27/07/2025

Ինչ է «Թրամփի միջանցքը»․ Ինչպես է ստեղծվել Periodista Digita-ի աղմկահարույց հոդվածը

ՀՀ կառավարությունը, իշխանության տարբեր ներկայացուցիչներ, որոշ, հատկապես մերձիշխանական փորձագետներ երեկվանից մեծ աղմուկ են բարձրացրել իսպանական Periodista Digita կայքի մի հոդվածի պատճառով:

Հիշեցնենք․ իսպանական այս պարբերականը պնդում է, թե իրենց ձեռքին Ֆրանսիայի հայկական սփյուռքի ջանքերով ձեռք բերված մի փաստաթուղթ է հայտնվել, այսպես կոչված. «Գաղտնի հուշագիր» վերտառությամբ, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ԱՄՆ-ին 99 տարով հանձնել Սյունիքի 42 կիլոմետրանոց ճանապարհահատվածը (այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», որը թուրք-ադրբեջանական տանդեմի բազմամյա եւ սեւեռուն նպատակադրումն է՝ խմբ.):

Նշվում է նաեւ, որ հուշագիրն արդեն վավերացվել է Երեւանում, Բաքվում եւ ԱՄՆ-ում` երեք երկրների ղեկավարների կողմից: Ի թիվս այլնի, այն ենթադրում է նաեւ ամերիկյան ռազմական ներկայություն Սյունիքում, թեպետ՝ ոչ կանոնավոր բանակի, այլ՝ ռազմական մասնավոր կազմակերպության տեսքով:

Միջանկյալ հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջեւան ճանապարհն ամերիկյան կառավարման հանձնելը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հուլիսի 16-ին հաստատել էր, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի ճանապարհների հարցով, եւ իշխանությունը շրջանառության մեջ էր դրել «արտապատվիրակում» տերմինը, փորձում էին համոզել, որ դա ոչ մի արտառոց բան չէ, անգամ օրինակներ էին բերում՝ հայկական երկաթուղու, ջրային ռեսուրսների տնօրինման հետ զուգահեռներ անցկացնելով։

Ինչ վերաբերում է Periodista Digita-ի աղմկահարույց հոդվածին, ՀՀ կառավարությունում հակադարձում են, թե հրատարակությունը կասկածելի ծագում ունի, այստեղ մանիպուլյացիոն եւ պատվիրված հոդվածներ են հրապարակվում` Փաշինյանի իշխանության թշնամիների ձեռքով, իսկ հուշագրի մասին լուրն իրականության հետ աղերս չունի: Իշխանամերձ շրջանակներն էլ գրեթե միաձայն ձայնակցում են՝ հոդվածը հղացվել, գեներացվել է, ոչ ավել, ոչ պակաս` Բաքվում:

Չենք վիճարկում այդ վարկածը, բայց այլ վարկածներ էլ կան: Ով եւ որտեղ է գեներացրել առաջին հայացքից իսկապես Բաքվի եւ Թուրքիայի շահերը սպասարկող այս թեզը, դեռ կասկածներ եւ որոշ ենթադրություններ ունենք: Բայց եթե ավելի խորամուխ ես լինում խնդրին եւ լայն դիտակետից ես նայում դրան, կարեւոր նրբերանգներ են ի հայտ գալիս: Նախ, ինչո՞ւ ենք մոռանում գլխավոր գործոնների մասին:

Ինչո՞ւ ենք անտեսում հոդվածի ՀԱՄԱՏԵՔՍՏԸ. հրապարակումը վերնագրված է հետեւյալ կերպ՝ «Փաշինյանը համաձայն է Հայաստանի տարածաշրջանը զիջել ԱՄՆ-ին, բայց տուժելու է Ֆրանսիան»: Եվ առաջաբանում նշվում է, որ վկայակոչվող փաստական ապացույցները ձեռք են բերվել Ֆրանսիայի հայ համայնքի շնորհիվ, վերջաբանում խոսվում է Ֆրանսիայի՝ Հարավային Կովկասում գլոբալ ազդեցության թուլացման միտումների մասին, ԼՂ հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացում Փարիզի դերի, հայ-ֆրանսիական առնչությունների մասին:

Այսինքն՝ սա է համատեքստը՝ հենց վերոնշյալ շեշտադրումներով: Մյուս կողմից, նույն հոդվածում խոսվում է, որ ԱՄՆ-ի՝ Սյունիքում հնարավոր ներկայությունը, այդ թվում՝ ռազմական կոնտինգենտով, կարող է մեծացնել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ էսկալացիայի ռիսկերը՝ հաշվի առնելով, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի աշխարհագրական հեռավորությունը զգալիորեն կրճատվում է:

Ասել է թե՝ Իրանն էլ իր մտահոգություններն ունի ու երբեք էլ չի թաքցրել Սյունիքի ռազմավարական ճանապարհահատվածի վերահսկողության ու ճակատագրի հետ կապված իր անհանգստությունները:

Ինչպես նշեցինք, իշխանական ու իշխանամերձ շրջանակներն արդեն սկսել են հրապարակ նետել եւ շրջանառել պնդումներ, թե հոդվածը կեղծ է, հիբրիդային պատերազմի ցցուն օրինակ է, գեներացվել է Բաքվում եւ այլն, եւ այլն:

Մինչդեռ բազմամիլիոնանոց լսարան եւ բնավ ոչ կասկածելի ծագում ունեցող իսպանական հրատարակության հայտնի հրապարակման մեջ ֆրանսիական եւ/կամ իրանական հետք տեսնելն առավել ողջամիտ է եւ իրատեսական:

Ինչպե՞ս կարող էին Ադրբեջանում հղանալ մի նյութ եւ վկայակոչել նման լուրջ փաստարկներ՝ խոսելով Ֆրանսիայի եւ Իրանի շահերի մասին:

Դատեք ինքներդ: Նախ, նույն Բաքուն թշնամի է համարում Փարիզին, հատկապես արցախյան հակամարտության հարցում Ֆրանսիայի իշխանությունների հայամետ դիրքորոշման, հայ-ֆրանսիական հարաբերությունների, ռազմական գործակցության ամրապնդման պատճառով: Իրանի հետ էլ Ադրբեջանը, մեղմ ասած, ոչ հարթ հարաբերություններ ունի:

Դրանց ակունքն առավել խորքային է. ազգամիջյան վիճելի հարցերից մինչեւ քաղաքական հակասություններ, այդ թվում նաեւ՝ պայմանավորված Սյունիքի ճանապարհի, տարածաշրջանի անդրսահմանային փոփոխությունների եւ վերահսկողության հարցերում Թեհրանի հակադիր ու կոշտ դիրքորոշման հետ:

Եվ, թերեւս, գլխավորը. հաշվի առնելով թեմայի զգայուն, ռազմավարա-կենսական եւ անվտանգային նշանակությունը՝ ՀՀ կառավարությունը պարտավոր է ապացույցներ պահանջել իսպանական հրատարակությունից, հարկ եղած դեպքում՝ ֆրանսիական համայնքի հետ կապված պնդումների հետ կապված, փարատելու բոլորիս ողջամիտ մտահոգությունները, կամ՝ պարզապես լռե՛լ, թե չէ կասկածելին ոչ թե Periodista Digita հրատարակությունն է՝ մեծ աղմուկ հանած իր հրապարակմամբ, այլ հենց ՀՀ իշխանությունները, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը: