2006 թվականին Վրաստանի կառավարության նիստերից մեկի ժամանակ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին, որը դիդակտիկ նյութերի սիրահար էր, ինչպեսեւ Նիկոլը, ներկայացել էր կեղծված վրացական գինիների շշերով եւ կառավարության անդամներին առաջարկել էր փորձել դրանք, որից հետո քննադատել էր նախարարներին՝ կեղծիքը ժամանակին չնկատելու համար:
Հրապարակ թերթը գրել է․ Նիկոլ Փաշինյանը նախարարներին չի սիրում հրապարակավ քննադատել, ի տարբերություն իր մեծ եղբայր Սահակաշվիլու, բայց սիրում է կրթել, խրատներ տալ:
Վերջին նիստի ժամանակ նա կառավարության նիստերի դահլիճ պաստառ էր բերել՝ վրան գրված․ «Լավ սովորիր, որ լավ ապրես», եւ կառավարության նիստի ժամանակ ասում էր, որ սա «շրջադարձային գաղափար է», որ «կրթությունը կյանքի որակի հիմքն է», որ բոլոր նորակառույց դպրոցներում այսուհետ այս պաստառը փակցված է լինելու: Նախարարներն էլ լուռ լսում էին Փաշինյանի դասախոսությունը` նրանք արդեն սովոր են, որ ԿԳՄՍ նախարարն «օպերատիվ» չի աշխատում, եւ կրթական նախաձեռնությունները գալիս են միմիայն վարչապետից եւ նրա տիկնոջից: Այլ բան է, թե ինչպես են երեխաներն ընկալում վարչապետի պաստառի գրառումը:
5-րդ դասարանցի Լեո Գալստյանին հարցնում եմ. «Եթե լսում ես՝ լավ սովորիր, որ լավ ապրես, ի՞նչ ես մտածում, բալիկ ջան»: «Ես էլ մի ուրիշ հարց մտածեցի․ ի՞նչ կլիներ, եթե աշխարհում սուտը չլիներ»,- հակադարձում է երեխան ու զարմանում. «Օրինակ, որ եթե մաթեմը լավ սովորեմ, գումարում-հանում անեմ, ինձ փող տան, ես գնամ, տուն առնեմ, եսիմինչ անեմ, հա՞, վսյո՞»: Ուզում եմ ասես, թե որն է քեզ համար լավ ապրելը, բալիկ ջան: Պատասխան. «Ֆուտբոլիստի կյանքն ա լավ ապրելը, ցանկալի ա նորմալ թմերում՝ «Ինտեր», «Բարսա», «Ռեալ», «Ատլետիկո Մադրիդ»»:
Ինչեւէ, հիմա Նիկոլի կառուցած դպրոցներում սովորող յուրաքանչյուր երեխա այս հարցերին տարբեր կերպ կպատասխանի, բայց ինչ-որ դիվային, արժեհամակարգային թերություն կա այս ձեւակերպման մեջ․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»: Չե՞ք կարծում, որ ստացվում է` լավ սովորելը միայն փողի համար է պետք, քանի որ, Նիկոլի կարծիքով, լավ ապրում է լավ հավ տապակողը, ասենք՝ KFC-ի հիմնադիր Սանդերսը: Բա ո՞վ է սերմանելու բանականը, բարին, հավերժականը, թե՞ սրանք արդեն հնացած գաղափարներ են:
Այս հարցերն ուղղում եմ կրթության ոլորտի փորձագետ Արտակ Աղբալյանին՝ ԿԳՄՍ նախկին պաշտոնյային: «Ժամանակին Լենինն ասել էր. «Սովորել, սովորել, սովորել»: Կարծում եմ՝ ավելի խելոք է: Ու չէր ասել՝ լավ ապրել: Հիմա բազմաթիվ գիտնականներ, մանկավարժներ շատ լավ են սովորել, արդյո՞ք լավ են ապրում: Իսկ կան բիզնեսի կամ նույնիսկ քաղաքական բազմաթիվ գործիչներ, որոնք բարձրագույն կրթություն չունեն, բայց լավ են ապրում: Այն, որ կրթությունը կարեւոր է, խոսք չկա: Բայց կարեւոր է, թե ով է խոսում կրթության կարեւորությունից: Եթե հայտարարում են շարժում կրթության նորաձեւության մասին, ապա հենց հեղինակները պետք է հարգեն այդ կարգախոսն ու իրենց պահվածքով հրապարակային խոսքում գոնե մնան ցենզուրայի սահմանում: Եթե այդքան կարեւորում են կրթությունը, 2018-ից սկսած՝ մանկավարժին ու դասախոսին չպետք է թիրախավորեին ու սարքեին կաշառակեր կամ փողով գործի ընդունված: Սա գրված է նաեւ կրթության ռազմավարությունում: Եվ հետո՝ գրել եմ արդեն, որ կրթվելը ճիշտ ժամանակին է պետք: Երբ բաց ես թողնում ճիշտ ժամանակը, երբեք չես ստանա լավ արդյունք: Խոսքս մասնագիտական կրթության մասին է: Իսկ ինֆորմալ կրթությունը ցկյանս յուրաքանչյուրը ստանում է: Եվ, ի վերջո, մարդ կա՝ կրթության կարեւորությունը գիտակցում է 18 տարեկանում, մարդ էլ կա՝ 50-ում»:
Բաց մի թողեք
Դե, ի՞նչ ասեմ, թող մյուս այտն էլ դեմ տան Փաշինյանին. Լեւս Դավթյան
Մասնակից մի դարձեք այդ հանցագործություններին․ Գուգարաց թեմի առաջնորդ․ Լուսանկար
Իշխանությունը փորձում է խորքային խնդիրը բառախաղերի դաշտ տանել․ Օրբելյան