27/07/2025

Հաջորդն ով է, ում խոսքում Փաշինյանը վտանգ կտեսնի

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը պնդի, որ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն է», իսկ իր արբանյակները հայտարարեն, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, Հայաստանում դրանց թիվը տարեցտարի ավելանում է, իսկ վերջին շրջանում պատկերը դառնում է առավել զարհուրելի:

Հրապարակ թերթը գրել է․ Եթե նախկինում միայն ընդդիմադիր քաղաքական ուժերն էին բանտարկվելու վտանգի առաջ կանգնած, ապա այսօր՝ անգամ եկեղեցու սպասավորները, բարձրաստիճան հոգեւորականները, անգամ տարիներով այս իշխանություններին աջակցած բիզնեսմենները: Մինչ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա, փորձում է ռուսական կողմի հետ ինչ-որ հարաբերություններ կարգավորել, Արեւմուտքն աչք է փակում ժողովրդավարությունից նահանջի վրա, որովհետեւ կարծում է, թե Նիկոլ Փաշինյանը բռնապետական այս գործելաոճով պայքարում է Հայաստանը ռուսական ազդեցությունից մաքրելու համար: Եթե նման գլոբալ հարցում նա իրենց «մարդն» է, ապա կարող են նաեւ թույլ տալ, որ մի քիչ բռնապետ դառնա։ Դա է պատճառը, որ միջազգային հանրությունը, արեւմտյան կառույցները լուռ հետեւում են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը տապալում սահմանադրական կարգը, ինչպես է ոչնչացնում իշխանության ճյուղերի տարանջատումը եւ ինչպես է բացարձակապես ոչ մի հանցավոր արարք թույլ չտված անձանց «ԱԱԾ պադվալները» լցնում։ Ամառն այս տարի մեկնարկեց մի շարք կալանավորումներով, որոնցից ամենացցուն գործերը մենք առանձնացրել ենք։

Երեւանում, հունիսի 26-ին, գիշերը ժամը 02:59-ին դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարեց Քննչական կոմիտեի՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նրան մեղադրում են իշխանության դեմ տեռոր կազմակերպելու, ինչպես նաեւ իշխանությունը զավթելու փորձի մեջ, այն դեպքում, որ չկա զոհ, չկա վիրավոր, չկա տուժած, չկան զենք ու նախապատրաստություն: Գործի շրջանակներում հայնաբերվել են բացառապես օրինական զենքեր, գմփիկներ, գունավոր ծուխ, աստղիկներ եւ այլն։ Քննչական կոմիտեն հրապարակել է ինչ-որ ձայնագրություններ, որոնք մոնտաժված են ու կոնտեքստից կտրված, եւ դրանց բնօրինակները չի տրամադրել ո՛չ դատավորներին, ո՛չ փաստաբաններին:

Սրբազանի հետ մեկտեղ կալանավորվել է նաեւ մի երիտասարդ կին` Լիդիա Մանթաշյանը, որը Սրբազան շարժման ակտիվիստներից է: Կալանավորվածների թվում են նաեւ Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Դաշնակցության անդամ Իգոր Սարգսյանը, Մովսես Շարբաթյանը՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի օգնականը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, ակտիվիստ Աղվան Արշակյանը, զոհվածի հայր Արա Ռոստոմյանը։

Մյուս քաղբանտարկյալը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է, որին նույնպես քաղաքական դրդապատճառներով են կալանավորել՝ 2024 թվականի փետրվարին տված մի հարցազրույցի համար: Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավանի նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կալանավորվեց երկու ամսով։ Կալանքի միջնորդությունը դռնփակ քննվել է հունիսի 28-ի ողջ գիշերվա ընթացքում։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային լրատվամիջոցներով եւ տեղեկատվական տեխնոլոգիաներով տարածված այն կոչերի համար, որոնք, ըստ իրավապահների, ուղղված են եղել իշխանության յուրացմանն ու սահմանադրական կարգի տապալմանը։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ. հունիսի 17-ին։ Ամենազավեշտալին այն է, որ Աջապահյանին կալանքի տանելու հիմքում մեկուկես տարի առաջ տված հարցազրույցն է, որտեղ վերջինս խոսում է ռազմական հեղաշրջման մասին, որի առիթով ներկայացված հաղորդմանն ի պատասխան դատախազությունը 24-ին հայտարարել էր, որ նրա խոսքում հանցակազմ չկա: Այժմ Սրբազանի գործի քննությունն ավարտվել է՝ ուղարկվել է դատարան, սակայն նրան չեն ազատում։

Հուլիսի 5-ին կալանավորվեց «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը: Սրբազան շարժման ղեկավարների եւ մասնակիցների կողմից ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել նաեւ Վ. Չ․-ի նկատմամբ՝ հաղորդեց Քննչական կոմիտեն, ապա վերջինս կալանավորվեց երկու ամսով:

Օրեր առաջ երկու ամսով կալանավորվեց նաեւ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նաեւ եւս մեղադրվում է իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար, թեեւ իր հարցազրույցներից մեկում ուղղակի հետին թվով անդրադարձել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերին եւ ասել, որ Փաշինյանին պետք է այն ժամանակ վռնդեին իշխանությունից: Անցյալ ժամանակով արված այս քաղաքական հայտարարությունն իրավապահների համար հիմք է հանդիսացել, որպեսզի անձին կալանավորեն: