27/07/2025

Փաշինյանը փորձում է հանրությանը շեղել իրական օրակարգերից, խլացնել իրական օրակարգերը․ Մարուքյան

Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կարծես «գործնական» փուլ է մտել, եւ «կհանդիպենք Էջմիածնի հրապարակում» ազդարարումից հետո, կարծես թե, Նիկոլ Փաշինյանն արդեն որոշակիացրել է իր անելիքները, չնայած աջուձախից բազում հորդորներին եւ անգամ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկու ուղերձներին, որով նա հորդորում էր ձեռնպահ մնալ այդ վտանգավոր ձեռնարկից եւ ազատ արձակել սրբազաններին ու հայտնի գործարարին:

Հրապարակ թերթը գրել է․ Ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանն իր հրոսակախմբով շաբաթ օրն է որոշել արշավել Եկեղեցու դեմ։ Թերեւս, ընտանյոք հանդերձ Ալթայ մեկնելը եւ ԱՊՀ միջոցառմանը մասնակցելը հետաձգեց հարձակումը: Որոշել է այն իրականացնել Մայր Աթոռում պատարագի ժամին, որն Ամենայն հայոց կաթողիկոսն է կարդալու:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեռեւս մեկուկես ամիս առաջ` հունիսի 5-ին էր նկարագրել այն սցենարը, որին ականատես ենք լինում իշխանություն-եկեղեցի փոխհարաբերություններում։ Ընդամենը հիշենք դեպքերի խրոնոլոգիան. մայիսի 22-ին Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել էր, թե հայկական եկեղեցին մեծ սպառնալիք է հարեւան երկրների համար, մայիսի 26-ին Շվեյցարիայում Վեհափառի հովանու ներքո կոնֆերանս էր կազմակերպվել` Արցախի հարցով, իսկ մայիսի 29-ին Փաշինյանը կառավարության նիստում՝ Համալիրում հարսանիքի թեմայից անսպասելիորեն անցում էր կատարել եկեղեցիների թեմային եւ խոսել եկեղեցիների «չուլանացման» մասին: Այդ հայտարարությանը մի շարք հոգեւորականներ էին արձագանքել, ինչից հետո Փաշինյանը գրեց իր հայտնի ստատուսը՝ սրբազաններից մեկի «քեռակնոջ» մասին, բայց այդ ժամանակ դեռ պարզ չէր, որ կեղտոտ արշավ է սկսելու Եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ՝ վերջնանպատակ հետապնդելով կաթողիկոսին կարգալույծ անելը։ Մենք զրուցել ենք Էդմոն Մարուքյանի հետ։

– Դեռեւս հունիսի սկզբին Դուք ճշգրիտ նկարագրում էիք, թե ինչ է անելու իշխանությունը Եկեղեցու հանդեպ։ Ասում էիք, որ զրպարտող, վիրավորական գրառումների շարք է սկսվելու հոգեւորականների դեմ, որ կաթողիկոսին հեռացնելու է եւ տեղապահ է նշանակելու՝ այդպիսով գլխատելով կառույցը։ Իհարկե, որոշ բաներ դեռ իրականություն չեն դարձել, բայց Փաշինյանն արդեն պարզ խոսում է իր նպատակների մասին։ Ասում էիք՝ Փաշինյանը խնդիր է դրել ոչնչացնել Եկեղեցին, քանի որ այս կառույցը տիրապետում է հայկական ամենախոշոր լոբբիստական ցանցին, որը ծառայել եւ ծառայում է մեր պետական եւ ազգային շահերի պաշտպանությանը, իսկ այսօր հակազդում է Ադրբեջանին։ Ինֆորմացիա՞ ունեիք, թե՞ իրադարձություններից էիք նման եզրահանգում արել։

– Ես այդ ամենն ասել եւ ասում եմ տեղի ունեցող իրադարձությունների վերլուծությամբ․ ուշադիր հետեւում եմ պրոցեսի ակտիվ մասնակիցների հայտարարություններին եւ  դրանից էի կանխատեսել, թե ինչ քայլեր, ծրագիր է իրականացվելու։ Ակնհայտ է, որ մեր իշխանությունները որեւէ նոր լավ բան չեն կարողացել ստեղծել, բայց քանդել նրանց մոտ շատ լավ է ստացվում, հետեւաբար, երբ մարդիկ ասում էին, թե ուզում է իր սրտի կաթողիկոսին դնել, ես դրան չեմ հավատում, իրենք չունեն նման կարողություններ, իրենք կարող են միայն եղածը քանդել, պառակտել, կիսել, խառնել, թուլացնել։ Սա տարածաշրջանային հարց է, քանի որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն անդադար խոսում է մեր Եկեղեցու դեմ: Իբր Եկեղեցին հանդիսանում է խոչընդոտ խաղաղության եւ տարածաշրջանային կայունության։

– Փաշինյանը երեկ հայտարարեց, որ կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենա, քանի դեռ «Կանոնագիրք հայոց»-ի հիման վրա չի հաստատվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը, որը կլինի աշխարհաբար, բոլորին հասկանալի փաստաթուղթ։ 

– Այս ամենի նպատակն այն է, որ պառակտումից հետո Եկեղեցին չունենա միասնական ճակատ, դիրքորոշում, շարունակի տեւական ժամանակ պառակտված մնալ, մինչեւ անցնեն ընտրությունները, այսինքն՝  նախընտրական ժամանակահատվածում չպետք է լինի Եկեղեցին, պետք է պառակտված լինի, քանի որ Եկեղեցու դեմ արշավը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին ճակատում պետք է իր ազդեցությունն իրականացնի։

– Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իրենց ծրագիրը Եկեղեցու դեմ չէ, ոչ էլ Ադրբեջանի պահանջն են կատարում, ճիշտ հակառակը՝ Եկեղեցու նորոգման ծրագիր է սա։

– Եկեղեցու խնդիրները Եկեղեցու խնդիրներն են, եւ դրանք Եկեղեցու ընթացակարգերով պետք է լուծվեն, եթե կան խնդիրներ, որեւէ մեկի կողմից նորոգման կարիք չկա, մեր՝ աշխարհիկ մարդկանց գործը չէ՝ միջամտել Եկեղեցու խնդիրներին: Բնականաբար, երբ կաթողիկոսի ընտրություն է լինում, այդ ժողովին նաեւ աշխարհիկ մարդիկ են մասնակցում, պատվիրակ են լինում՝ իրենց մասնակցությունը բերելով։

– Իշխանականները պնդում են, որ Եկեղեցում շարունակում են աչք փակել կանոնակարգերի վրա, հետամուտ չեն այդ խնդիրներին, որ հավատացյալ ժողովրդի պահանջն է անբասիր հոգեւորականներ ունենալը։

– Մեր ի՞նչ գործն է՝ գնալ-խառնվել Եկեղեցու հարցերին, իրենք պնդում են, որ առաջնորդվում են իրենց կանոններով, ասում են՝ կարգալույծ արված հոգեւորականներ կան, մեր ի՞նչ խնդիրն է՝ գնալ եւ հետաքրքրվել, թե ում ինչի համար են կարգալույծ անում։

– Չնայած Եկեղեցու դեմ արշավը չի ավարտվել, բայց կոչ-հորդորներ կան Փաշինյանին՝ հրաժարվել Եկեղեցին գրոհելու վտանգավոր եւ արկածախնդիր քայլից: Ձեր կարծիքով, կանսա՞ այդ կոչերին, թե՞ Եկեղեցու դեմ արշավը խայտառակ կերպով իր հանգրվանին կհասցնի։

– Գրոհելու հետ կապված պնդումներ չեմ կարող անել, բայց որ Եկեղեցու դեմ արշավից չի հրաժարվի, դա միանշանակ է։ Եթե գրոհ հրահրվի, որեւէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, թե ինչ է լինելու այնտեղ: Դրանից Հայաստանը շահած դուրս չի գալու, դա խորացնելու է ներքին պառակտումը եւ վարկաբեկելու է Հայաստանի ամենամեծ լոբբիստական կառույցը։

– Դեռ հունիսի սկզբներին էիք ասում, որ ֆեյսբուքյան վարկաբեկիչ գրառումների պակաս չի զգացվելու, Փաշինյանն ամենօրյա, ամենժամյա ռեժիմով լարվածության մեջ է պահելու ոչ միայն Եկեղեցուն, այլեւ՝ շարքային քաղաքացիներիս, ինչն այդպես էլ եղավ։ Ո՞րն է սրա նպատակը։

– Դա նախ ճնշման մեթոդ է կաթողիկոսի նկատմամբ, գուցե հույս ուներ այդ ճանապարհով կաթողիկոսին մղել՝ ինքնակամ հեռանալ, բացի այդ՝ այդպիսով Փաշինյանը փորձում է հանրությանը շեղել իրական օրակարգերից, խլացնել իրական օրակարգերը։ Հիմա ամբողջ աշխարհը քննարկում է Հայաստանի սուվերեն տարածքների հարցը, միջանցք եւ այլն, մինչդեռ մենք Հայաստանում այս թեմայի նման լրջությամբ քննարկում չունենք, շեղում են բոլորիս այլ թեմաներով։