27/07/2025

Թուրքիան Ռուսաստանին անկյուն է մղում Ադրբեջանից, հիմա էլ՝ Ուկրաինայից

Ստամբուլի Չրաղան պալատում մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը, որին ընդառաջ Ուկրաինայի նախագահի Գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ապա և ուկրաինական պատվիրակության անդամներն Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Էրդողանին:

Ինչպես և ակնկալվում էր, ռուս-ուկրաինական բանակցություններն ընթանում են թուրքական կողմի միջնորդությամբ, բայց, ի տարբերություն նախորդ երկու փուլի, այս անգամ Անկարան ներկայացված է ոչ միայն արտաքին գործերի նախարարի, այլև ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի և Ազգային հետախուզության ծառայության տնօրենի մակարդակով:

Թուրքական լրատվամիջոցները ներկայացրել են բանակցությունների մեկնարկին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի ելույթի հիմնական թեզերը: Դրանց շարքում աչքի է զարնում նրա այն միտքը, որ բանակցությունների նպատակը կողմերի միջև հրադադարի հաստատման համաձայնության հասնելն է: «Թուրքիան անհրաժեշտ ենթակառուցվածքային միջոցներ ունի, որպեսզի մշտադիտարկի կրակի դադարեցման ռեժիմը »,- ասել է Ֆիդանը:

Նման հրապարակային հայտ Թուրքիան ներկայացնում է առաջին անգամ: Ընդսմին, Ֆիդանը երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին և Վլադիմիր Զելենսկուն՝ բանակցությունների նոր փուլի կազմակերպման ջանքերի համար, ինչից հասկացվում է, որ Ստամբուլի հանդիպումը կարող է եթե ոչ վճռորոշ, ապա առնվազն հանգրվանային լինել:

Կա՞ նախնական համաձայնություն, որ ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հաստատման դեպքում Թուրքիան տեխնիկական միջոցներով կվերահսկի կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը: Ռուսաստանն, ինչպես հայտնի է, մերժել է ռազմաճակատային գծի երկայնքով, բայց Ուկրաինայի տարածքի խորքում եվրոպական խաղարարար ուժեր տեղաբաշխելու գաղափարը:

Եթե հրադադարի ռեժիմի վերահսկման հարցում Թուրքիայի հնարավոր ներգրավվածությունը կողմերի հետ քննարկված չլիներ, ապա Ֆիդանը հազիվ թե իրեն թույլ տար նման սկզբունքային առաջարկություն հնչեցնել:

Խոսքն, իհարկե, «բավարար ենթակառուցվածքային միջոցներով դիտարկում իրականացնելու» մասին է, բայց եթե նման համաձայնություն ձեռք բերվի, դա կնշանակի, որ Թուրքիան ռուս-ուկրաինական հակամարտության գոտում ռազմական ներկայություն կունենա:

Մյուս կողմից Թուրքիան Ադրբեջանի հետ քննարկում է հարաբերությունների էլ ավելի բարձր մակարդակի հնարավորությունը: Բաքվի քաղաքական և փորձագիտական շրջանակները խոսում են Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմահենակայաններ տեղաբաշխելու անհրաժեշտությունից:

Եթե անգամ կողմերը նման համաձայնության չհանգեն, ակնհայտ է, որ Թուրքիան Ադրբեջանում ռազմական ներկայություն ունի: Թուրքիան Ռուսաստանին հակակշռում է նաև Սև ծովում՝ արդիականացնելով նավատորմը, մեծացնելով ռազմա-ծովային ներուժը:

Ուկրաինայում թեկուզ ենթակառուցվածքային միջոցների տեսքով ռազմական ներկայության հասնելու դեպքում Թուրքիան փաստացի Ռուսաստանը «կոշտ գրկախառնության» կառնի, ինչը նրան հնարավորություն կտա աշխարհաքաղաքական դերակատար լինել ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Արևելյան Եվրոպայում: