Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին: Այդ մասին վերջինս տեղեկացրել թելագրամյան գրառման միջոցով:
«Ստամբուլի հանդիպման (ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի) նախօրեին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Անկարա և կարևոր հանդիպում ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- գրել է Երմակը, որին մեջբերել է «Անադոլու» գործակալությունը:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ՝ այդ հանդիպմանը քննարկվել են անվտանգության, տարածաշրջանային կայունությանը սպառնալիքների, ինչպես նաև ռազմաարդյունաբերության ոլորտում հետագա երկկողմ համագործակցության մասին:
Երմակը նաև հայտնել է, որ հանդիպումներ է ունեցել Էրդողանի գլխավոր խորհրդականի Քըլըչի և արտաքին գործերի նախարար Ֆիդանի հետ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Էրդողանն ընդունել է Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությանը:
Turkiye պարբերականը, հղում անելով դիվանագիտական աղբյուրների, տեղեկացնում է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը ժամանել է Անկարա, որպեսզի Թուրքիայի նախագահի հետ քննարկի Վլադիմիր Պուտին-Վլադիմիր Զելենսկի հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:
Թուրքական պարբերականը տեսակետ է հայտնում, որ Անկարան ձգտում է Ուկրաինայի հարցով հասնել Թրամփ-Պուտին-Էրդողան-Զելենսկի քառակողմ հանդիպման:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ակնարկել է, որ Ուկրաինայում հրադադարի հաստատման ժամկետները «կարող են կրճատվել, եթե (Ստամբուլի) բանակցություններում առաջընթաց արձանագրվի»:
Արձագանքելով այդ հայտարարությանը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ Ստամբուլի հանդիպումից «չպետք է ճեղքման սպասել»: Պետք է, սակայն, նկատի ունենալ, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլ կազմակերպելու անհրաժեշտությունն ավելի վաղ քննարկվել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում:
Անկասկած է, որ Ստամբուլի ռուս-ուկրաինական բանակցություններում ոչ միայն ճեղքում, այլև սուբստանտիվ առաջընթաց չի արձանագրվի: Այդուհանդերձ, այդ հանդիպումը, որ, ամենայն հավանականությամբ, դարձյալ կանցնի Հաքան Ֆիդանի միջնորդությամբ, Թուրքիայի արտաքին, աշխարհաքաղաքական ձեռքբերումն է:
Հարկ է արձանագրել, որ նույն օրը Ստամբուլը կյուրընկալի նաև Իրան-եվրապական «եռյակ» բանակցությունները, իսկ այդ հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներգրավվածոությունը նույնպես փաստ է:
Այս ֆոնին Tutkiye-ն փոխանցում է իսպանական լրատվամիջոցներից մեկի հրապարակումը, որ նվիրված է Սյունիքում հաղորդուղիների բացմանը: Հեղինակի ներկայացմամբ՝ այդ նախագիծն ստացել է «Թրամփի կամուրջ» անվանումը, իսկ գաղափարը հուշել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Որքանո՞վ են հավաստի իսպանական պարբերականի տեղեկությունները, այլ հարց է: Էական է, որ Թուրքիան մի քանի ուղղությամբ ձգտում է միջազգային կարևոր դերակատարության և այդ հարցում, կարծես, լուրջ բարդությունների չի հանդիպում:
Կարևոր է նաև ընդգծել, որ Մոսկվայի համար Ստամբուլը շարունակում է մնալ Կիևի հետ բանակցությունների ամենահարմար հարթակը, հանգամանք, որ Հայաստանում պետք է գնահատվի իր ողջ խորությամբ:
Բաց մի թողեք
Ռուսաստանի միջուկային սուզանավերը կարող են «սառեցնել ցանկացած տաք գլուխ». Պատրուշև
Մեսրոպյանի որոշումը հայաստանյան սպառողներին փրկեց մութ ու ցուրտ տարիների վերադարձի սպառնալիքից
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը փափուկ բարձ է դնում Հայաստանի գլխի տակ