27/07/2025

Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ

Նախօրեին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվեց: «Քննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել սրբազանի պաշտպաններին տեղեկացրել է, որ ծանուցումն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.:

Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնում: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնում է իրավասու դատարան: Ստանալով քրեական գործը` դատավորը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու եւ նախնական դատալսումներ նշանակելու մասին:

Նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվում է վերը նշված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել` այն կիրառելու հարցը»,- հայտնում են Աջապահյանի պաշտպանական թիմից։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով պաշտպանական թիմը միջնորդություն էր ներկայացրել դատախազություն եւ դատարան՝ նախաքննությունն ավարտվելու կապակցությամբ նրա խափանման միջոցը փոխելու համար։ Դատախազությունը մերժել է այդ միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, իր որոշումը հրապարակելու է հուլիսի 30-ին։

«Հարկ է նշել, որ դատարանի որոշմամբ կալանավորումը պայմանավորված էր երկու հիմքով՝ խոչընդոտելու եւ հանցանք կատարելու: Չխորանալով դրանց հիմնավորվածության մեջ՝ հարկ է արձանագրել, որ նախաքննության ավարտման փաստի ուժով արդեն կարելի է պնդել, որ վարույթի ընթացքին խոչընդոտելու ռիսկը հասցված է նվազագույնի, իսկ իրատեսական դաշտում այն ի սկզբանե զրոյական էր: Այժմ նախաքննական մարմինը գտել է, որ անխոչընդոտ հավաքել է այն բոլոր հնարավոր ապացույցները, որոնց հիման վրա, քննիչի կարծիքով, մեծապես հավանական է մեղադրանքի հաստատումը: Հետեւաբար, քրեական վարույթի շրջանակներում ապացույցներ հավաքելու կամ բացահայտումներ անելու գործընթացն ավարտվելով՝ ավարտվել է նաեւ դրանց խոչընդոտելու ռիսկի դրսեւորման հնարավորությունը: Այս մասով կալանքը կիրառելու անհրաժեշտությունը հիմնավորող այս հիմքը վերացել է»,- ասում են փաստաբանները: Սրբազանի խափանման միջոց կալանքը ընտրելու մյուս հիմքն էլ «հանցանքը շարունակելու, այսինքն՝ հետագայում եւս կոչեր հնչեցնելու հնարավորությունն է»:

Փաստաբանները սրան էլ առարկել են նրանով, որ կալանքը ոչ պիտանի միջոց է՝ այդ նպատակին հասնելու համար, «քանի որ բանտի պատերով խոսք բացառել հնարավոր չէ»: «Դրա լավագույն ապացույցը Սրբազանի կողմից կալանավորված վիճակում մինչ այժմ տարաբնույթ հայտարարություններ անելն էր, որը ցույց է տալիս եւ ապացուցում, որ եթե իրականում նման ցանկություն լինի, ապա դրան խոչընդոտող որեւէ հանգամանք առկա չէ, ուստի կալանքն այս իմաստով քրեադատավարական խնդիր չի լուծում, այլ դառնում է աննպատակ եւ ակամա վերածվում է ազատ խոսքի համար պատժի: Գտնում ենք, որ արդեն միայն այս վերացական հիմքով կալանքի կիրառման անհրաժեշտությունը նույնպես վերացել է»,- գրել են փաստաբանները։

Միքայել Աջապահյանը, հիշեցնենք, ունի առողջական խնդիրներ: Ըստ որոշ տեղեկությունների` վերջին ամիսներին նա քիմիաթերապիա է ստացել, Սրբազանի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն իշխանություններին եւ դատաիրավական համակարգին ոչինչ հետաքրքիր չէ, միայն քաղաքական ամբիցիաներ ու վրեժ՝ այլախոհներից:

Փաստաբան Երեմ Սարգսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքի տանելու դատարանի որոշմանն ու դրա պատճառներին, նկատում է. «Այս հարցն իրականում շատ խորն է: Տարբեր գործերով կալանքի տանելու դատարանի որոշումները տարբեր են, բայց եթե այժմ խոսենք Միքայել սրբազանի մասին, ապա անգամ այստեղ ասելու շատ բան չկա: Ոչ թե նա միջին ծանրության հանցանք է կատարել, այլ ընդհանրապես հանցանք չի կատարել, ես այդ գործում հանցանքի տարրեր անգամ չեմ տեսնում: Ապօրինի կերպով Սրբազանը կալանավորվել է, ասեմ ավելին` այս գործում անգամ տնային կալանքի հիմքեր չկան: Գործը հիմնված է ինչ-որ մի հարցազրույցի վրա: Այդտեղ անգամ վկաների հարց չի կարող լինել, հետեւաբար, չի կարող լինել վկաների վրա ազդելու հարց: Դատարանի պնդմամբ` Միքայել Աջապահյանը կարող է թաքնվել, կարող է նոր հանցանքներ կատարել, ինչպես նաեւ՝ խոչընդոտել գործին: Դա աբսուրդ է: Նման միտում լինել չի կարող: Ինչի՞ն եւ ինչպե՞ս պետք է խոչընդոտի Սրբազանը՝ այդպես էլ հայտնի չի դարձել: Ես պնդում եմ, որ այս գործը բացվել է քաղաքական ուղղորդման արդյունքում, մարդուն լռեցնում են եւ պատժում ազատ խոսքի համար»: