Թեհրանում կայացել է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հանդիպում, որի նպատակն իրանական միջուկային ծրագրի շուրջ ընդունելի լուծում գտնելն է: Այդ մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան»՝ առանց մանրամասնելու, թե եռակողմ քննարկումներն ինչ մակարդակով են կազմակերպվել կամ արդյոք դրանք շարունակություն կունենա՞ն:
Նույն հարցով Իրանը հուլիսի 24-25-ին Ստամբուլում բանակցություններ կվարի եվրոպական «եռյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ: Այս դեպքում հայտնի է, որ կողմերը կներկայանան փոխարտգործնախարարների մակարդակով:
Զուգահեռաբար տեղեկություն է տարածվել, որ Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական Լարիջանիի և ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումից հետո Մոսկվա է այցելել Իրանի պաշտպանության նախարար Նասիրզադեն և բանակցություններ վարել ռուսաստանցի պաշտոնակից Բելաուսովի հետ: Իրանն ունի ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգը վերականգնելու խնդիր:
Նասիրզադեի Մոսկվա այցին չափազանց կոշտ արձագանքել է Իսրայելի ռազմա-քաղաքական կաբինետի անդամ Էլկինը: Նա բացահայտ սպառնացել է, որ եթե Ռուսաստանն Իրանին նորագույն ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարի, ապա Իսրայելը վկարվի այնպես, ինչպես ոչնչացրել է ռուսաստանյան C- 300 համակարգերը:
Reuters-ին հայտնի է դարձել, որ Իրանի դեմ հարձակումից ամիսներ առաջ, մոտավորապես փետրվարի վերջին կամ մարտի սկզբին Իսրայելի վարչապետի ռազմական խորհրդատու գեներալ-մայոր Ռոման Հոֆմանը «գաղտնի այցելել է Մոսկվա»:
Ըստ նույն աղբյուրի՝ Հոֆմանը ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցել է վարչապետ Նաթանյահուի ուղերձը, որ Իսրայելը դեմ չէ Սիրիայում Ռուսաստանի երկու ռազմահենակայանների պահպանմանը:
Reuters-ը նույնիսկ կարծիք է հայտնել, որ եթե այդ ռազմահենակայաններն առայսօր գործում են, ապա շնորհիվ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի, ով կարողացել է այդ հարցում համոզել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Սիրիայում Ռուսաստանի երկու ռազմահենակայանների հարցում Իսրայելի դիրքորոշումը պարզապես տուրք չէ Մոսկվային:
Նաթանյահուն իր հաշվարկն ունի, Ռուսաստանն այդ ներկայությամբ հակակշռում է Սիրիայի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու Թուրքիայի հավակնությունները:
Այդուհանդերձ, ինչպես երևում է Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների բանակցությունների վերաբերյալ Իսրայելի ռազմա-քաղաքական կաբինետի ներկայացուցչի հայտարարությունից, Նաթանյահուի համար Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում «կարմիր գիծն» Իրանին ռուսաստանյան սպառազինությունների մատակարարումն է:
Ռուսաստանի նախագահ Պուտինն, այսպիսով, հայտնվել է Նաթանյահուի և Փեզեշքիանի միջակայքում, և դա չափազանց բարդ ընտրություն է. Մոսկվան չի կարող հրաժարվել Իրանի հետ ռազմավարական գործընկերությունից:
Հակառակ դեպքում նրա ազդեցությունը կթուլանա ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Մյուս կողմից, սակայն, ուկրաինական պատերազմի ավելի քան երեքուկես տարիներին Իսրայելը հիմնականում չեզոքություն է պահպանել, և Վլադիմիր Պուտինը հազիվ թե այն փորձության ենթարկի:
Ռուսաստանը, իհարկե, Իրանի և Իսրայելի միջև միջնորդության առաջարկություն արել է, բայց դիվանագիտական այդ նախաձեռնությունը, կարծես, առայժմ մնում է չպահանջված: Իր հերթին Իրանը փորձում է անվտանգային հավելյալ ռեսուրսներ ներգրավել Պակիստանից: Ըստ երևույթին՝ այդ դեպքում էլ Չինաստանն է զգուշանում Իրանին ուղղակի աջակցություն ցուցաբերելու հարցում՝ խնայելով Միացյալ Նահանգների հետ առանց այդ էլ շատ բարդ հարաբերությունները:
Կոնկրետ այս իրավիճակում ռուս-իրանական ռազմական համագործակցությունը կարող է լրջորեն ազդել Հարավային Կովկասում կարգավորումներին: Բայց հարց է՝ Մոսկվան կգնա՞ Իսրայելի, հետեւաբար նաև ԱՄՆ-ի հետ բաց առճակատման:
Բաց մի թողեք
Ինչ է «Թրամփի միջանցքը»․ Ինչպես է ստեղծվել Periodista Digita-ի աղմկահարույց հոդվածը
Ինչ գիտի Իրանը Սյունիքում «Թրամփի կամուրջ» ստեղծելու մասին
ՆԱՏՕ-ի ռազմակայան կտեղակայվի Ադրբեջանում, նոր սրացում Կրեմլի դեմ