Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ վերջին շրջանում աճող լարվածության ֆոնին, Բաքվում ավելի ու ավելի կոշտ ձեւակերպումներ են հնչեցնում ռազմավարական դաշնակից համարվող Մոսկվայի հասցեին:
Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի շրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների, իսկ ավելի վաղ Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետ կապված՝ ռուսական կողմին ուղղված բաց եւ լուրջ մեղադրանքների ֆոնին, հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս կրկին հայտարարեց, թե ավիաաղետի մեղավորները, ըստ էության, ռուսներն են:
Սպառնաց՝ եթե բավարար պարզաբանումներ չտրվեն, մեղավորները չպատժվեն, Բաքուն դիմելու է միջազգային դատարաններ:
Կրեմլի արձագանքը դիվանագիտական ու հակիրճ էր՝ Ադրբեջանի իրավունքն է, կսպասենք դատավճիռներին: Զուգահեռաբար, ադրբեջանական տեղեկատվական տիրույթում եւ ոչ միայն, շարունակվում է հակառուսական համատարած արշավը: Կոչեր են հնչում, թե պետք է «մի լավ դաս տալ», «պատժել» Ռուսաստանին եւ այլն: Այդ համատեքստում հարց է բարձրացվում նույնիսկ ՌԴ-ի հետ սահմանակից ադրբեջանական տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայան տեղակայելու մասին: Ադրբեջանական իշխանամերձ ԶԼՄ-ների հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է պնդումը, թե Բաքվի գործողությունները հայելային են եւ իրավաչափ արձագանք՝ ռուսական կողմի «հակաադրբեջանական քայլերին»: «Ռուսաստանի կողմից բարոյական ու տեղեկատվական հարձակումները պատահական չեն. դրանք տեղի են ունենում Բաքվի՝ Արեւմուտքի հետ ամրապնդված ռազմավարական գործընկերության եւ Ուկրաինային նրա հիմնարար աջակցության ֆոնին: Հնարավոր է՝ Մոսկվա գետի ափին ինչ-որ մեկը մտածել է, որ հենց Կրեմլը Telegram-ի աղբանոցների միջոցով իր դժգոհությունը հայտնի Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ, Բաքուն հնազանդորեն կվերանայի այդ քաղաքականությունը։ Սակայն դա չստացվեց»,- իր նոր հրապարակման մեջ պնդում է «Մինվալ»-ը։
Ըստ հրապարակման, «Ադրբեջանն անկախ պետություն է, մեզ մոտ գոռալու լեզուն չի աշխատում։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ Կրեմլը պարտվում է գաղափարախոսության մեջ, հաճախ դիմում է ուժային ճնշման։ Աճող մեկուսացման եւ արտաքին աշխարհին ուժ ցուցադրելու անհրաժեշտության համատեքստում ռուսական կողմը կարող է փորձել կազմակերպել սահմանափակ ռազմական սադրանք, օրինակ, սահմանին կամ օդային տարածքում»։ «Հնարավոր է նաեւ՝ Մոսկվան վստահ է, որ ոչ ոք չի «կանգնի» նախկին ԽՍՀՄ փոքրիկ մահմեդական հանրապետության կողքին։ Սակայն իրականությունն այն է, որ Ադրբեջանի վրա ուժային ճնշում գործադրելու ցանկացած փորձ ավտոմատ կերպով ազդում է Թուրքիայի (ՆԱՏՕ-ի անդամ է՝ խմբ.) շահերի վրա, որը «Շուշիի հռչակագրի» շրջանակներում հանդես է գալիս ոչ միայն որպես դաշնակից, այլեւ որպես անվտանգության երաշխավոր։ Եթե հակամարտությունը սրվի, Անկարան, հավանաբար, չի հետեւից կողքից։
Ավելին, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմավարական դիրքը Եվրոպայի էներգետիկ քարտեզի վրա, սրացումը կարող է ներառել ավելի լայն կոալիցիա՝ սկսած ԱՄՆ-ից մինչեւ Հարավային Կովկասի կայունությամբ հետաքրքրված ՆԱՏՕ-ի երկրներ»,- շարունակում է հոդվածագիրը։ Ալիեւյան ռեժիմի սազանդարները՝ ԶԼՄ-ներից մինչեւ փորձագիտական շրջանակներ, Ռուսաստանին «հաթաթա տալուց», սպառնալուց եւ Կրեմլի վրա մեծ եղբորը՝ Թուրքիային «տղա բերելու» զգուշացումներից հետո պնդում են. «Մինչեւ վերջերս Ադրբեջանը վարում էր բավականին զուսպ եւ հավասարակշռված քաղաքականություն։ Սակայն ցանկացած քաղաքականություն կառուցվում է՝ հաշվի առնելով առկա սպառնալիքները, մարտահրավերները եւ իրականությունը։ Եվ այսօր, աճող սպառնալիքի պայմաններում, Բաքուն իրավունք ունի դիտարկել արմատական զսպման միջոցառումներ։ Հնարավոր քայլերից մեկը կարող է լինել Ադրբեջանում ՆԱՏՕ-ի բազայի տեղակայումը, օրինակ՝ Խաչմազի շրջանում, Ռուսաստանի հետ սահմանի մոտ։ Նման քայլը չի խախտի միջազգային իրավունքը եւ կհիմնվի Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործող Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) վրա։ Ավելին, սա կլինի ուղղակի ազդանշան. միակողմանի ռազմական դիկտատների դարաշրջանն ավարտվել է, եւ Ադրբեջանի ինքնիշխանության դեմ ուղղված յուրաքանչյուր քայլ կունենա իր գինը»։
Սրանք, ինչպես ասում են, սոսկ «ատամ ցույց տալու» փորձեր չեն, եթե հաշվի առնենք վերջին օրերին սկսված Բաքու-Վաշինգտոն «վարդագույն սիրախաղը», որն ուղեկցվում է Ալիեւի եւ Թրամփի փոխադարձ «երդումներով ու հաճոյախոսություններով»: «Մոսկվան պետք է հստակ հասկանա, որ Հարավային Կովկասում կրակի հետ խաղալը կարող է ավարտվել կրակով, որից կտուժեն բոլորը, առաջին հերթին՝ Ռուսաստանը։ Բաքուն չի ձգտում առճակատման, բայց չի մտադրվում նահանջել ճնշման տակ։ Եթե սեղանին արմատական լուծումներ են դրված, մեղավորը ոչ թե ադրբեջանական դիվանագիտությունն է, այլ՝ ռուս սադրիչները»,- եզրափակում է «Մինվալ»-ը։
Բաց մի թողեք
Ինչ է «Թրամփի միջանցքը»․ Ինչպես է ստեղծվել Periodista Digita-ի աղմկահարույց հոդվածը
Ալիևին հղած գովասանքի ձոնից հետո Միխայիլ Գուսմանը հեռացվել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնից
Ինչ գիտի Իրանը Սյունիքում «Թրամփի կամուրջ» ստեղծելու մասին