27/07/2025

Ֆրանսիան կարող է լրջորեն հակակշռել Մերձավոր Արևելքում «օսմանյան ժառանգության վերականգնմանը»

Թուրքիայի նախագահի գրասենյակի հանրային կապերի վարչությունը տարածել է Լոզանի պայմանագրի 102-րդ տարեդարձի կապակցությամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը, ըստ որի՝ ավելի քան մեկ դար առաջ եվրոպական երկրները ճանաչել, հաստատել և ամրագրել են թուրք ժողովրդի անկախության ձգտումը և միջազգային իրավունքին համապատասխան՝ այդ ուղղությամբ նրա պայքարը։

Էրդողանը երկրի քաղաքացիներին վստահեցրել է, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականությամբ նպատակ ունի լինել ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային տերություն, և նրա տեսլականը «Թուրքիայի դար» հայեցակարգն է:

Նա ևս մեկ անգամ հարգել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի և «ազատագրական պատերազմում բոլոր զոհվածների հիշատակը»:

Պատահակա՞ն է արդյոք, որ հենց նույն օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է առաջիկա սեպտեմբերին Պաղեստին պետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու մտադրության մասին:

Լոզանի պայմանագիրը փաստորեն հաստատել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արևելքի նոր ստատուս քվո՝ առկախ թողնելով Պաղեստինի հարցը, որ մնացել է բրիտանական մանդատի ներքո:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1947 թվականին Պաղեստինը բաժանվել է երկու՝ հրեական և արաբական հատվածների, բայց շուրջ ութ տասնամյակ է, ինչ խնդիրը վերջնական լուծում չի ստանում:

Լոզանի պայմանագրի 102-րդ տարելեցին ընդառաջ՝ Իսրայելի խորհրդարանը բանաձև է քվեարկել, որ կառավարությանը հորդորում է վերջնականապես անեքսիայի ենթարկել 1967 թվականին Հորդանանի արևմտյան ափին գրաված տարածքները:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկսված իսրայելա-պաղեստինյան պատերազմի ընթացքում Թուրքիան մշտապես հանդես է եկել որպես Պաղեստինի արաբ ժողովրդի անկախ պետության իրավունքի երաշխավոր:

Արտառոց է, որ Լոզանի պայմանագրի 102-րդ տարեդարձի առթիվ ուղերձում Էրդողանը չի անդրադարձել ոչ Պաղեստինի, ոչ Սիրիայի խնդրին, չի անդրադարձել տարածաշրջանում «օսմանյան ժառանգության» հարցին:

Կարելի՞ է ենթադրել, որ Ֆրանսիայի կողմից Պաղեստինի անկախության ճանաչումը Մերձավոր Արևելքում եվրոպական ներկայություն ապահովելուն ուղղված որոշում է, որի շուրջ քննարկումներ են ընթացել նաև Թուրքիայի հետ:

Ֆրանսիայի այդ որոշումը Թուրքիային դնում է դելիկատ վիճակում: Էրդողանը չի կարող Մակրոնին բացահայտ քննադատել, որովհետև ինքն է տարիներ շարունակ Պաղեստինի անկախության ճանաչման լոբբինգ արել:

Մյուս կողմից նա հատկապես վերջին ամիսներին մի քանի անգամ ակնարկել է, որ Թուրքիան «թույլ չի տա Մերձավոր Արևելքում վերականգնել «Սայքս-Պիկո գաղտնի համաձայնությունները»: Պետք է նկատի ունենալ, որ Պաղեստինի ճանաչման որոշում Ֆրանսիայի նախագահը կայացրել է Լոնդոն այցից և ֆրանս-բրիտանական պաշտպանական համաձայնագիր ստորագրելուց հազիվ մեկ ամիս անց:

Ֆրանսիան, կարծես, այդ քայլով թուրքական «մարտակառքի անիվներին մահակ է խրում»: Պաղեստինի անկախության եվրոպական ճանաչումը կարող է լրջորեն հակակշռել Մերձավոր Արևելքում «օսմանյան ժառանգության վերականգնման» թուրքական նախագծումը՝ անդրադառնալ նաև Հարավային Կովկասում կարգավորումներին: