23/07/2025

Հայաստանի հետ խաղաղության հասնելու իրական հնարավորություններ կան. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ կան իրական հնարավորություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար։

Այս մասին նա նշել է Թբիլիսիում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայտնելով, որ Բոչորիշվիլիի հետ բանակցությունների ընթացքում լայնորեն քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։

«Մենք մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել հետկոնֆլիկտային շրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խաղաղության գործընթացի հեռանկարները խրախուսող են, բայց կարևոր է այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ցավոք, Հայաստանը դեռևս չի կատարել իր պարտավորությունները», – ասել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը՝ հերթական անգամ հնչեցնելով Բաքվի կեղծ թեզերն ու առարկությունները։

Բայրամովը կրկնել է նույն ծեծված միտքն այն մասին, թե կան մի շարք գործոններ, որոնք խոչընդոտում են կայուն խաղաղության կնքմանը, այդ թվում՝ Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության լիակատար դադարեցման անհրաժեշտությունը»: