22/07/2025

Իշխանությունը փորձում է խորքային խնդիրը բառախաղերի դաշտ տանել․ Օրբելյան

Հայաստան-Ադրբեջան գործընթացի ֆունդամենտալ խնդիրն այն է, որ Հայաստանի շահն այնտեղ բացակայում է, ու որեւէ կերպ քննարկման առարկա չի դառնում Հայաստանի ապաշրջափակումը: Այդ հարցը պարզապես բացակայում է, չկա քննարկումների սեղանին:

«Հրապարակ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը՝ շեշտելով, որ, ի տարբերություն ընթացիկ զարգացումների, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը մեր զրուցակիցը քննադատել է եւ քննադատում է, առնվազն ենթադրում էր ապաշրջափակում:

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի լավ կամ վատը լինելը չեմ ուզում քննարկել, ենթադրում էր որոշակի ռեժիմ՝ պայմանական, Ռուսաստանի կողմից այդ ճանապարհների վերահսկողություն: Ենթադրում էր նաեւ, որ Հայաստանի հյուսիսի եւ հարավի միջեւ կապը պետք է վերականգնվեր, եւ, որ ամենակարեւորն է` Հայաստանից դեպի  աշխարհ, տվյալ դեպքում՝ Ռուսաստան ու Վրաստան գնացող երկաթգծերը պետք է գործեն: Բայց ստացվեց այնպես, որ ասացին՝ դա լավ չէ, որովհետեւ ուրիշ երկիր պետք է գա, վերահսկի, ասացին, որ ՌԴ անվտանգության ծառայությանը չենք վստահում: Լավ, ընդունելի մոտեցում, է բայց խնդիրն այն է, որ այժմ սեղանին դրված չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ռուսաստան կապի արտապատվիրակման հարցը, նախատեսված չէ հայկական Նախիջեւանի միջով հյուսիսի ու հարավի արտապատվիրակումը, նախատեսված չէ Հայաստանից Թուրքիայի տարածքով դեպի ծով ելքի արտապատվիրակումը: Այսինքն, այս պահին խոսում ենք այն մասին, որ Հայաստանի տարածքով ինչ-որ ճանապարհ պետք է լինի, որով  ադրբեջանական բեռներ տեղափոխվեն, գուցե՝ նաեւ թուրքական եւ այլն, բայց որ Հայաստանն ապաշրջափակվի, եւ այդ ճանապարհներից հայկականն ակտիվանա` զրույց չկա»,- բացատրում է միջազգային իրավունքի մասնագետը՝ շեշտելով, որ կարեւոր է իրավիճակը դիտարկել ոչ թե այն պրիզմայով, թե վերջին 1-1,5 ամսվա ընթացքում ինչ են քննարկում, այլ՝ թե ինչ է եղել ընդհանրապես:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը սահմանում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի միջեւ համաձայնեցմամբ ապահովվելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:

Փաստաթղթին հաջորդած ամբողջ ընթացքում Փաշինյանն ամեն ինչ զիջեց Ադրբեջանին՝ չստանալով ոչինչ: Նա բոլոր կետերով զիջեց անգամ ավելին, քան փաստաթուղթն էր նախատեսում, որտեղ, ի դեպ, խոսք էր գնում Լեռնային Ղարաբաղի մասին՝ որպես քաղաքական միավորի: Փոխարենը Փաշինյանն իրավիճակը հասցրեց նրան, որ քննարկումների սեղանին մնացին միայն Սյունիքով անխոչընդոտ ճանապարհի ադրբեջանական պահանջն ու թուրքական միջանցքի իրագործումը, որը Թուրքիայի հարյուրամյա երազանքն է:

«Մենք ունեցել ենք մի փաստաթուղթ, որը խիստ քննադատվել է նաեւ իմ կողմից, եւ ես շարունակում եմ այն քննադատել, բայց այդ փաստաթուղթը սահմանում է ապաշրջափակման մոտեցում, ընդ որում, ամբողջ տարածաշրջանի մասով, այդ թվում՝ նաեւ Հայաստանի ապաշրջափակումը, Հայաստանի հարավի եւ հյուսիսի միացումը, բայց դրա իրագործման փոխարեն մենք տեսնում ենք  Հայաստանի շրջափակման ավելի խորացում, մենք տեսնում ենք «անկլավների» կամ հայկական տարածքների հանձնումը եւ հանձնման քննարկումը՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի անվան տակ, ընդ որում, շատ հստակ պնդումներով, թե մենք Հայաստանից տարածքներ չենք հանձնում, բայց հետո պարզվում է, որ ՀՀ տարածքի մեր եւ իշխանության ընկալումները տարբեր են, մերը հիմնված է Սահմանադրության վրա, իրենցը՝ այդ մտացածին չգիտեմ ինչի վրա, եւ, համապատասխանաբար,  ունենում  ենք մի վիճակ, որ հիմա քննարկվում է հարցը, թե ինչպես պետք է բեռներն անցնեն Հայաստանի տարածքով, ու չի քննարկվում, թե Հայաստանը ոնց պետք է միանա աշխարհին: Այսինքն՝ չկա հայելային լուծում, չկա տարածաշրջանային ապաշրջափակում, չկա քննարկում, որ կլինի մի կազմակերպություն, որը կաշխատեցնի երկաթգիծը, որով բեռներ կտեղափոխվեն, օրինակ, Մեղրիից Երեւան, մենք խոսում ենք ինչ-որ բանի մասին, անունը դնենք ճանապարհ, միջանցք, խաչմերուկ, թե արտապատվիրակված ճանապարհ` էական չէ, բայց խոսակցությունը գնում է բացառապես ՀՀ տարածքով գնացող ճանապարհի ռեժիմի մասին, չի խոսվում Հայաստանն աշխարհին կապող  ճանապարհների մասին: Ավելին, տեսնում ենք հակառակը․ մեր բեռներն արդեն մի քանի ամիս է՝  Վրաստանով անցնելու լրջագույն խնդիր ունեն: Վերջին ամիսներին նորություններն այս մասին են՝ խմիչքից սկսած, մինչեւ միրգ ու ծաղիկներ»,- ընդգծում է Արամ Օրբելյանը:

Թե պատճառները որոնք են, որտեղ են ռուսական կառույցները խնդիր առաջացրել, որտեղ՝ վրացականը կամ հայկականը, մեր զրուցակիցը չգիտի, բայց փաստը, ինչպես շեշտում է նա, այն է, որ  Հայաստանի շրջափակումն ուժեղացել է, ոչ թե թուլացել: Ստեղծված իրավիճակում իշխանությունը փորձում է խորքային խնդիրը բառախաղերի դաշտ տանել եւ քննարկումներից դուրս թողնել ֆունդամենտալ հարցերը:

«Եթե քննարկումները գնում են ճիշտ, Ադրբեջանի հավակնությունները չպետք է լինեն այսօրվա Հայաստանի նկատմամբ, բայց դրանք կան, մենք վերադարձի իրավունքից չենք խոսում, մարդու իրավունքներից չենք խոսում, ռազմագերիների եւ պահվող անձանց խնդրից չենք խոսում, խոսում ենք այն մասին, որ պետք է հրաժարվել ցեղասպանության ճանաչումից, տեսնում ենք քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը փորձում են դարձնել ինչ-որ նեյտրալ, ամուլ պետություն, որը հայկականության հետ կապ չունի, պետությունն ուղղակիորեն միջամտում է Եկեղեցու գործունեությանը, ընդ որում՝ օգտագործելով իրավապահ համակարգի ամբողջ լծակները: Ֆունդամենտալ խնդիրները սրանք են»: