեռնությունն» էր (այդ մասին արդեն վստահաբար կարելի է անցյալ ժամանակով խոսել):
Վարչապետի միասնական թեկնածուի ինչ անուններ և ինչպես շրջանառվեցին, հարցն օրակարգ բերելու ստորագրահավաքի շուրջ ինչ «կրքեր բորբոքվեցին»՝ բանը հասցնելով ինստիտուցիոնալ ընդդիմության երկու թևերի միջև «բաժանարարի» և տեղեկատվա-քարոզչական «անզիջում փոխհրաձգության»՝ հիշեցնելու կարիք, կարծես, չկա:
Այդ կերպ տպավորություն ստեղծվեց, թե ընդդիմությունը «միասնական չէ», երկու թևերի փոխադարձեցին «Նիկոլին դուք եք բերել և պահում եք» մեղադրանքներ, արտախորհրդարանական որոշ ուժեր էլ շտապեցին հավատարմություն հայտնել կամ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցության առաջնորդներին, և պատկերն ավելի խճճվեց:
Ինչո՞ւ իմպիչմենթի սահմանադրական գործընթաց չսկսվեց: Այս հարցի պատասխանը միանշանակ չէ, բայց որոշակի եզրակացության կարելի է գալ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետևյալ դիտարկումից:
«…Եթե Սահմանադրություն խախտող անձը (վարչապետ Նիկոլ Փաշինյանը) չի կատարում կարևորագույն սահմանադրական պահանջը, չի տալիս հրաժարական, ավելին՝ բռնություններով պահում է այդ իշխանությունը, ապա ըստ էության՝ վրա է հասնում ժողովրդի կողմից իր իսկ իշխանությունը ստանձնելու սահմանադրական պարտականությունը»:
Այս միտքը կամ տեսակետը որքանո՞վ է սահմանադրական կամ՝ ոչ, այլ տիրույթի հարց է, գնահատական կարող են տալ սահմանադրագետները: Քաղաքական առումով ուշագրավ է, որ այն փաստացի «համաժողովրդական ապստամբության իրավունքի» հիմնավորում է, որ ոչ մի առումով ակտուալ չէր լինի, եթե ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմությունը, Եկեղեցին և օլիգարխիան միավորվեին վարչապետի թեկնածուի հարցում և իմպիչմենթի նախաձեռնությունը մտներ Ազգային ժողովի օրակարգ և կամ ՔՊ-ն այդ նիստը բոյկոտեր, կամ մասնակցեր և դեմ քվեարկեր:
Իմպիչմենթի մասին խոսելիս գրեթե բոլորն էին պնդում, որ առանց «փողոցի ճնշման ոչինչ չի ստացվի»: Ըստ երևույթին, հաշվարկվել է, որ «կրիտիկական մասսա» հավաքել հնարավոր չէ, իսկ փոքրաթիվ ցուցարարներին ոստիկանությունը կարող է շատ արագ մեկուսացնել:
Կարող էին, իհարկե, հրահրել լոկալ բախումներ, բայց Երևանը և ամբողջ հանրապետությունը «կաթվածահար անել» ակնհայտորեն չէր հաջողվի: Ընդհակառակը, քաղաքական վերջին՝ «համաժողովրդական ապստամբության իրավունքի» խաղաքարտը կմարվեր:
Իսկ առանց իմպիչմենթի նախաձեռնության «համաժողովրդական ապստամբությունը», կարծես, հնարավոր է դիտվել այն իմաստով, որ «կաբինետներից ականջները բռնելուց-դուրս շպրտելուց» և տեղը «միասնական թեկնածուին բազմեցնելուց» հետո ոչ ոք չէր հաշվելու՝ «հատուկ գործողությանը» հիսուն մա՞րդ է մասնակցել, թե՞՝ հիսուն հազար: Հաղթողներին չեն դատում:
Բաց մի թողեք
Հայաստան – Ադրբեջան կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել ԱՄՆ-ը, իսկ ԵՄ-ն ․․․
«Միջանցքը» Հայաստանի համար խիստ զգայացունց թեմա է, հետեւաբար, ժողովրդի ցասումը չբորբոքելու համար …
Ինչո՞ւ չի ընդունում Բաքու – Ղազախ – Իջևան – Երասխ երթուղին, այլ պնդում է, որ պետք է բացվի Սյունիքի անցուղին