22/07/2025

Սյունիքի «անցուղու» շուրջ վերջին քննարկումներին Թեհրանը մոտենում է առնվազն ընկալումով

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բաղային հայտնել է, որ հուլիսի 21-ին Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենիի գլխավոր խորհրդական Ալի Լարիջանին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Պաշտոնական հաղորդագրության տեքստում ուշադրություն է գրավում այն, որ կողմերը քննարկել են «տարածաշրջանում վերջին երեք-չորս շաբաթներին ստեղծված իրավիճակը»:

Նշված ժամանակահատվածում տարածաշրջանային ամենաէական իրադարձությունը, թերեւս, օկուպացված Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մասնակցությունն էր, եթե նկատի ունենանք, որ այդ միջոցառման կազմակերպիչը Թուրքիան է:

Բայց Լարիջանիի Մոսկվա այցի գլխավոր ինտրիգը նրանում է, որ նա, լինելով Իսլամական հեղափոխության առաջնորդ Խամենիի գլխավոր խորհրդականը, Վլադիմիր Պուտինին ներկայացել է իբրև Իրանի նախագահ Փեզեշքիանի հատուկ բանագնաց և նրա անունից է գրավոր ուղերձ փոխանցել Ռուսաստանի նախագահին:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան տասներկուօրյա պատերազմից հետո տպավորություն է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ Խամենիի և նախագահ Փեզեշքիայի միջև տեղի է ունենում «լիազորությունների վերաբաշխում», երկրի համար կարեւորագույն նշանակության հարցերում, կարծես, նախագահը հանդես է գալիս որպես «առաջին դեմք»:

Ու՞մ է Մոսկվայում ներկայացրել Ալի Լարիջանին, երկրի հոգևոր առաջնորդի՞ն, թե՞՝ աշխարհիկ նախագահին, Թեհրանում ո՞վ է աշխարհաքաղաքական, Իրանի համար ռազմավարական նշանակության որոշումներ կայացնում:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը պաշտպանել է ամերիկա-իսրայելական տեսակետը, որ Իրանը չպետք է ուրանի հարստացման ազգային ծրագիր իրականացնի: Միջազգային մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ռուսաստանը պատրաստ է «ընդունել հասրտացված ուրանի իրանական պաշարները»:

Հրապարակային խոսույթում Թեհրանն այդ առաջարկությունը չի ընդունել և շարունակում է պնդել, որ խաղաղ նպատակներով ուրանի հարստացման իրավունքից չի հրաժարվի:

Լարիջանին Փեզեշքիանից ի՞նչ ուղերձ է փոխանցել Պուտինին: Արդյոք Թեհրանն անդրադարձել է նաև Սյունիքում հաղորդուղիների բացման և Ադրբեջանի տարածքով «Հյուսիս-հարավա միջազգային տրանսպորտային միջանցքի» գործարկման հարցերի՞ն:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահի հայտարարություններից դատելով՝ Մոսկվա-Բաքու սկզբունքային երկխոսության հեռանկար դժվար է պատկերացնել:

Չնայած իրողությանը, որ մեկ ամսում Իրանի և Ադրբեջանի նախագահները երկու անգամ անձնական շփում են ունեցել, շատ բարդ են նաև Բաքու-Թեհրան հարաբերությունները:

Ուշագրավ է, որ Լարիջանիի Մոսկվա ուղևորության նախօրյակին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիայի հեռախոսազրույցը, Փաշինյանը Փեզեշքիանին Երևան այցի հրավեր է փոխանցել:

Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո Հայաստանում Իրանի դեսպանի հարցազրույցից տպավորություն է ստեղծվում, որ Սյունիքի «անցուղու» շուրջ վերջին քննարկումներին Թեհրանը մոտենում է առնվազն ընկալումով:

Այդ հարցում Իսլամական հեղափոխության առաջնորդի և աշխարհիկ նախագահի մոտեցումները նույնակա՞ն են: Ինչո՞ւ Ռուսաստանի նախագահին ուղերձ է հղվել ոչ թե «Ռահբարի», այլ՝ Մասուդ Փեզեշքիանի անունից: Թեհրանը «պահուստային տարբերա՞կ» է պահում: