Ալթայում բնապահպանական հարցերով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին:
Այդ քննարկումների մասին մամուլին որոշակի տեղեկություններ փոխանցել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նրա ներկայացմամբ՝ զրուցակիցները կանգ են առել երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության հետ կապված հարցերի վրա: «Իհարկե, մեզ անհանգստացում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կրճատումը»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը:
Հայաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակներում Օվերչուկի այս բացահայտումն արդեն իսկ տարաբնույթ մեկնաբանությունների, ընդհուպ քաղաքական ենթատեսքի դիտարկման առիթ է տվել: Ռուսաստան-Հայաստան ապրանքաշրջանառության ծավալների կրճատումն, անկասկած, կարող է ներքաղաքական նշանակություն ունենալ:
Առջևում խորհրդարանական ընտրություններ են, և ոչ մի իշխանություն նման պատասխանատու փուլում չի կարող չանհանգստանալ երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար կարևորագույն նշանակության բնագավառում հետընթացով:
Օվերչուկն ասել է, որ Փաշինյանը և Միշուստինը քննարկել են իրավիճակը կայունացնելու հնարավորության հետ կապված հարցեր: Նրա դիտարկումներից տպավորություն է ստեղծվում, որ խնդիրն ավելի շատ քաղաքական է՝կապված Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետ:
Այս առումով, ամենայն հավանականությամբ, «բանալի» պիտի ընդունել ՌԴ փոխվարչապետի այն միտքը, որ ԵՄ հետ հարաբերությունների հետ կապված՝ Հայաստանի կառավարության որոշ ակտեր Ռուսաստանում «հարցեր են հարուցում»:
Եթե նկատենք, որ մինչ այդ էլ Օվերչուկը խոսել է ԵԱՏՄ և Եվրամիությունում ապրանքների սերտիֆիկացման չափորոշիչների տարբերության մասին, ապա կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների կրճատումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանում Հայաստանի կառավարության ընդունած «որոշ ակտեր հարցեր են հարուցում»:
Խոսքը, որքանով հասկացվում է, առայժմ առևտրա-տնտեսական «պատժամիջոցների» և իրավական հիմքով սահմանափակումների մասին չէ: Մոսկվայում, ըստ երևույթին, փորձում են հասկանալ, թե Հայաստանը Եվրամիության հետ քաղաքական համագործակցությունից ե՞րբ, ինչպե՞ս և ո՞ր չափով է մտադիր անցնելու առևտրա-տնտեսական հարաբերությունների ինստիտուցիոնալացման:
Օվերչուկն ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է ԵԱՏՄ հետ աշխատանքը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը:
Հայաստանի հետ Ռուսաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը, գուցե, այդ երկրի տնտեսության ընդհանուր կառուցվածքում առանցքային-հիմնակազմիչ կարևորություն չունի, բայց քաղաքական առումով ԵԱՏՄ-ին ակնհայտ գրավչություն տալիս է:
Ռուսաստանի փոխվարչապետը փաստացի չի բացառել հնարավորությունը, երբ Հայաստանը կարող է Եվրամիության գործընկեր լինել՝ պահպանելով Ռուսաստանի հետ ավանդական կապերը: Ըստ նրա՝ Միշուստինը և Փաշինյանը քննարկել են Հայաստանում Ռուսաստանի ներդրումների թեման:
Բաց մի թողեք
Աշխարհաքաղաքական դերակատարների հետ բաց և փակ պայմանավորվածությունների կգա Թուրքիա՞ն
Ոսկե հորդան ավելի հարազատ է, քան՝ արևմտյան մշակույթը. Պուտինը կամուկացի մեջ է
Հուլիսի 27-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են