Ուկրաինայում արդեն մի քանի օր է՝ բողոքի լայնածավալ ցույցեր են:
Հուլիսի 23-ի երեկոյան Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում շարունակվել են ցույցերը Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (НАБУ) և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության (САП)՝ անկախությունը սահմանափակող օրենքի դեմ։
Օրենքն ընդունվել է Գերագույն ռադայի կողմից հուլիսի 22-ին։ Այդ երեկոյան չնայած բողոքի ցույցերին և մասսայական դժգոհության ալիքին՝ այն ստորագրվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից։
Հուլիսի 23-ին մի քանի հազար մարդ հավաքվել է Կիևում՝ Իվան Ֆրանկոյի հրապարակում, որը գտնվում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի շենքից ոչ հեռու, և որի մուտքը փակվել է ռազմական դրություն հայտարարելուց հետո։
Քաղաքացիները պահանջել են, որ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները պաշտպանվեն միջամտությունից և ճնշումներից։
Նրանք վանկարկել են «Ամո՛թ», «Չեղարկե՛լ» և այլ նմանատիպ կարգախոսներ։
Ոմանք պաստառներ են պահել՝ «12414-վետո!», «Իշխանություն = դավաճանություն», «Ահա մենք ենք կրկին», «Ընդդեմ բռնապետության», «Յանուկովիչը վատ ավարտ ունեցավ», «Իմ վախը կարված շուրթերն են», «ՆԱԲՈՒ-ի և ՍԱՊ-ի ավարտը՝ կոռուպցիայի դարաշրջանի սկիզբ», «Կոռուպցիան ծափահարում է կանգնած», «Իշխանության նկատմամբ՝ ազատություն շղթաներով» և այլ կարգախոսներով։
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ հուլիսի 23-ին նմանատիպ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Զապորոժիեում, Խարկովում, Չեռնովցիում, Դնեպրում, Նիկոլաևում, Լվովում և այլ քաղաքներում: Ըստ տեղեկությունների՝ դրանց աջակցել են բազմաթիվ երիտասարդներ: Բացի այդ՝ բողոքի ցույցերին միացել են հասարակական գործիչներ, նախկին զինվորականներ և նախկին ռազմագերիներ։
Ի՞նչ է НАБУ-ի և САП-ի՝ երկրում անկախությունը սահմանափակող օրենքը, և ինչո՞ւ է այն ենթարկվում քննադատության
НАБУ-ի և САП-ի՝ անկախությունը սահմանափակող օրենքի ընդունումն ու ստորագրումը Ուկրաինայում սուր քննադատություն է առաջացրել ոչ միայն երկրում, այլև միջազգային գործընկերների կողմից։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Զելենսկիից «բացատրություններ» է պահանջել այս կապակցությամբ:
«Նախագահ ֆոն դեր Լեյենը իր խիստ կասկածներն է հայտնել այս փոփոխությունների հետևանքների վերաբերյալ և բացատրություն է խնդրել Ուկրաինայի կառավարությունից»,- հուլիսի 23-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը։
Իր հերթին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախության սահմանափակումը «դժվարացնում է Ուկրաինայի ճանապարհը դեպի ԵՄ»:
Հուլիսի 22-ին ուկրաինացի պաշտոնյաները չեն կարողացել արձագանքել քննադատությանը, սակայն հուլիսի 23-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կառավարությունը վերլուծել է «բոլոր մտահոգությունները, բոլոր ասպեկտները, թե ինչը պետք է փոխվի, և ինչը պետք է ուժեղացվի»։ Միևնույն ժամանակ պետության ղեկավարը խոստացել է Գերագույն Ռադայի քննարկմանը ներկայացնել օրինագիծ, որը կպարունակի «կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտների անկախության բոլոր նորմերը»։
Բանն այն է, որ օրենքը, ըստ էության, գլխավոր դատախազին է ենթարկում կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված երկու գործակալությունները՝ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը։ Այստեղ կասկած է հարուցում այն, որ գլխավոր դատախազին նշանակում է նախագահը, և գլխավոր դատախազը ուղիղ ենթակա է իրեն: Ստացվում է՝ կոռուպցիայի դեմ պայքարն անկախ կառույցներով չի անցնում, այլ ուղիղ քաղաքական հսկողությամբ:
Մասնագետներն ու ընդդիմությունը նշում են, որ ըստ էության խոսքը Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների ոչնչացման մասին է։
Հակակոռուպցիոն գործակալությունների ղեկավարները կոչ էին արել երկրի նախագահին չստորագրել այս փաստաթուղթը, սակայն չնայած բողոքներին և 12414 օրենքի վրա վետո դնելու կոչերին՝ հուլիսի 22-ի երեկոյան՝ երեքշաբթի օրը, Վլադիմիր Զելենսկին այնուամենայնիվ ստորագրել էր այն։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է BBC-ն, փաստաթղթի վրա նախագահի ստորագրությունը մի քանի անգամ հայտնվել և անհետացել է։
Գլխավոր դատախազը, ինչպես նշում են փոփոխությունների քննադատները, այս օրենքով իրավունք կունենա պահանջել НАБУ-ի ցանկացած վարույթ և դրանք փոխանցել մեկ այլ դատախազի քննարկման, չնայած մինչ այդ արգելվում էր հետ վերցնել վարույթը կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյից։
Բացի այդ՝ նոր օրենքը Զելենսկու կողմից նշանակված գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոյին իրավունք է տալիս քննարկել բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված բոլոր քրեական գործերը կարճելու և այդ գործերը վերաքննելու վերաբերյալ միջնորդությունները։
Բաց մի թողեք
Ինչ է «Թրամփի միջանցքը»․ Ինչպես է ստեղծվել Periodista Digita-ի աղմկահարույց հոդվածը
Ալիևին հղած գովասանքի ձոնից հետո Միխայիլ Գուսմանը հեռացվել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնից
Տավուշում նոր տարածքներ են հանձնվելու, տավուշցիները անհանգստացած են