Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը վիրավորանքի եւ զրպարտության համար շուրջ 10 դատական հայց է ներկայացրել քաղաքացիական դատարան։ «Զրպարտիչների» խմբում իշխանական պաշտոնյաներ են եւ ՔՊ-ի քարոզիչներ՝ Լեւոն Շիրինյան, Ռուբեն Մեհրաբյան, Լուսինե Կեսոյան, Ռոման Բաղդասարյան, Հարություն Մկրտչյան, Տարոն Չախոյան, Նազելի Բաղդասարյան, Արսեն Թորոսյան, Հայկ Կոնջորյան եւ ՔՊ-ի լրատվամիջոցը` Civic․am-ը:
Հայցվորը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտչական հայտարարությունները, տեղադրել հերքման տեքստեր՝ Ֆեյսբուքում կամ զանգվածային լրատվամիջոցներում, եւ նրանցից յուրաքանչյուրից պահանջում է բռնագանձել 3-9 միլիոն դրամ` որպես փոխհատուցում վիրավորանքի ու զրպարտության համար, եւ փոխհատուցել դատական ծախսերը։
Փաստաբան Վարդան Ալոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշում է, որ բոլոր հայցերի հիմքում Սամվել Կարապետյանի հասցեին զրպարտություն եւ վիրավորանք պարունակող նյութեր եւ հայտարարություններ են։ «Սամվել Կարապետյանն ամբողջ աշխարհում հայտնի գործարար եւ բարերար է, փորձ է արվում նրա անունը, պատիվը վարկաբեկել։ Հայցերի նպատակը քաղաքական խոսույթից զրպարտությունն ու վիրավորանքը վերացնելն է։ Մեր նպատակը ոչ թե լռեցնելն է, ինչպես ասում են Հայկ Կոնջորյանը եւ Արսեն Թորոսյանը, այլ վիրավորանքները եւ զրպարտությունը բացառելը»,- ասաց նա։
Զրպարտության եւ վիրավորանքի համար իշխող կուսակցության ներկայացուցիչներին, քարոզիչներին եւ կուսակցությանը սպասարկող մեդիային դատի տալով, ըստ էության, Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը նախադեպային քայլի է դիմել։ Վիրավորական արտահայտությունների ու զրպարտիչ բնույթի հայտարարությունների տարածմամբ, ըստ փաստաբանի, փորձ է արվում հասարակության աչքում արատավորել գործարարի անունը։ «Զրպարտիչները» վերջին ամիսներին համակարգված լծվել են Սամվել Կարապետյանի վարկաբեկման գործընթացին, ինչը բնավ պատահական չէ։ Սամվել Կարապետյանը վերջերս հայտարարել է քաղաքական գործընթացներում ներգրավվելու մտադրության, թիմ հավաքելու մասին, եւ վարկաբեկման արշավի նպատակը հենց դա է՝ հանրային վարկանիշ ունեցող անձին խեղաթյուրված տեղեկություններով դարձնել անվստահելի, կասկածելի կամ «օտար շահերի սպասարկու»։
Կարապետյանը ճանաչված է ոչ միայն որպես խոշոր գործարար, այլեւ որպես բարեգործական ծրագրերի նախաձեռնող։ Փորձ է արվում նրա համբավն արատավորել կեղծ, իրականությանը չհամապատասխանող պնդումներով՝ կարծում է փաստաբանը։ «Այս գործերի նպատակը ոչ թե քաղաքական դաշտի լռեցումն է, այլ՝ քաղաքական խոսքից զրպարտությունն ու վիրավորանքը դուրս մղելը»,- մեզ հետ զրույցում նշեց փաստաբան Ալոյանը։ Նախկինում հանրային դեմքերը, հատկապես՝ գործարարները, հիմնականում խուսափում էին նմանատիպ գործերով դատարան դիմելուց։ Սամվել Կարապետյանը, որն այժմ կալանքի տակ է Եկեղեցուն պաշտպանելու համար, ի՞նչ ակնկալիք ունի Փաշինյանի դատական համակարգից, չգործած հանցանքի համար իրեն կալանավորած դատարաններից։ «Քրեական գործերը քննում են այլ դատավորներ։ Այս դատական հայցերի վերաբերյալ ակնկալիքները նորմալ են, որովհետեւ քաղաքացիական դատարանները` համեմատած քրեականների, անհամեմատ ավելի անկախ են։ Արսեն Թորոսյանի հաշիվների վրա դատարանն արդեն 9 միլիոն դրամի արգելանք է կիրառել։ Այսինքն՝ դատարանի համար կապ չունի, թե նա ով է»,- ասաց նա։ Հայցերի կեսն արդեն վարույթ է ընդունվել։ Իշխանական շրջանակներին ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի, զրպարտության եւ վիրավորանքի համար դատի տալով ի՞նչ նախադեպ է ստեղծվում։ «Մենք նախաձեռնել ենք, որպեսզի դադարեցնեն վիրավորել եւ զրպարտել մարդուն։ Խոսում եք՝ խոսեք, բայց առանց կեղծ տեղեկությունների»,- հավելեց նա։
Այս գործերը կարող են փոխել հանրային խոսքի որակը, եթե դատարանները հաստատեն, որ քաղաքական եւ հանրային պայքարի մեջ տեղ չեն կարող ունենալ զրպարտությունը եւ անհիմն վիրավորանքը։ Սամվել Կարապետյանի թիմը, ըստ ամենայնի, մտադիր է սահման գծել ազատ խոսքի եւ զրպարտչական քաղաքականացված արշավների միջեւ՝ անկախ նրանից՝ խոսքն ում կողմից է հնչում՝ իշխանական պատգամավորի, փորձագետի՞, թե՞ կուսակցական լրատվամիջոցի։
Բաց մի թողեք
Դե, ի՞նչ ասեմ, թող մյուս այտն էլ դեմ տան Փաշինյանին. Լեւս Դավթյան
Մասնակից մի դարձեք այդ հանցագործություններին․ Գուգարաց թեմի առաջնորդ․ Լուսանկար
Իշխանությունը փորձում է խորքային խնդիրը բառախաղերի դաշտ տանել․ Օրբելյան