Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, փոխծովակալ Զեքի Աքթյուրքը Ստամբուլի ռազմարդյունաբերության միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը դիմել է Անկարային և «ահաբեկչական կազմակերպությունների, հատկապես ԻԼԻՊ-ի դեմ պայքարում աջակցություն խնդրել»:
Սիրիայում ազդեցության գոտիների հարցով իսրայելա-թուրքական բանակցությունները, որոնց անուղղակիորեն ներգրավված էր նաև Ադրբեջանը, կարելի է համարել վերջնականապես ձախողված:
Եթե Սիրիան Թուրքիայից ուղղակի ռազմական աջակցություն է խնդրել, ուրեմն Թել-Ավիվը և Անկարան այդպես էլ չեն կարողացել համաձայնեցնել այդ երկրում իրենց ներկայության ձևաչափը և սահմանները:
Ընդսմին, խոսքն այն մասին է, որ Թուրքիան պահանջում է Սիրիայի հարավից իսրայելական զինուժի դուրսբերում, իսկ Իսրայելը կտրուկ դեմ է Դամասկոսից հարավ տարածքներում թուրքական ռազմական ներկայությանը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն, իհարկե, խնդիրը ներկայացրել է Սիրիայում «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անհրաժեշտությամբ», բայց գաղտնիք չէ, որ արաբական այդ երկրում թուրքական ռազմական ներկայությունն ուղղված է քրդերի և Իսրայելի դեմ:
Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների քրդական ինքնավարության առաջնորդներին հորդորել է կատարել ավելի վաղ պաշտոնական Դամասկոսի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ինտեգրվել երկրի միասնական իրավա-քաղաքական համակարգին: Քրդական կազմակերպությունները հրաժարվում են ունիտար Սիրիայի մաս կազմել:
Ուշագրավ է, որ Սիրիայից ուղղակի ռազմական աջակցության «խնդրանք» ստանալու մասին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է մի փուլում, երբ տեսակետ է շրջանառվել, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Միացյալ Նահանգների նախագահին հորդորել է համաձայնել Սիրիայում Ռուսաստանի երկու ռազմահենակայանի պահպանմանը:
Իսրայելում ալ-Շարաայի իշխանությունը համարում են «ջիհադական» և գնահատում որպես «հրեական պետությանն անմիջական սպառնալիք»: Թուրքիան, ընդհակառակը, ալ-Շարաայի մերձավորագույն դաշնակիցն է և հասել է նրա որոշակի միջազգային ճանաչման:
Թուրքական ռազմական ներկայության մեծացումը և իրավա-պայմանագրային ֆորմալացումն, ըստ այդմ, լրջագույն մարտահրավեր է Նաթանյահուի կառավարությանը, որ առանց այդ էլ ներքին բարդ խնդիրներ ունի:
Սիրիայում անցյալ տարեվերջին իշխանափոխությունից ի վեր մի քանի անգամ անոնսավորվել է Թուրքիայի նախագահի Դամասկոս այցը, բայց այն դեռևս չի կայացել: Էրդողանը, հավանաբար, Դամասկոս կայցելի, որպեսզի ստորագրի Սիրիայում թուրքական ռազմահենակայաններ ստեղծելու մասին սկզբունքային պայմանագիրը:
Խնդիրն այն է, թե արդյոք Սիրիայի հարավում Թուրքիան ռազմահենակայան կհիմնի՞: Նաթանյահուի կառավարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ դա, ինչպես նաև Սիրիայում թուրքական ՀՕՊ համակարգերի տեղաբաշխումը «կարմիր գիծ է»:
Պետք է, թերևս, դիտարկել, որ Սիրիայում ռազմական ներկայության «խնդրանք ստանալու» մասին Թուրքիան հայտարարում է Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից մոտ մեկ շաբաթ հետո: Այդ հարցում ռուս-թուրքական համաձայնություն ձե՞ռք է բերվել:
Իրավիճակը հետաքրքրություն է ներկայացնում այն առումով, որ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը չի կարող չշոշափել նաև Հարավային Կովկասը:
Բաց մի թողեք
Թուրքիան Ռուսաստանին անկյուն է մղում Ադրբեջանից, հիմա էլ՝ Ուկրաինայից
Արևմուտք – Ռուսաստան նոր առճակատում կլինի՞
Սյունիքի «անցուղու» շուրջ վերջին քննարկումներին Թեհրանը մոտենում է առնվազն ընկալումով