22/07/2025

Հայաստանի նկատմամբ Ալիևի վերաբերմունքը պարզ է, իսկ ի՞նչ է նա առաջարկում Վրաստանին

Օկուպացված Ստեփանակերտում «հուլիսյան թեզեր» հնչեցնելուց երեք օր հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին գործուղել է Թբիլիսի:

Այցը, ընդ որում, պաշտոնական է, իսկ օրակարգը՝ բավական հագեցած: Բայրամովը բանակցություններ կվարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ, ապա նրան կընդունի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին: Նախատեսված է նաև նրա հանդիպումը վարչապետ Կոբախիձեի և խորհրդարանի խոսնակ Պապուաշվիլիի հետ:

Վրաստանի իշխանությունները նաև նախատեսել են, որ Բայրամովը Թբիլիսիում հարգանքի տուրք մատուցի Ադրբեջանի «համաժողովրդական առաջնորդ» Հեյդար Ալիևի հիշատակին:

Միխաեիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներին Թբիլիսիում տեղադրվել է Հեյդար Ալիևի կիսանդրին: Այդ սիմվոլիկան «Վրացական երազանքի» կողմից պահպանվում է:

Ի՞նչ առաքելությամբ է Թբիլիսի գործուղվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Տպավորություն է, որ Ջեյհուն Բայրամովը Վրաստանի մայրաքաղաք է մեկնել, որպեսզի նախապատրաստի Կոբախիձե-Ալիև հանդիպում կամ, գուցե, Վրաստանի վարչապետի Բաքու այցը:

Վրաց-ադրբեջանական հարաբերություններն առերևույթ ջերմ-բարեկամական են, բայց կողմերը դեռևս չեն ավարտել սահմանազատումը, պարբերաբար խնդիրներ են ծագում Վրաստանում ադրբեջանցիների, Ադրբեջանում մոտ քսան հազար վրացիների կրթական, հոգևոր-մշակութային իրավունքները փոխադարձաբար հարգելու հարցում, բայց կողմերը բարձր մակարդակի շփումներում այդ մասին գերադասում են չբարձրաձայնել:

Օկուպացված Ստեփանակերտում Ալիևի ելույթը գնահատվում է որպես Հարավային Կովկասի առաջնորդության հայտ: Բաքվի մամուլը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն իր անձնական սոցիալական հարթակում կիսել է Ալիևի ելույթի այն դրվագը, որ վերաբերում է Միացյալ Նահանգների և իր հետ հարաբերություններին:

Հայաստանի նկատմամբ Ալիևի վերաբերմունքը պարզ է, իսկ ի՞նչ է նա առաջարկում Վրաստանին: Պաշտոնական Թբիլիսին սկզբունքորեն փչացրել է Եվրամիության և ԱՄՆ հետ հարաբերությունները: Այդ առումով նախանձելի վիճակում չէ նաև Իլհամ Ալիևը:

Վրաստանը և Ադրբեջանը Թուրքիայի հետ ունեն անվտանգության պայմանագիր: Հնարավոր է, որ Ալիևը «Վրացական երազանքին» առաջարկի տնտեսական և կոմունիկացիոն ինտեգրացիայի պայմանագիր:

Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն անցնում է Վրաստանով: Ադրբեջանը տնտեսական և անվտանգային պայմանագրեր ունի Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի հետ: Այդ երկրները շահագրգռված են դեվերսիֆիակացնել Եվրոպայի հետ ապրանքաշրջանառության ուղիները:

Սյունիքի հարավում հաղորդուղիների բացումը Վրաստանի համար խնդրահարույց է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակությամբ: Ալիևի «հուլիսյան թեզիսներից» հասկացվում է, որ նա այդ հարցում շարունակում է մնալ ոչ կառուցողական: Այդ հողի վրա կարո՞ղ են վրաց-ադրբեջանական շահերը համատեղվել:

Ալիևի կովկասյան «էսպերանտոն» Հայաստանի ապաշրջափակումը հետաձգելու, նրան տարածաշրջանային նոր նախագծումներից դուրս թողնելու մասի՞ն է: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը կայցելի՞ Թբիլիսի: