27/07/2025

Ալիևը ձգտում է նոր կերպարի մեջ մտնել, հաղթահարել Ռուսաստանի նախագահից կախվածությունը

Բնապահպանական հարցերով Ալթայում ՌԴ կառավարության կազմակերպած խորհրդաժողովի շրջանակներում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ բավական բաց շփում է ունեցել:

Նրան ուղղվել է նաև Ադրբեջան այցի հավանականության մասին հարց, ինչին ի պատասխան Օվերչուկը խոստովանել է, որ «նման հրավեր, ցավոք, առայժմ չկա»: Օվերչուկը Ռուսաստան-Ադրբեջան առևտրա-տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահն է:

Նրա Բաքու այցը նախատեսված էր հուլիսի սկզբներին, բայց չեղարկվեց ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության պատճառով:

Այդ առթիվ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում Օվերչուկի և առհասարակ Ռուսաստանի որևէ պաշտոնական պատվիրակության Բաքու այցը «նպատակահարմար չէ»:

Օվերչուկը ՌԴ կառավարության նախագահի հետ գտնվում էր Ալթայում, երբ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնեցին, որ վարչապետ Միշուստինը ստորագրել է Միխայիլ Գուսմանին ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին կարգադրություն:

Տառացիորեն երեք օր առաջ Միխայիլ Գուսմանը գտնվել է օկուպացված Ստեփանակերտում և մասնակցել Իլհամ Ալիևի կազմակերպած «միջազգային մեդիաֆորումին»: Բաքուն ինչու՞ է Գուսմանի այցը նպատակահարմար տեսել՝ դժվար է ենթադրել:

Միխայիկ Գուսմանը ծնունդով Բաքվի հրեա է, ավարտել է Ադրբեջանի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը և Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը:

Օկուպացված Ստեփանակերտում Գուսամանը դրվատանքի խոսքեր է ասել Իլհամ Ալիևի հասցեին Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը գնահատել «բացառիկ», անգամ «դժվարացել ցույց տալ նման մի այլ երկիր»:

Ադրբեջանական մամուլը Գուսմանի պաշտոնանկությանն անդրադարձել է չափազանց սառը, պաշտոնական տեղեկատվությունից զատ որևէ կարծիք չի արտահայտել:

Կարծիք կա, որ Ստեփանակերտի «մեդիաֆորումի» ընթացքում Ուկրաինային Ալիևի արած կոչը կարող է Գուսմանի պաշտոնանկության պատճառ լինել: Ավելի հավանական է թվում, սակայն, որ Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը Գուսմանին Բաքու է գործուղել, որպեսզի նա Ալիևից ՏԱՍՍ-ի համար հարցազրույց վերցնի:

Գուսմանը ոչ միայն ծնունդով Բաքվից է, այլև որոշ ժամանակ աշխատել է Հեյդար Ալիևի կոմունիստական իշխանության համակարգում՝ գլխավորելով Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունների միությունը: Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ Մոսկվայում աշխատանքի անցնելու համար պարտական է Հեյդար Ալիևին:

Ըստ երևույթին, Գուսմանը գործի է դրել բոլոր կապերն ու հնարավորությունները, բայց Իլհամ Ալիևը մերժել է հարցազրույց տալ: Ըստ էության, Միխայիլ Գուսմանը դիվանագիտական առաքելությունը ձախողել է, ինչը նրան պաշտոնանկություն է արժեցել:

Նույն օրը, երբ հրապարակվել է Գուսմանին պաշտոնից ազատելու մասին տեղեկությունը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրեթե մեկամսյա լարվածությունից ի վեր առաջին անգամ խոստովանել է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում «բոլորովին էլ լավ ժամանակներ չեն»:

Այս գնահատականն արդեն լուրջ է: Կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիևը Մոսկվայի հետ գնում է «ժառանգական կապի խզման»: Կրթությամբ և դաստիարակությամբ նա մոսկովյան կոմկուսակցական և չեկիստական շրջանակների հավաքական կերպար է, և այդ իմիջը հմտորեն օգտագործել է, որպեսզի «նույն շինելից դուրս եկած» Վլադիմիր Պուտինի հետ վստահելի հարաբերություններ հաստատի:

Այսօր, կարծես, Ալիևը ձգտում է նոր կերպարի մեջ մտնել, հաղթահարել Ռուսաստանի նախագահից կախվածությունը: Որքանո՞վ կհաջողվի կամ ի՞նչ հակաքայլեր կարող է ձեռնարկել Վլադիմիր Պուտինը՝ ցույց կտա ժամանակը: