Դերասան Լեւս Դավթյանին հարցրինք` ի՞նչ է մտածում Վեհարանը գրավելու Նիկոլ Փաշինյանի բացահայտ կոչերի մասին։
– Իսկ, ներողություն, Վեհափառն ինչ-որ բան ասե՞լ է: Ես ոչ մի խոսք չեմ լսել: Քանի որ ընդդիմությունը ոչինչ չի անում, Վեհափառը ոչինչ չի անում, ես էլ չգիտեմ ինչ մտածեմ, եթե նկատել եք, վերջին երկու ամիսների ընթացքում գրառումներ էլ չեմ անում Ֆեյսբուքում, ի՞նչ գրեմ:
– Այսինքն` ճի՞շտ եմ հասկանում` հիասթափվել եք պայքարելուց…
– Պետք է Վեհափառը խոսի նախ, ընդդիմությունը նույնպես պիտի խոսի, հասկանանք՝ ունե՞նք ընդդիմություն, թե՞ չէ: Ում կանչում են քննչական, խելոք գնում են, ում տանում են կալանքի, խելոք գնում են, մի տեսակ շատ համեստ են: Տեսնելով էդ ամենը, մտածում եմ` գուցե բոլորը ինչ-որ լուրջ բանում մեղավո՞ր են, ուղղակի մենք էսքան ժամանակ տեղյակ չենք եղել: Հակառակ դեպքում հազար ու մի առիթ եղավ նոր պայքարի, էլ ի՞նչ պիտի անեն, որ պայքարեն, եթե չեն ուզում պայքարել, թող բացահայտ ասեն, մենք էլ իմանանք մեր անելիքները: Որ տեսնում եմ՝ ինչ է կատարվում քաղաքական դաշտում, անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում խորանալ, արդեն այս ամենը սկսում է ինձ չհետաքրքրել: Ես՝ որպես դերասան, ինչ կարողացել եմ, արել եմ, էլ ի՞նչ անեմ: Իմ կարծիքը բազմիցս արտահայտել եմ, չեմ ստել, անգամ իմ կարիերան եմ զոհել, նկարահանվել եմ մի ֆիլմում, տարել եմ մի դեր՝ իմանալով, որ դրանից հետո իմ առաջ բոլոր հեռուստաալիքների դռները փակվելու են: Անգամ թատրոնի ՔՊ-ական ղեկավարին չեմ հանդուրժել ու հանուն իմ սկզբունքների դուրս եմ եկել նաեւ թատրոնից՝ թողնելով իմ շատ սիրելի աշխատանքը: Ես բոլոր հնարավոր մեթոդներով պայքարել եմ, բայց որ տեսնում եմ, թե ինչով են զբաղված ընդդիմությունը, Եկեղեցին եւ մյուսները, սկսում եմ խորապես հիասթափվել: Հիմա էլ ասում են` պետք է մեկ տարի սպասել, մինչեւ հաջորդ ընտրությունները: Ամռանը շոգ է, գնում են տուն՝ հանգստանալու, աշնանն ու գարնանը անձրեւ է, գնում են տուն` հանգստանալու, ձմռանը ցուրտ է, մրսում են, գնում են տուն՝ տաքանալու: Ստացվում է, որ ամենի համար հավասարապես բոլորը պատասխանատվություն պիտի կրեն:
– Արդյո՞ք Եկեղեցին եւս մեղավոր է: Եկեղեցականներն ասում են, որ չեն ցանկանում հավասարվել Փաշինյանին:
– Դե, ի՞նչ ասեմ, թող մյուս այտն էլ դեմ տան Փաշինյանին, մի հատ էլ լավ ապտակ ստանան, մինչեւ Եկեղեցին էլ կգրոհեն եւ ինչ-որ ՔՊ-ական մեկին կկարգեն կաթողիկոս: Օրինակ` Վահագն Ալեքսանյանին, ի՞նչ վատ թեկնածու է, ամենակարեւորը` ամուսնացած չէ, կարծես, կուսակրոն էլ կլինի…. Օրինակ, մի քանի շաբաթ առաջ, երբ ԱԱԾ-ն մտել էր Մայր Աթոռ, ինչո՞ւ սրբազանին թողեցին կալանքի տանել: Չկա՞ր մեկը այնտեղ, որ ասեր` ես մաքուր մարդ եմ, չեմ վախենում ձեզնից…. փոխարենը` հնազանդ գնացին, հանձնվեցին, կալանավորվեցին, ոչ մի տեսակ ըմբոստություն ես չտեսա, փոխարենը հարմարվողականության ինչ-որ դրսեւորումներ են նկատվում:
– Հնարավո՞ր է Փաշինյանն իր կոչերով բախումների տանի:
– Ինչի՞ վրա ենք զարմանում: Նիկոլ Փաշինյանն այնքան կարմիր գծեր է հատել, որ սա ի՞նչ է: Մարդն Արցախ է հանձնել, 5 հազար զոհ է տվել, ամեն ինչ արել, որ ՀՀ սուվերեն տարածք մտնեն ադրբեջանցիները, ու, ամենակարեւորը` մարսել է, չէ՞: Ոչ մի բանի համար մինչ օրս պատասխան չի տվել, չէ՞: Այդպես էլ լինելու է, քանի դեռ ունենք նման ընդդիմություն: Նիկոլ Փաշինյանն ինչ էլ որ անի, մարսելու է: Նիկոլին ասում են վախկոտ, բայց, կներեք, ես այդ կարծիքին չեմ, նրան վախկոտ անվանողները պարզապես իրենց վախերն են թաքցնում, նա փաստացի ինչ ուզել է, արել է մինչ այս պահը: Համենայնդեպս, ես դեռ չեմ տեսել մեկին, որ կարողանա Նիկոլին հակակշիռ ինչ-որ քայլ անել:
– Գուցե պատճառն այն է, որ նա բոլոր պոտենցիալ հակառակորդներին կալանավորում է: Դա հենց վախի արդյունք է:
– Հա, բայց էդ ամենն էլ է, չէ՞, մարսում, զոհվածի ծնողներին ծեծում են, դա էլ են մարսում, ավելի շատ այս ամենը վաբանկ գնալու է նման, ոչ թե վախի: Տպավորություն ունեմ, որ ոմանք են վախենում իրենց ունեցվածքը կորցնելուց, դրա համար են այսպես լռում:
Բաց մի թողեք
Մասնակից մի դարձեք այդ հանցագործություններին․ Գուգարաց թեմի առաջնորդ․ Լուսանկար
Իշխանությունը փորձում է խորքային խնդիրը բառախաղերի դաշտ տանել․ Օրբելյան
Որն է քեզ համար լավ ապրելը, բալիկ ջան․ Լուսանկար