27/07/2025

Եկեղեցու կանոնագիրքն էլ չի կարդացել

Նիկոլ Փաշինյանը թեպետ օրեր առաջ հրապարակեց Եկեղեցու դեմ գործողությունների ծրագիր, որով պատրաստվում է ոչ միայն կաթողիկոսին փոխել, այլեւ Հայ առաքելական եկեղեցու կանոնագիրքը, սակայն թիմում չեն ուզում հավատալ Վեհարանը գրոհելու ծրագրին։

Հրապարակ թերթը գրել է․ Ոմանք նույնիսկ Էջմիածնի հրապարակում «հոգեւոր հավաք» անելուն են կասկածում, որը, ըստ որոշ տեղեկությունների, պետք է տեղի ունենա այսօր կամ վաղը։ Ասում են, որ Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է։

Թիմում ոմանք նույնիսկ տարակուսած են՝  Փաշինյանը մի կողմից կաթողիկոսին մեղադրում է Եկեղեցու կանոնագիրքը, կուսակրոնությունը խախտելու համար, բայց օրեր առաջվա իր ծավալուն գրառման մեջ մի ամբողջ շարք պնդումներ է անում, որոնք հակասում են Հայ առաքելական եկեղեցու ներկայիս կանոններին։

Դիցուք՝ ասում է, թե կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու եւ փիլոնազրկելու պարագայում կաթողիկոսական տեղապահը կլինի որեւէ ամուսնացյալ քահանա, որը չի հավակնի կաթողիկոսի դերին։

Եկեղեցական կանոնով՝ քահանան տեղապահ չի կարող լինել, եւ, ընդհանրապես, տեղապահ նշանակում են այն դեպքում, եթե կաթողիկոսը գահից հրաժարվում է կամ վախճանվում։ Տեղապահի նկատմամբ էլ գործում են նույն պահանջները, ինչ կաթողիկոսի։ Նա պետք է լինի եպիսկոպոս եւ չամուսնացած։