Մինչ քաղաքական իշխանության հրահանգով իրավապահները բանտերը լցնում են ընդդիմադիրներով, առցանց հարթակում էլ իշխանական ֆեյքերին են «քսի տալիս» եկեղեցականների եւ ընդդիմադիրների վրա, Սամվել Կարապետյանը` իր հերթին, Բագրատ սրբազանը` իր, դիմում են դատարան` ափեղ-ցփեղ խոսողների, անմեղության կանխավարկածը խախտողների, իրենց հեղինակության հետ խաղացող իշխանական քարոզիչների դեմ։
Հրապարակ թերթը գրել է․ Բագրատ սրբազանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ քաղաքացիական հայցեր են ներկայացվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ու նրա թիմակիցներ Անի Խաչատրյանի եւ Հայկ Սահակյանի, ՔՊ-ական քարոզիչ-փորձագետ Հարություն Մկրտչյանի, «պեչատով զրպարտիչ» Ստյոպա Սաֆարյանի դեմ:
«Բագրատ սրբազանի ու Սրբազան պայքարի այլ մասնակիցների ապօրինի ձերբակալություններին զուգահեռ, իրավապահ մարմինների, քաղաքական մեծամասնության ու տարբեր օղակների քարոզիչների կողմից նախաձեռնվել էր տեղեկատվական արշավ` անմեղության կանխավարկածի խախտումներով, վիրավորանքներով ու զրպարտիչ արտահայտություններով: Այդ արշավն ուղղված էր ինչպես քաղաքական հետապնդումների ապօրինությունները քողարկելուն, այնպես էլ եւ առավել եւս հետագա ապօրինի գործողությունների, օրինակ, Մայր Աթոռի վրա հարձակում նախապատրաստելուն։ Խոստացել էինք նաեւ անպատասխան չթողնել այդ ապօրինի վարքագիծը»,- գրառմամբ հայտնել էր փաստաբանը։
«Հրապարակը» մի քանի հարց ուղղեց Հովհաննես Խուդոյանին: Նախ հարցրինք, թե այս պահին կոնկրետ քանի քաղհայց են ներկայացրել, ասաց՝ 6։
– Իսկ, ընդհանուր առմամբ, քանի՞ հայցադիմում եք պատրաստվում ներկայացնել։
– Այս շաբաթվա ընթացքում ուզում ենք հասցնել՝ 25-30-ը ներկայացնել, այս 6-ն էլ՝ մեջը, բայց հետագայում եթե այս վարքագիծը շարունակվի, էլի ենք ներկայացնելու։
– Նախկինում Սրբազանը դատի էր տվել Նիկոլ Փաշինյանին, այդ գործն առաջին ատյանի դատարանում վաղեմության ժամկետի կիրառմամբ կարճվեց, նոր հայցերում Փաշինյանի դեմ հայց կա՞։
– Այնտեղ վաղեմության ժամկետների հետ կապված խնդիրներ ունեինք, դրա մասին իմացել ենք մեկ ամիս հետո, հիմա այդ գործը Վճռաբեկ դատարանում է․․. չեմ կարծում, որ նոր հայց կլինի Փաշինյանի դեմ։
– Նոր հայցերն ո՞ւմ դեմ են լինելու։
– Այս պահին կդժվարանամ ասել, կան էլի պատգամավորներ, նախարարներ, չեմ կարող հստակ ասել, ցուցակով գնում ենք, ձեռքիս տակ այս պահին չունեմ։
– Հայցադիմումի հիմքում ֆեյսբուքյան գրառումնե՞րն են։
– Գրառումներ, ելույթներ, ճեպազրույցներ, ցանկացած հրապարակային ինֆորմացիա։
– Եթե նյութերն արտատպվել են, դա հայցադիմում ներկայացնելու հի՞մք է, նկատի ունեմ՝ ինչ-որ մեկը վերցրել է, օրինակ, civic.am-ի նյութն ու որակումներով դրել իր էջում։
– Հա, եթե դա բարեխիղճ վերարտադրություն չէ, իրենց կողմից ավելացնում են վիրավորանք, միանշանակ, կարելի է ներկայացնել, չեմ կարող այս պահին ասել՝ այդպիսի հայցեր կան, թե ոչ։ Այս պահին դատարան ներկայացնում ենք այն հայցերը, որոնք իրավական հեռանկար ունեն։
– Գումարային պահանջ է՞լ եք ներկայացնում։
– Այո, տարբեր չափերի, մի մարդու դեպքում՝ 6, մեկ ուրիշ անձի դեպքում՝ 3, հիմնականում այդ չափն է լինելու։
– Այս քաղաքացիական գործերով ի՞նչ կանխատեսումներ ունեք դատարաններից, երբ տեսնում ենք, որ ընդդիմադիրների նկատմամբ քրեական դատարանները շատ խիստ ու անարդար են վարվում։
– Քաղգործերով մի քիչ ավելի ազատ են լինում, քան քրեականներով, բայց, ենթադրում եմ, քանի որ տեսնում ենք` այս քաղհայցերն անհանգստացնում են, կարող է դատարանների նկատմամբ էլ նոր ճնշումներ սկսեն։
– Կհասնե՞ք մինչեւ ՄԻԵԴ, եթե ձեզ համար ցանկալի որոշումներ չլինեն։
– Ուր որ տեսականորեն հնարավոր է հասնել, կհասնենք: ՄԻԵԴ գնալու համար, եթե մարդու կյանքի ու առողջության հարցը չէ, պետք է ներպետական ատյանները սպառել, նոր գնալ ՄԻԵԴ։
– Բագրատ սրբազանի հետ քննարկե՞լ եք՝ ում դեմ հայց ներկայացնեք։
– Ոչ, ինքը թողել է մեր հայեցողությանը, դիտարկել ենք՝ ով վիրավորանք կամ զրպարտություն կտարածի իր հասցեին, աշխատաժամանակի մեր հնարավորությունների սահմաններում հայցեր ենք ներկայացնելու։
– Երկա՞ր պրոցես կլինի։
– Այսպիսի հայցերն առաջին ատյանում մեկ տարի ձգվում են։ Ամեն դեպքում, կարեւորն այն է, որ հայցերը հիմնավոր են, եթե շատ ուժեղ ճնշում չլինի դատարանների նկատմամբ, դրանք բավարարման ենթակա են, մեկ տարուց, թե երկու տարուց, այդ մարդիկ պետք է նկատի ունենային, որ այսօրվա իրենց խոսքերի համար հետագայում պետք է պատասխան տան։
ՀԳ․ Նկատենք, որ Բագրատ սրբազանի հայցերից պատասխանողներն այնքան են վրդովվել, որ հակաքայլեր են ձեռնարկել, օրինակ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ առավոտից իր համակարգի բազմաթիվ խնդիրներն ու հարցերը մի կողմ դրած՝ առանց հանգստանալու ստատուսներ էր գրում այդ մասին: Ստատուսներից մեկով էլ առաջարկել էր իր բախտակիցներին` միասնական հայց ներկայացնել Սրբազանի դեմ։ Մասնավորապես, «խորը անասուն» արտահայտության համար, որը Սրբազանն օգտագործել է ժողովրդի հասցեին: Բայց եթե իրենց դեպքում կոնկրետ անձն է վիրավորվել` անվանական, ապա ժողովրդին ասված խոսքը չի կարող կոնկրետ անձի կողմից հայցի հիմք հանդիսանալ, քանի որ Քաղաքացիական օրենսգրքով քննարկվում են միայն «Անձի դեմ ուղղված» խոսքը, գործողությունը:
Բաց մի թողեք
Նախարարություններում թիվ 1 ռեժիմ է. ամեն վայրկյան կարող է շուտափույթ հավաքի հրահանգ լինել
«Ով էլ խոսի՜ կրթության մասին». Դպրոցի տնօրենը ինտերնետի գաղտնաբառը դրել է նիկոլփաշինյան․ Մխիթարյան
ԵՊՀ դեկանին ինչ է ասել ԿԳՄՍ նախարարը