23/07/2025

Արևմուտք – Ռուսաստան նոր առճակատում կլինի՞

Ռուսաստանին և Ուկրաինային սպասվում է բարդ թեմաների քննարկում, այդ թվում կարգավորման վերաբերյալ կողմերի միջև փոխանակված հուշագրերը: Այս մասին լրագրողներին հուլիսի 22-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Ուկրաինայի հետ բանակցությունների հերթական փուլը կկայանա այս շաբաթ: Նրա խոսքերով՝ ժամկետների մասին կհայտարարվի հենց որ կոնկրետություն լինի: Ռուսաստանն այդ բանակցություններում «պաշտպանելու է իր շահերը»: Պեսկովի չի կիսել փորձագիտական շրջանակների հոռետեսությունը:

Նրա գնահատմամբ՝ ուկրաինական կարգավորման թեման այնքան բարդ է, որ զոհվածների մարմինների վերադարձի կամ փոխանակման հարցով պայմանավորվածություններն արդեն իսկ արդյունավետության նշան են:

Միաժամանակ, սակայն, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը խորհուրդ է տվել բանակցությունների հերթական փուլից «ճեղքման չսպասել»: Նա հավելել է, որ Ուկրաինայում ֆորմալ առումով պահպանվում է Ռուսաստանի հետ բանակցությունների արգելքը, որ սահմանված է նախագահ Զելենսկու հրամանագրով:

ՌԻԱ Նովոստիի դիվանագիտական աղբյուրն ակնարկել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ հուլիսի 25-ին՝ Ստամբուլի Չիրաղան պալատում:

Անցյալ շաբաթավերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցիալական X հարթակում գրել է, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն ռուսական կողմին առաջարկել է Ստամբուլում բանակցությունների նոր փուլ սկսել:

Առայժմ հայտնի չէ, թե ռուս-ուկրաինական բանակցությունները դարձյալ կանցկացվեն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի միջնորդությա՞մբ, թե՞ կողմերը հասել են դեմ առ դեմ քննարկումներ անցկացնելու առաջընթացի:

Ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի նախապատրաստումն ընթանում է Դոնբասում և Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերում Ռուսաստանի լայնածավալ հարձակման, Կիևի և այլ քաղաքների ամենաինտենսիվ հրթիռա-հրետակոծման ֆոնին:

Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ինչքան բանակցությունները ձգձգվեն, այնքան Ուկրաինային «տարածքային հարցերում նոր խնդիրներ կունենա»:

Դիտարժան է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլ կազմակերպելու դիվանագիտական ջանքերին զուգահեռ «Ռամշտայնի ձևաչափով» կայացել է եվրոպական երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հեռավար խորհրդաժողով, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման հարցը:

«Դիվանագիտական ճանապարհով Ռուսաստանի հետ համաձայնության ռեսուրսներն սպառված են»,- ավելի վաղ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: Գնահատականը, երևի, մոտ է իրականությանը:

Բայց Արևմուտքը որքանո՞վ է պատրաստ կամ ունակ, որպեսզի գետնի վրա իրավիճակում Ուկրաինային ապահովագրի Ռուսաստանի էքսպանսիոնիզմից: