Այնպես է ստացվել, որ մեր հույսը մնացել է Աստվածը, որը, հուսով ենք` վաղ թե ուշ կպատժի եւ ճիշտ ուղի ցույց կտա բոլոր մարդկային, բարոյական, պետական, սահմանադրական օրենքները խախտած իշխանավորներին եւ արտաքին ուժերն ու միջազգային կառույցները, որոնք ինչ-որ ձեւով կփորձեն կանխել Հայաստան պետության ոչնչացումը, մարդու իրավունքների տոտալ ոտնահարումները, դեմոկրատական արժեքներից հրաժարումը, երկրում սահմանադրական կարգի տապալումը:
Պատահական չէ, որ ընդդիմությունը պարբերաբար դիմում է միջազգային իրավապաշտպան կառույցներին, ԵԽԽՎ-ին, Վենետիկի հանձնաժողովին` փորձելով նրանց ներգրավել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մեջ, ստիպելով, որ կարծիք հայտնեն, ՀՀ իշխանություններին ինչ-որ բան պարտադրեն:
Իհարկե, արեւմտյան կառույցներն իրենք էլ են վերջին տարիներին հեռացել ժողովրդավարական արժեքներից եւ այնքան շատ խնդիրներ ունեն, որ դժվար է նրանցից գործուն աջակցություն ակնկալելը:
Մանավանդ որ ՀՀ իշխանությունները որոշակի քաղաքական հրահանգներ են կատարում եւ արցախյան ու շատ այլ հարցերում էլ գնում են աշխարհի համար ընդունելի լուծումների, ուստի քաղաքական աջակցություն ունեն միջազգային այդ կենտրոններից:
Բայց, այնուամենայնիվ, որոշ դեպքերում հաջողվում է ճեղքել այս սառն անտարբերությունն ու հայի, Հայաստանի դեմ ուղղված քաղաքականությունը, ինչպես երեկ եղավ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման տեսքով: Իհարկե, դա վերջնական հաղթանակ չէ, եւ օրենքների վրայով աջ ու ձախ քայլող իշխանությունների համար կարող էր այդ որոշումը ոչինչ էլ չնշանակել, բայց ամեն դեպքում տեսանք, որ իշխանությունը փորձեց մեղմել իրավիճակը եւ ինչ-որ արդարացումներ գտնել, թե ինչու են ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակել եւ նման քայլերի գնացել:
Վերջին սոցհարցումներից հետո բազմապատիկ շոկի ենթարկված Նիկոլ Փաշինյանը, ըստ որոշ տեղեկությունների, իր կուրացիայի տակ գտնվող արեւմտամետներին ակտիվանալու, հակառուսական կոշտ ակցիաներ նախաձեռնելու հրահանգ է իջեցրել։
Բանն այն է, որ բոլոր հարցումները ցույց են տալիս՝ ժամանակը ոչ միայն իշխանության վարկանիշի դեմ է աշխատում, այլեւ՝ արեւմտամետների։
Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցումներով՝ մոտ 10 տոկոսով պակասել է արեւմտամետների ցուցանիշը։
Եթե ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն նշանակված լիներ գալիք կիրակի, ինչպե՞ս կքվեարկեին շարքային քաղաքացիները․ հարցման մասնակիցների 49 տոկոսն է հայտարարել, որ կողմ կքվեարկեր, իսկ 15 տոկոսը նշել է, որ դեմ կլիներ, 31 տոկոսը՝քվեարկությանն ընդհանրապես չի մասնակցի։
Անցած տարվա սեպտեմբերին անցկացված նույն հարցման համեմատ Եվրամիությանն անդամակցության կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է մոտ 10 տոկոսով։
Մինչդեռ Փաշինյանի հույսը գալիք ընտրություններին եվրոպամետների դաշինքն է, որի հետ հետընտրական կոալիցիայի շնորհիվ հույս կարող է ունենալ, որ իշխանության կմնա։
Ըստ այդմ՝ առաջիկայում արեւմտամետ կոչված խմբակները հակառուսական ակտիվ ակցիաներ կիրականացնեն, օրինակ, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, պատրաստվում են Գյումրիում ակցիա անել՝ պահանջելով 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ