23/07/2025

«Ով էլ խոսի՜ կրթության մասին». Դպրոցի տնօրենը ինտերնետի գաղտնաբառը դրել է նիկոլփաշինյան․ Մխիթարյան

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին պաստառ էր բերել՝ «Սովորիր, որ լավ ապրես» գրությամբ, որը սեպտեմբերի 1-ից, ինչպես նա նկատեց, առնվազն բոլոր նորակառույց դպրոցների պատերին փակցված կլինի՝ ուղերձի բովանդակությունն աշակերտներին փոխանցելու համար, որը, ըստ նրա, «ճիշտ է, դիպուկ ու հստակ»։

«Ով էլ խոսի՜ կրթության մասին»․ այսպես է արձագանքում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ու նկատում, որ այսօր կրթական համակարգում դերակատարում են ստանձնել ոչ այնքան կոմպետենտ մարդիկ։ Նա մասնավորապես անդրադառնում է այն հանգամանքին, որ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը դարձել է հավատարմագրված մագիստրոսական ծրագիր ունեցող համալսարան։ Պետական հավատարմագրումը ստացել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման միջազգային կենտրոն» հիմնադրամից, որը կառավարության կողմից լիազորված է՝ կրթության ոլորտում իրականացնել պետական հավատարմագրում։ «Իմ քայլը» հիմնադրամի մագիստրոսական ծրագիրը հավատարմագրումը ստացել է 2024թ. օգոստոսի 12-ին՝ 4 տարով, մինչեւ 2028թ. օգոստոսի 12-ը։

«Յուրաքանչյուր ոլորտում ինչ-որ բան անելու համար անհրաժեշտ են գոնե մարդիկ, որոնք պրոֆեսիոնալներ են, կամ մարդիկ, որոնք գոնե որոշակի անցած ուղի ունեն այդ ոլորտում, որպեսզի նրանց առաջ քաշած գաղափարները, առաջարկությունները հասարակության կողմից ընդունելի լինեն, եւ ասեն՝ այս մարդն անցած ուղի ունի, որոշակի կենսափորձ, արժե նրա հետեւից գնալ։ Մինչդեռ, երբ հակառակն է լինում, եւ մարդը մեկ ուրիշ ոլորտից գալիս-ընկնում է մեկ այլ ոլորտ, որտեղ ընդհանրապես փորձ չունի, նրա յուրաքանչյուր քայլ, կայացրած որոշում կարող է վնաս բերել այդ ոլորտին եւ հաստատ բերում է։ Եվ հիմա, ըստ էության, գործ ունենք նման իրավիճակի հետ, երբ մարդիկ, որոնք կրթության մեջ, մեղմ ասած, այնքան էլ աչքի չեն ընկել, իսկ նրանցից մեկը նույնիսկ բարձրագույն կրթությունը չի ավարտել եւ պետական համալսարանից դիպլոմ չի ստացել, ահա՝ այդ մարդը խոսում է կրթության մասին, ու նրան լսում է նոր սերունդը, որոնք ինչ-որ հարցերում պետք է օրինակներ տեսնեն, որպեսզի նրան նմանվեն։ Դա սովորաբար լինում է այն ուսուցիչը, գուրուն, որին պետք է հետեւել, բայց հիմա ունենք այնպիսի իրավիճակ, որն ընդհանրապես ցանկալի չէ, որպեսզի մեր երեխաները դաստիարակվեն այդ ձեւով»,- ասում է ու հավելում, որ հիմա, ցավոք, ունենք այնպիսի իրավիճակ, որը բնավ չի նպաստում կրթության ոլորտի զարգացմանը։

Թե ինչու է հիմնադրամին նման գործառույթ վերապահվել, Ա․ Մխիթարյանը նկատում է․ «Սա պարզորեն ցույց է տալիս, որ Հայաստանում կան արտոնյալներ, եւ արտոնյալներից ամենաարտոնյալն «Իմ քայլը» հիմնադրամն է, որը, բացի բարեգործական լինելուց, այսուհետ նաեւ կրթական հաստատություն է լինելու։ Եվ հիմա այս հարցին ես կարող եմ պատասխանել որպես ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, քանի որ այս տարվա սկզբին մենք նախաձեռնեցինք Գիտությունների ազգային ակադեմիայում, որպեսզի սեպտեմբերից ունենանք շատ կարեւոր մագիստրոսական ծրագրեր, որոնցից մեկը, օրինակ, ադրբեջանագիտությունն էր եւ հանրային կապերը, որոնք՝ երկուսն էլ շատ կարեւոր են։ Բայց ի՞նչ ճակատագրի արժանացավ մեր նախաձեռնությունը՝ գնաց նախարարություն, որտեղ դրանցից եւ ոչ մեկին արտոնագիր չտրվեց; Ու դրան զուգահեռ ինչ-որ մի հիմնադրամ, որը մի քանի աշխատակից ունի, ամենայն հավանականությամբ, եւ որն ընդհանրապես փորձ չունի կրթության ոլորտում, իսկ բարձրագույն կրթության ոլորտում՝ առավել եւս, մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու հարցում՝ առավել եւս, բայց, ի զարմանս մեզ, նրան տրվում է այդ հնարավորությունը՝ մասնագետներ պատրաստելու։ Սա պարզորեն ցույց է տալիս, որ մեր կրթության ոլորտում կան արտոնյալներ, իսկ սա էլ կոչվում է հովանավորչություն եւ կոռուպցիա»։ Մխիթարյանը նշում է՝ չի զարմանա, որ մի օր էլ հիմնադրամը որոշի դասագրքեր գրել ու տարածել դպրոցներում։

Կրթության փորձագետն անդրադառնում է նաեւ նախօրեին Երեւանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի գրառմանը, որտեղ նա նախօրեին կիսվել էր Նիկոլ Փաշինյանի գրառմամբ՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու վերաբերյալ, եւ գրել, թե «պատրաստ» է։ «Սա խոսում է այն մասին, որ բարոյական նորմերը եւս ոտնահարվում են Հայաստանում, որը մյուս կողմից էլի չի նպաստում կրթությանը եւ դաստիարակությանը, որովհետեւ՝ ինչպե՞ս կարելի է խոսել մի մարդու բարոյականության մասին, որը կրթության ոլորտի մասնագետ է, ունի որոշակի պաշտոն, դիրք եւ պետք է որ ակնածանքի առարկա լինի աշակերտների ու ծնողական համայնքի համար, որոնք իրենց երեխաներին տանում են կոնկրետ այդ դպրոցը, սակայն դպրոցի ինտերնետի «փասվորդը»՝ գաղտնաբառը, դնում է «Նիկոլ Փաշինյան»։ Սրա մասին ինձ զանգել պատմել են ծնողներն ու բողոքել, թե ոնց կարելի է նման բան անել, դպրոցի ինտերնետի գաղտնաբառը դրվի այդ անունը։ Դրանով, ըստ էության, ստիպում են ծնողներին, ուսուցիչներին, երեխաներին, որպեսզի յուրաքանչյուր պահի, երբ նրանք ինտերնետից օգտվեն, հիշեն մի անուն, որը տնօրենի ակնածանքի առարկան է։ Այսպիսի խայտառակ բան»։

Ըստ փորձագետի՝ սա ոչ բարոյական մոտեցում է, որն անթույլատրելի է կրթության մեջ․ «Ես կրթության միջազգային փորձագետ եմ, կրթության քաղաքականության եվրոպական ցանցի ընտրված վարչության անդամ, եւ եթե այսպիսի բան լիներ եվրոպական որեւէ երկրում, առանց հապաղելու նրա վերադասն անմիջապես պետք է ազատեր նրան աշխատանքից, իսկ Հայաստանի դեպքում չեմ զարմանա, որ անձամբ Փաշինյանի կողմից տեղի ունենա տնօրենի պաշտոնի բարձրացում, կամ ավելի լայն առումով նրան նշանակեն կրթության ոլորտի պատասխանատու, խրախուսեն այդ կնոջը, որպեսզի անձի պաշտամունքը տիրապետող դառնա Հայաստանի Հանրապետությունում, որ մեկ մարդու խոսքը տիրապետող դառնա մեզ համար, ինչպես, օրինակ, «Լավ սովորի, որ լավ ապրես» նրա վերջին խոսքը։ Սովետական ժամանակ էլ դպրոցի պատերին գրված էր Լենինի խոսքը՝ «սովորել, սովորել, սովորել», ընդ որում՝ տարբեր լեզուներով էր գրված, եւ հիմա, ըստ էության, գալիս ենք ի շրջանս յուր եւ նույն իրավիճակում ենք հայտնվել»։
Զրուցակիցս ընդգծում է, որ տարվա սկզբին ԿԳՄՍ նախարարը մի հրաման էր ստորագրել, համաձայն որի՝ դպրոցի տնօրենները սոցիալական ցանցերում պետք է ձեռնպահ մնան իրենց կարծիքը կամ քաղաքական բնույթի լոզունգներ տարածելուց, որը կարող է հետեւանքներ ունենալ․ «Հիմա արդյո՞ք այդ հրամանը չի վերաբերում նաեւ այդ դպրոցի տնօրենին։ Չէ՞ որ նա կուրորեն հետեւում է ինչ-որ մեկի ասածին, ով էլ որ նա լինի, դու դպրոցի տնօրեն ես, ինչ-որ արժեքներ ես դավանում եւ այդ արժեքները պետք է փոխանցես նոր եկող սերունդներին, հիմա սա՞ է քո փոխանցած արժեքը։ Իմ առաջարկը՝ եթե նա դիմում չի գրում՝ ազատվելու դպրոցի տնօրենի պաշտոնից, դա պետք է անի նրա վերադասը»։

Այս միջադեպը կարող է նաեւ հետեւանքներ ունենալ, ինչպես, օրինակ, սա․ «Հիմա էլ կարող է ընդդիմադիր հայացքներ ունեցող դպրոցի տնօրենները, իսկ նրանք ավելի շատ են, քան Երեմյանի նմանները, սկսեն նույն բանն անել, իսկ դա կարող է կրթության ոլորտը դարձնել մենամարտի վայր, մեր հասարակությունն ավելի բեւեռացնել, քանի որ յուրաքանչյուր ընտանիք Հայաստանում ինչ-որ կերպ առնչվում է կրթության ոլորտի հետ, բեւեռացնել հասարակությունը եւ բերել բեւեռացված հասարակությանը լիցքաթափման, որը կարող է տեղի ունենալ նաեւ քաղաքացիական բախումների միջոցով, ինչն արդեն չի կարելի բացառել։ Այս հետեւանքների մասին կարծես ոչ ոք չի մտածում, բայց դրանք կարող են լինել»։