23/07/2025

Մեր հիմնական ակնկալիքն այն է, որ «Զանգեզուրի միջանցքը» վերածվի համաձայնության խորհրդանիշի. Էրդողան

Թուրքիայի նախագահը կրկին խոսել է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, թե այն շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար։

«Մենք այդ ուղին դիտարկում ենք նաև որպես չափազանց կարևոր թեմա՝ իր աշխարհատնտեսական նշանակությամբ:

Իրականում, այդ միջանցքը կմիացնի նաև մեր տարածաշրջանից դուրս գտնվող աշխարհագրական տարածքներ և նոր թափ կհաղորդի առևտրին։ Մեր հիմնական ակնկալիքն այն է, որ այս ուղին չդառնա հակասությունների աղբյուր, այլ վերածվի համաձայնության խորհրդանիշի։ Այդպիսով, տարածաշրջանը կվերածվի համագործակցության վրա հիմնված բարօրության գոտու։ Ես հավատում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ՝ կարող ենք այս հարցը լուծել փոխըմբռնմամբ», -լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ նշանակություն է տալիս Զանգեզուրին և ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել այդ երթուղու շինարարության գործընթացը՝ այն շահագործելով թե՛ Ադրբեջանի, թե՛ ամբողջ տարածաշրջանի համար։

«Հավատում եմ, որ այս հարցը մենք կլուծենք համատեղ»,- ասել է Թուրքիայի նախագահը: