Վերջին երկու շաբաթներին Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում արձանագրվել են տասնյակ հրդեհներ, վնասվել նավթավերամշակման մի քանի գործարաններ և դրանք սպասարկող ենթակառուցվածքներ, մի քանի օրով կասեցվել է Մեշհեդի միջազգային օդանավակայանի գործունեությունը:
Իրանի պաշտոնական քարոզչությունը պատահարներն անվանում է «անփութության» կամ «բնական ազդեցության հետևանք»: «Նյու Յորք թայմսին», սակայն, հայտնի է դարձել, որ իրանական հատուկ ծառայությունները և ոստիկանությունը «շուրջօրյա ռեժիմով ոտքի վրա են», քանի որ քաղաքական վերնախավը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կասկածում են, որ երկիրը ենթարկվում է«Մոսադի» նոր հարձակումներին:
Բաքվի որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես Ադրբեջանի ռազմական գերատեսչության հետ աֆիլացված minval-ը, հղում անելով սեփական վստահելի աղբյուրներին, հայտնում է, որ Իսրայելի և ԱՄՆ օդային հարվածներից հետո իրանական իշխանությունները երկրից Աֆղանստանի ավելի քան մեկ միլիոն քաղաքացու են արտաքսել, տասնյակ ուրիշներ ձերբակալվել են և կասկածում են «Մոսադի» գործակալ լինելու մեջ:
Իսրայելական ynet-ը գրում է, որ պատասխանելով հարցին՝ արդյոք Իրանի տարածքում հաճախակի դարձած պատահարները կարելի՞ է համարել «Մոսադի» կողմից «հատուկ գործողության իրականացում», այդ հատուկ ծառայության տնօրեն Դավիթ Բարնեան հակիրճ պատասխանել է. «Մենք այնտեղ (Իրանում) կլինենք, ինչպես եղել ենք նախկինում»:
Տեղեկատվա-քարոզչական այս բավական վտանգավոր ֆոնն ստեղծվում է Ստամբուլում նախատեսված՝ Իրանի և եվրոպական «եռյակի» բանակցություններին ընդառաջ: Այդ հանդիպումն, ինչպես աղբյուրներն են հայտնում, կազմակերպվել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկությամբ և նպատակ ունի քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի դիվանագիտական կարգավորման հնարավորությունը:
Գրեթե միաժամանակ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Թրամփն սպառնացել է վերստին հարվածներ հասցնել Իրանին, եթե փորձ արվի վերականգնել ուրանի հարստացումը:
Փորձագետների գնահատմամբ՝ Իրանում առնվազն երկու գործարան մնացել է անվնաս և ուրանի հարստացման գործընթացի «վերսկսումը շաբաթների հարց է»: Իրանի նախագահ Փեզեշքիանն իր հերթին ասել է, որ ցանկացած սցենարի պատրաստ են և կարող են դարձյալ ցավոտ հարվածների հասցնել Իսրայելին:
Իրանի շուրջ լարվածության աճը համընկնում է Սյունիքի հարավում հաղորդուղիների բացման վերաբերյալ քննարկումներին: Բաքվի իշխանական լրատվամիջոցը փոխանցել է իսպանական մամուլի մի հրապարակում, ըստ որի «Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև «հուշագիր» է ստորագրվել»:
Իրանում ապակայունացումն, անկասկած, այդ հարցում հավելյալ բարդություններ կստեղծի: Չի բացառված, որ Իսրայելը գործի Թուրքիայի դեմ:
Բաց մի թողեք
Ալիևը ձգտում է նոր կերպարի մեջ մտնել, հաղթահարել Ռուսաստանի նախագահից կախվածությունը
Օվերչուկը չի բացառել՝ Հայաստանը կարող է Եվրամիության գործընկեր լինել՝ պահպանելով Ռուսաստանի հետ ավանդական կապերը
Նոր լարում․ Հույն ապօրինի միգրանտներին հունական ափ են հասցրել Ադրբեջանի քաղաքացիները