22/07/2025

Բուհերի համար կարող են նշել մինչև 6 մասնագիտություն, իսկ քոլեջների ու ուսումնարանների համար ․․․

Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչեւ վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, եւ այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։

Լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական մրցույթը չհաղթահարած դիմորդները, այնպես էլ հիմնական փուլում բուհ եւ մասնագիտություն չհայտագրածները։

Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացածներին։ Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին։

***

Հուլիսի 24-ից մեկնարկում է ՀՀ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը: ՄԿՈՒ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ dimord.emis.am կայքում:

Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։

2025-2026 ուսումնական տարում ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2025թ․ օգոստոսի 8-ը: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-17-ը ներառյալ: Ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչեւ օգոստոսի 17-ը:

Բացի ոլորտային (արվեստ, առողջապահություն եւ սպորտ) մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մյուս բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է՝ հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:

Դիմորդների կողմից դիմում-հայտերը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ dimord.emis.am կայքում, կարող են փոփոխվել մինչեւ գործերի ընդունման օրվա ավարտը:

Ընդունելության երկրորդ փուլին մրցութային հիմունքով կարող է մասնակցել ընթացիկ տարում մասնագիտական ուսումնական հաստատության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաեւ առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդը՝ ոչ ոլորտային մասնագիտությունների գծով, իսկ ոլորտային մասնագիտությունների գծով՝ տվյալ տարվա առաջին փուլին մասնակցած եւ դրական գնահատական ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդը: Երկրորդ փուլի հայտերն ընդունվում են թափուր տեղերի հրապարակումից հետո՝ մինչեւ օգոստոսի 24-ը: