24/07/2025

Պուտինի «շքեղ նվերն» Ալիևի կողմից ինչպե՞ս է ընդունվել

Օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեղեկատվա-քարոզչական «բենեֆիսին» տարբեր երկրներից լրագրողներ են մասնակցել:

Որքանո՞վ է դա բարոյական արտաքին քաղաքականության առումով՝ այն կառավարությունների խնդիրն է, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար Իլհամ Ալիևին շնորհավորել են և դա գնահատում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և լիակատար ինքնիշխանության վերականգնում»:

Լրագրողական այդ «բոմոնդում» արտառոցը Ռուսաստանի ՏԱՍՍ պետական գործակալության երկարամյա առաջին փոխտնօրեն Միխայիլ Գուսմանի ներկայությունն էր: Միխայիլ Սոլոմոնիչը ծնունդով Բաքվի հրեա, ավարտել է Ադրբեջանի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը, կուսակցական բարձրագույն դպրոցը, կարիերայի համար պարտական է Հեյդար Ալիևին:

Բայց նա օկուպացված Ստեփանակերտում ներկայացրել է Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունը, ուրեմն և պաշտոնական Մոսկվային: Ընդ որում՝ դա տեղի է ունեցել մի փուլում, երբ Կրեմլի քարոզչամիջոցներից մեկի՝ «Ռուսաստանն այսօր» մեդիահոլդինգի «Սպուտնիկ Ադրբեջան» դուստր կառույցի երկու աշխատակից գտնվում եմ ադրբեջանական բանտում:

Օկուպացված Ստեփանակերտում, գոնե լրագրողական համերաշխության բերումով, Ռուսաստանի ոչ մի լրատվամիջոց Իլհամ Ալիևի քաղաքական «շնորհանդեսին» չպետք է ներկա գտնվեր:

Բայց Մոսկվան այնտեղ է գործուղել ՏԱՍՍ-ի առաջին փոխտնօրենին, որ տասնամյակներ շարունակ այդ գործակալության միջոցով Բաքվի իշխանությունների, ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցության շուրջ տեղեկատվա-քարոզչական գերդրական ֆոն է ապահովել:

Եվ ի՞նչ: Պուտինի այդ «շքեղ նվերն» Ալիևի կողմից ինչպե՞ս է ընդունվել: Բացարձակ անտարբերությամբ: Կարելի է անգամ ասել՝ Գուսմանի ներկայությունը հակառակ էֆեկտն է տվել: Ալիևն Ուկրաինային խորհուրդ է տվել երբեք չհաշտվել տարածքային ամենաչնչին կորուստի հետ, պայքարել, որպեսզի վերականգնվեն 1991 թվականի դրությամբ սահմանները, իսկ Պուտինին սպառնացել է Բաքու-Գրոզնի օդանավի կործանման հարցով դիմել միջազգային դատական ատյանների:

Կդիմի՞ Ալիևը, նրա հայցը կընդունվի՞, քննության կառնվի՞, բոլորովին այլ հարցեր են: Գլխավորն այն է, որ Ադրբեջանի նախագահը միջազգայնորեն հեղինակազրկել է Վլադիմիր Պուտինին: Դա Ռուսաստանի՝ որպես աշխարհաքաղաքական որոշիչ դերակատարության ձգտող երկրի ամոթն է:

Մոսկվան ինչպե՞ս է «երեսի թուքը մաքրելու», ի՞նչ ընթացք ու դրսևորումներ են ունենալու ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Այս հարցերն ուշադրության արժանի են այն իմաստով, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում ռեանիմացվում է Հայաստան-Ադրբեջան կարգավորումը Մոսկվայի «արբիտրաժին վերապահելու» քարոզչությունը, որի շուրջ է, կարծես, կանխածրագրվում նոր կոնսոլիդացիան կամ «երրորդ բևեռի կազմավորումը»:

Ընդ որում, գործող իշխանությունների հասցեին հնչող ամենատարածված քննադատությունն այն է, որ Հայաստանը «վերածվում է աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցության հարթակի»:

Ռուսաստանի դեմ Ալիևի դեմարշից կարելի է ենթադրել, որ նա Ուկրաինայում Ռուսաստանի վճռական հաղթանակին չի հավատում կամ նրան ներշնչել են, որպեսզի չհավատա:

Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության համար իրավիճակի վտանգավորությունը նրանում է, որ հանրության մի հատված կարող է տրվել Ռուսաստանի կողմից «Ադրբեջանին պատժելու անխուսափելիության» քարոզչության գայթակղությանը:

Ռուսաստանի համար դա կլինի ամոթ մաքրելու բացառիկ հնարավորություն, բայց փորձության կենթարկվի Հայաստանի պետական շահը: