23/07/2025

ԶՊՄԿ-ի շահույթը նվազել է բռնի պետականացումից հետո

Նիկոլ Փաշինյանը մոտ 1 ամիս առաջ կառավարության նիստում հայտարարեց, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, եւ որպեսզի այս բռնի «պետականացումը» ժողովրդի աչքին գրավիչ երեւա, հուլիսի 3-ին իր էջում հերթական անգամ հիշեցրեց Զանգեզուրի կոմբինատից ստացվող շահույթի մասին. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 2024 թ․ արդյունքներով, այս շաբաթ ՀՀ պետբյուջե է վճարել 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։

Հրապարակ թերթը գրել է․ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում ունեցած իր 21,87% բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած 2022-ից»։

Հիշեցնենք, որ պետությունը ԶՊՄԿ-ի 21 տոկոսը վերցրեց 2022-ին: Շարքային քաղաքացուն կարող է թվալ, թե ԶՊՄԿ-ի կառավարմանը պետության մասնակցության պահից ի վեր այդ բիզնեսը ծաղկում է: Մինչդեռ ԶՊՄԿ 2024 թ. ֆինանսական հաշվետվությունից, որը կոչվում է՝ «Շահույթի կամ վնասի եւ այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին համախմբված հաշվետվություն 2024 թ. համար», պարզվում է, որ 2024-ին շահույթը շուրջ 30 մլրդ-ով նվազել է․ 2023-ին ԶՊՄԿ-ն ունեցել է մոտ 75 մլրդ 610 մլն դրամի շահույթ, 2024-ին` մոտ 45 մլրդ 161 մլն դրամ:

ԶՊՄԿ-ից հաստատեցին այս թվերը՝ նշելով, որ 2024 թ. հաշվետվությունը հրապարակվել է օրերս, ԶՊՄԿ մամուլի խոսնակն ասաց. «Շահույթը կախված է սովորաբար մետաղների միջազգային գներից եւ հանքաքարում պաշարի պարունակության տոկոսից»: