Քննարկվող հարցերից մեկն էլ այսօր Բրյուսելի եւ Թբիլիսիի միջեւ՝ Վրաստանի քաղաքացիների համար շենգենյան գոտի առանց վիզային ռեժիմի մուտք գործելու հնարավորության պահպանումն է։
Եվրամիությունը շարունակում է համառորեն պահանջել, որ Վրաստանի իշխանությունները դադարեցնեն այն, ինչը, եվրապաշտոնյաների կարծիքով, դեմոկրատական սկզբունքներից նահանջում է նշանակում։
Եվ որպեսզի կարողանան ճնշել Վրաստանի գործող իշխանություններին, Եվրամիության պատասխանատուները որոշել են վերանայել առանց վիզային ռեժիմը։ Հարցն արդեն քննարկվել է ԵՄ խորհրդի կողմից՝ Բրյուսելում հուլիսի 15-ին տեղի ունեցած նիստում։
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը, ինչպես գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն իր վերլուծականում, հայտարարել է, որ Բրյուսելի առաջ կա դիլեմա, քանի որ Վրաստանի իշխանություններին առանց վիզային ռեժիմի հնարավորությունից զրկումը հարվածում է ոչ թե կառավարությանը, այլ՝ շարքային քաղաքացիներին։
Միաժամանակ, սակայն, Եվրամիությունում չեն պատրաստվում «Վրացական երազանքին» ընդառաջ գնալ։ Եվրահանձնաժողովի՝ Միգրացիայի եւ ներքին գործերի տնօրինությունն էլ Թբիլիսիին ուղարկել է գրություն՝ թվագրված հուլիսի 16-ով, պահանջելով մինչեւ սեպտեմբերի 1-ը տրամադրել ամբողջական տեղեկատվություն այն մասին, թե վրացական կողմն ինչպես է կատարել Եվրամիության՝ վրացական հասարակական կյանքի դեմոկրատացման վերաբերյալ ցուցումները։
Ցուցումները, որոնք տեսականորեն խորհրդատվական բնույթի են, նկատում է Մարկեդոնովը, իրականում ունեն վերջնագրային տոնայնություն, որը չի ենթադրում լայն հասարակական-քաղաքական քննարկում։ Բրյուսելից Թբիլիսիին ուղարկված գրության մեջ նշվում է, որ Վրաստանը լուրջ հետընթաց է ունեցել դեմոկրատիայի հարցում, ինչով պայմանավորված՝ Եվրահանձնաժողովն իրավունք է վերապահում իրենց՝ կասեցնել առանց վիզային ռեժիմը։
Պաշտոնական Թբիլիսին, ինչպեսեւ կարելի էր սպասել, պատասխանել է շատ խիստ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ եթե հարցը դրվում է այնպես, որ կա՛մ խաղաղությունն ու կայունությունը, կա՛մ վիզային ազատականացումը, ապա Վրաստանն անխոս նախապատվություն է տալիս կայունությանն ու խաղաղությանը։
Կոբախիձեն նկատել է, որ շենգեն գոտի այցելության առանց վիզային ռեժիմի հնարավորությունը, իհարկե, կարեւոր է, սակայն այն Վրաստանի գոյատեւման համար գոյաբանական նշանակություն չունի։ Նաեւ ասել է, որ Եվրամիության կողմից Վրաստանին ներկայացված պահանջներն իրավական մշակում չեն անցել եւ իրենցից ներկայացնում են ոչ այլ բան, քան վերջնագրեր եւ քաղաքական պահանջներ։
Վրաստանի վարչապետը ԵՄ ոճայնությունը համեմատել է սովետականի հետ։ Այս ամենից պարզ է մի բան, որ Վրաստան-ԵՄ հարաբերությունները շարունակաբար վատանում են, եւ խնդիրները Թբիլիսիի ու Բրյուսելի միջեւ դեռ շարունակվելու են։
Բաց մի թողեք
Ինչ է «Թրամփի միջանցքը»․ Ինչպես է ստեղծվել Periodista Digita-ի աղմկահարույց հոդվածը
Ալիևին հղած գովասանքի ձոնից հետո Միխայիլ Գուսմանը հեռացվել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնից
Տավուշում նոր տարածքներ են հանձնվելու, տավուշցիները անհանգստացած են