23/07/2025

ԱՄՆ ամրանում է Հարավային Կովկասում, որտեղից Ռուսաստանը դուրս կմղվի

Մինչ աշխարհում անչափ աճել է գլոբալ լարվածությունը, 43 կիլոմետր երկարությամբ հայկական հողաշերտը կարո՞ղ է արդյոք դառնալ ԱՄՆ խորամանկ քայլն ընդդեմ Մոսկվայի եւ Թեհրանի՝ գրում է Forbes-ը, անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքը» 100 տարով վարձակալելու ամերիկյան առաջարկին:

Նշվում է նաեւ, որ այդ միջանցքով կարող է տարեկան 50-100 միլիարդ դոլարի առեւտուր իրականացվել, սակայն այն կարող է նաեւ Կովկասում նոր սառը պատերազմի պատճառ դառնալ։ Ըստ Forbes-ի հոդվածի, ԱՄՆ-ն բարձր ռիսկայնության դիվանագիտական խաղի կենտրոնում է հայտնվել, որը կարող է արմատապես փոխել էներգետիկ հոսքերը դեպի Եվրասիա։

Այդ «հավակնոտ առաջարկի» շնորհիվ Վաշինգտոնը ձգտում է հաղթահարել բազմամյա փակուղային իրավիճակը եւ դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումը դեպի Եվրոպա՝ խլելով Ռուսաստանից եւ դիմակայելով Ռուսաստան-Չինաստան-Իրան աճող ազդեցությանը՝ այդ կարեւոր հատվածում։

Սա նաեւ ԱՄՆ-ի հեռուն գնացող հավակնության մասին է խոսում, որը կապված է ողջ հարավկովկասյան ռեգիոնում վերահսկողություն հաստատելու եւ այնտեղից Ռուսաստանին հեռացնելու հետ։

Պատմականորեն Ռուսաստանի հսկողության տակ գտնվող ռեգիոնում այժմ շրջադարձային փոփոխություններ են սպասվում, եւ այն կարող է դուրս գալ ռուսական հսկողությունից, ինչը, ըստ հրապարակման, ավելի ակներեւ դարձավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը չկարողացավ պաշտպանել իր դաշնակից Հայաստանին՝ Ադրբեջանի կողմից 2023 թ. սեպտեմբերին ԼՂ-ի նկատմամբ հարձակման ժամանակ, որից հետո Ռուսաստանի՝ որպես Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորի հանդեպ վստահությունը խաթարվեց։

Հայաստանը ռուսական կողմի կեցվածքը համարեց դավաճանություն, եւ ռուսների հանդեպ վստահության կորուստը խթանում է, որ Հայաստանը շրջվի դեպի Արեւմուտք։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանն ընդունել է օրենք՝ ԵՄ անդամակցության մեկնարկի մասին, իսկ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործակցության խարտիա կա։ ԱՄՆ-ն այս իրավիճակում աննախադեպ հնարավորություն է ստանում՝ իր ազդեցությունը տարածելու ռեգիոնում։ Հատկապես որ ՌԴ-ի դեմ տնտեսական սանկցիաներ կան։

Իսկ Կովկասի մասով ամերիկյան ներկայացուցիչ Լուի Բոնոն առաջարկել է միջանցքի հանդեպ սահմանել միջազգային հսկողություն, ինչպես դա եղել է Պանամայի ջրանցքի պարագայում կամ սառը պատերազմի տարիներին՝ բեռլինյան միջանցքների պարագայում։ Համաշխարհային բանկի կարծիքով, միջանցքը կարող է առեւտրի ծավալներն ավելացնել մինչեւ 50-100 միլիարդ դոլար։

Bloomberg-ը նշում է, որ եթե միջանցքը գործի, Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տարանցման ժամանակը կկրճատվի 12-15 օրով։

Կանխատեսումների համաձայն, առաջիկա 5-10 տարվա ընթացքում լոգիստիկ ենթակառուցվածքների վրա կծախսվի 3-5 միլիարդ դոլար, իսկ Oxford Economics-ը գրում է, որ տարեկան հնարավոր կլինի տնտեսել 20-30 միլիարդ դոլար։

Բայց Բաքվի եւ Երեւանի տեսակետները դեռ անհամատեղելի են` Ադրբեջանը պահանջում է անխոչընդոտ միջանցք, Հայաստանն ինքնիշխանության զիջման հարցում է դեմ։ «Վարձակալության» մասին ԱՄՆ առաջարկը ստեղծագործ մոտեցում է, որով փորձում են փակուղուց դուրս գալ` Բաքվին առաջարկելով անվտանգության երաշխիքներ, իսկ Երեւանին՝ անվանական կերպով ինքնիշխանության պահպանում։

Forbes-ը նկատում է, որ եթե ամերիկյան նախագիծը կյանքի կոչվի, ապա Իրանը կկորցնի իր տարանցիկ դերակատարման 20-30 տոկոսը, կխաթարվեն ավանդական առեւտրային ուղիները, եւ այն 43 հազար թուրքական բեռնատարները, որոնք ամեն տարի գնում են դեպի Կենտրոնական Ասիա` Իրանով, այլ ուղիով կգնան։

Ռուսաստանը տարեկան կարող է կորցնել 10-20 միլիարդ դոլար եւ եվրոպական էներգետիկ շուկայում իր ազդեցության 10-15 տոկոսը։ Թուրքիան կարող է դառնալ ռեգիոնի առանցքային նշանակություն ունեցող երկիր եւ էներգետիկ հանգույց, որը նաեւ կապ կստանա թյուրքալեզու աշխարհի հետ: