Սյունիքում «Թրամփի կամուրջ» ստեղծելու մասին իսպանական մի լրատվամիջոցի հրապարակումը, հավանաբար, տեղեկատվա-քարոզչական սադրանք է, որի պատվիրատուն կարող է լինել Ադրբեջանը:
Մեծ է հավանականությունը, որ շահառու է նաև Ռուսաստանը, եթե նկատի ունենանք, որ թե «բնագրում», թե դրա շուրջ Կրեմլի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանի արձագանքում հստակ դիտարկվում է իրանա-ամերիկյան «առճակատման հետևանքներով մտահոգություն»:
Ռուսաստանը և Ադրբեջանը դիվանագիտական լարվածությունը չեն հաղթահարել: Արտառոց է, որ Թուրքիան Պուտինին և Ալիևին «հաշտեցնելու» նախաձեռնություն չի ցուցաբերում, ինչից կարելի է ենթադրել, որ Մոսկվայի և Բաքվի միջև սրացման բուն պատճառը ոչ ադրբեջանական օդանավի կործանումն է, ոչ էլ Եկատերինբուրգում և Սարատովում մի քանի էթնիկ ադրբեջանցիների կալանավորումը:
Ավելի վաղ նկատել ենք, որ Ալիևի համար Ռուսաստան-Իրան երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության տրանզիտի ապահովումը լրջագույն խնդիր է: Նա Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ հարաբերությունների նախկին մակարդակը վերականգնելու նպատակ ունի, իսկ Վաշինգտոնը, անկախ ով է Սպիտակ տան «տերը», չի կարող ռուս-իրանական ռազմավարական գործընկերությանը «մատների արանքով նայել»:
Սյունիքում ԱՄՆ «ռազմական ներկայությանն Իրանի դիմադրության» մասին խոսում են նաև Հայաստանի ընդդիմությունն ու նրա հետ աֆիլացված քաղաքագետները: Նրանք, սակայն, «մոռանում են», որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը տեղի է ունեցել Իրանի բացարձակ չեզոքության պայմաններում: Եվ ասել, թե Իրանը չգիտեր, որ իր հյուսիսային սահմաններին աշխարհաքաղաքական վճռորոշ փոփոխություն է տեղի ունենում, կնշանակի թերագնահատել Իսլամական հանրապետությանը, նրա ռազմա-քաղաքական վերնախավին, հետախուզությունը, հատուկ ծառայությունները և ուղեղային կենտրոնները:
Թեհրանի արտաքին քաղաքականությունը դիտարկելիս պետք է, երևի, նկատի ունենալ, որ Իսլամական հանրապետությունը նոր իրավիճակի մի քանի սցենարների է պատրաստ: Եվ դրանցից մեկը թուրքական աշխարհի հետ սկզբունքային համաձայնության տարբերակն է: Շատ հնարավոր է, որ դա իրավիճակային կամ նույնիսկ հարկադրված «ընտրություն է», բայց Հայաստանը չի կարող անվերջ սպասել Իրանի «դեգերումներին»: Մանավանդ որ ոչ մի երաշխիք չկա, որ Թեհրանը վաղը չի կատարի մի այնպիսի քայլ, որ Երևանին «կբերի սառը անակնկալ»:
Եթե վարկածական հաշվարկ կատարենք, ապա կարող ենք հնարավոր համարել Հարավային Կովկասում հաղորդուղիների բացման տարբերակ, երբ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կհամաձայնեն «ուղղահայացի և հորիզոնականի համադրմանը»: Այսինքն, Վաշինգտոնը կարող է հաշտվել Ռուսաստան-Իրան «ուղղահայացի», իսկ Ռուսաստանը՝ Միացյալ Նահանգների «հսկողությամբ» Չինաստան-Եվրոպա «հորիզոնականի» գործարկման հետ:
Ի վերջո, Սյունիքի անցուղին աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական նշանակության «երթուղու» հանգուցակետ է, ոչ թե՝ Ադրբեջան-Նախիջևան «անխոչընդոտ անցման» թեմա: Եվ այս դեպքում ոչ ոք չի կարող վստահաբար պնդել, որ Իրանի համար իր սահմանին ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի ներկայությունը միանշանակորեն ընդունելի է, հակառակ դեպքում «Թեհրանը կդիմի ուժի»:
Հնարավոր մի քանի տարբերակներից, ամենայն հավանականությամբ, Իրանին ավելի ձեռնտու է, որ Մեղրիի անցուղին մնա ոչ միայն Հայաստանի իրավազորության, այլև նրա սահմանային և մաքսային հսկողության ներքո: Բայց չպետք է մոռանալ, որ Իրանը նաև Ադրբեջանին Նախիջևանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության «Արաքսի միջանցք» է առաջարկում, հանգամանք, որ Իլհամ Ալիևին դիվանագիտական առավելություն է տալիս. նա պարբերաբար ասում է, որ Ադրբեջան-Նախիջևան կապի այլընտրանք ինքն ունի, թող Հայաստանը մտածի, որ տարածաշրջանային բոլոր նախագծերից վերջնականապես դուրս է մնում:
Նման գերլուրջ հարցերի վերաբերյալ զուտ քաղաքական կողմնորոշման բերումով դիտարկումները Հայաստանին ոչինչ չեն տալիս, եթե չասենք, որ զգալիորեն սահմանափակում են նրա մանևրի հնարավորությունները:
Տվյալ դեպքում, երևի, ելակետային պիտի տեսնել այն, որ քառասունչորսօրյա պատերազմում Իրանը գերազանց տեսնում էր, թե ինչ է կատարվում: Եվ եթե հաշվարկներում «սխալվել է», ապա «շտկումներն անելն» իր խնդիրն է: Հայաստանին մի բան է մնում՝ ոչինչ չանել Իրանի շահերի դեմ, ինչը և արվում է:
Բաց մի թողեք
գերմանիան ստեղծում է աշխարհում ամենահզոր բանակը․ Լուսանկար
Միակ փրկությունը երկիրը հուդաներից մաքրելն է, որտեղ էլ որ լինեն
Ֆրանսիան կարող է լրջորեն հակակշռել Մերձավոր Արևելքում «օսմանյան ժառանգության վերականգնմանը»