Հրապարակ թերթի հարցազրույցը Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ:
– Սրբազան Հայր, նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ դարձյալ անդրադարձել էր Եկեղեցուն՝ մասնավորապես նշելով, որ Վեհափառը պետք է ազատի Վեհարանը, ապա հորդորել էր պատրաստվել «Մեծ հոգեւոր հանդիպման՝ Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։ Ի՞նչ է սա նշանակում, Էջմիածնի հրապարակում հանրահավա՞ք է սպասվում, թե՞ հրապարակում հավաքված ժողովրդին երկրի ղեկավարն առաջնորդելու է Վեհարանի վրա գրոհելու:
– Դուք ինձնից մի բան եք հարցնում, որ եթե անգամ ես լինեի աշխարհի ամենամեծ պայծառատեսը, կդժվարանայի այդ մարդու գործողություններին մի հոդաբաշխ պատասխան տալ…, ամեն ինչ սպասելի է այդ մարդուց… ինքն արյուն է ուզում, դա է…
– Եկեղեցին ինչպե՞ս է հակազդելու օր-օրի լարվող այս իրավիճակին, կա՞ որոշակի սցենար, գործողությունների հաջորդականություն, որին դիմելու է Մայր Աթոռը՝ առճակատումներից խուսափելու համար:
– Դուք ասացիք` Եկեղեցին, իսկ Եկեղեցին ինքը՝ ժողովուրդն է, որն արժանի պատասխան կտա իրեն:
– Այդուհանդերձ, թեպետ հունիսի 27-ին Մայր Աթոռի տարածքում րոպեների ընթացքում հազարավոր մարդիկ, ժողովուրդ հավաքվեց, բայց դա չխանգարեց, որ դիմակավորված, զինված ուժայինները մտնեին Վեհարանի տարածք:
– Նախ` այդ զինված մարդիկ թաքուն եկան, եւ ոչ մեկը տեղյակ չէր, հետո` իրենք բոլոր ճանապարհները փակել էին, ու երբ տեսան, որ այլեւս չեն կարող վերահսկել իրավիճակը, բացեցին ու փախան: Այն ժամանակ ավելի շատ ձերբակալության խնդիր էր դրված, եւ ուրիշ բան չկար, իսկ հիմա լրիվ այլ է իրավիճակը:
– Ակնհայտ է, որ իրավիճակն ամեն օր է փոխվում, եւ օղակն ավելի է սեղմվում Եկեղեցու շուրջ` ձերբակալություններ, հետապնդումներ, սպառնալիքներ…
– Որովհետեւ ինքը շատ մեծ խոստումներ է տվել իր տերերին, իր տերերն էլ փոքրիկ-փոքրիկ բացահայտումներով հասկացնում են` շտապեք…., շաբաթ օրը Ալիեւը բացահայտումներ էր անում, չէ՞, ինքն էլ ստիպված պետք է կատարի, այլ հարց է` կստացվի՞, թե՞ ոչ:
– Իր վերջին գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը հորդորել է ժողովրդին՝ պատրաստվել «Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում», թերեւս միայն օրն ու ժամը չի նշել։ Ի՞նչ սպասել այդ հանդիպումից:
– Խնդիրը հետեւյալն է․ նա չունի ժողովրդի աջակցությունը, իր աջակցությունը ոստիկանությունն է եւ մի փոքր էլ` իր պես անձեր: Ինչու է այդ փոքր տեղը նշում․ որովհետեւ ինքն աջակից չունի, պարզ է, որ ամբողջ Հայաստանից պետական ապարատն աշխատեցնելով՝ պետք է մարդ բերի, եւ ոստիկանները մասնակցեն՝ քաղաքացիական համազգեստներով: Այդ ժամանակ, որ ինքը գա, կտեսնի՝ կարո՞ղ է, թե՞ չի կարող… Այս մարդն իր գործողություններով եւ խոսակցություններով մեծացնում է իր հանցագործությունների թղթապանակը: Ես լիահույս եմ, որ իրավապահ մարմինները կունենան քաջություն եւ հավատարմություն` իրենց ուսադիրներին տրված երդմանը:
– Մենք տեսանք, թե հունիսի 27-ին ինչպես էին շատ իրավապահներ ամաչում, գլխահակ դեմքները փակում, բայց նաեւ տեսանք, որ անզոր էին հակառակվել իրենց տրված հրամանին, անգամ եթե դա լիներ Վեհարան ներխուժելու կարգադրություն:
– Նախ, Վեհարանը կեցավայր է, իսկ կեցավայրն օրենքով է պաշտպանվում, եւ ոչ ոք իրավունք չունի այնտեղ մուտք գործելու, այդպիսի կոչեր հնչեցնելն արդեն հանցագործություն է, քանի որ, ինչպես մեր եւ ձեր տները, այնպես էլ Վեհարանն օրենքով պաշտպանված է, նրանք իրավունք չունեն այնտեղ մուտք գործելու, մի՞թե դա հանցագործություն չէ, ինչպես որ այնտեղ մտնողը հանցագործ չէ՞…. այս պարագայում այնտեղի բնակիչն իրավունք ունի պաշտպանվելու… այսինքն՝ ինքը տվել է բոլոր հնարավորությունները մարդկանց՝ հանցագործ լինելու, հիմա այն մարդիկ, ովքեր ուզում են հանցագործ լինել, Աստված իրենց հետ:
– Ասացիք՝ Վեհարանի բնակիչները եւս իրավունք ունեն պաշտպանվելու, ի՞նչ նկատի ունեք, ուժայինների կիրառած ուժի դեմ ինչպե՞ս կարող են հոգեւորականնները պաշտպանվել` պա՞տ կազմեն, թե՞ այլ տարբերակներ կան…
– Օրենքը թույլ է տալիս համաչափ ուժ կիրառելով` դուրս շպրտել…
– Ստացվում է` բախումներն անխուսափելի են …
– Միանշանակ, եւ նրանք դրան են տանում, դրա համար էլ մենք իրավապահ մարմիններին կոչ ենք անում՝ չդառնալ հանցագործությունների մաս ու բաժին:
– Այս իրավիճակում Վեհափառը կարծես ավելի քան զգուշավոր է եւ չի ուզում որեւէ կերպ առճակատվել իշխանությունների հետ: Այդպե՞ս է:
– Վահափառ հայրապետը որքան որ հանգիստ է, որքան որ անխոս է, հազար այդքան անգամ էլ հաստատուն է իր հավատքի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, եւ որեւիցե ընկրկում չի լինելու: Եվ վերջում մեր ժողովրդին ցանկանում եմ սթափություն, գիտակցություն, քանի որ նա արդեն հանցագործ է եւ ուզում է իր հանցագործությունը պարտակել սովորական ժողովրդի ներկայությամբ, ուստի այդ մարդկանց պիտի ասեմ` մասնակից մի դարձեք այդ հանցագործություններին:
Բաց մի թողեք
Դե, ի՞նչ ասեմ, թող մյուս այտն էլ դեմ տան Փաշինյանին. Լեւս Դավթյան
Իշխանությունը փորձում է խորքային խնդիրը բառախաղերի դաշտ տանել․ Օրբելյան
Որն է քեզ համար լավ ապրելը, բալիկ ջան․ Լուսանկար