«Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը պաշտոնաթողությունից, հրաժարականից հետո, որոշում կայացրեց, որ համայնքապետարանի ղեկավար կազմը պիտի հրաժարական տա։ Հուլիսի 11-ին հրաժարական տվեցին համայնքի ղեկարի տեղակալներ Արսեն Պետրոսյանը և Մհեր Մկրտչյանը՝ ի նշան հավատարմության։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սակայն այստեղ խնդիրն այլ էր․ քանի որ իշխանություններն արդեն ունեին համայնքի իրենց «սրտի» թեկնածուին՝ Արգիշտի Մեխակյանին, պետք էր ազատվել այն տեղակալից, որը հավակնում էր համայնքապետ դառնալ։ Այդ հավակնորդը Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն էր, ումից ստացվեց «ազատվել»։
Երկրորդ տեղակալ Մհեր Մկրտչյանը, ով Մեխակյանի մտերիմն է, վերանշանակվեց համայնքապետարանի ղեկավար կազմում՝ որպես համայնքապետի խորհրդական․ այստեղ էլ աշխատեց հայտնի ԽԾԲ-ն՝ խնամի-ծանոթ-բարեկամ հանգույցը։
Մինչ այս Մհեր Մկրտչյանն աչքի է ընկել պաշտոնյային ոչ հարիր վարքով, հաճախ հայտնվել սկանդալների կենտրոնում։
Հիմա ներկայացնենք, թե ինչ ունեցվածք է կուտակել Մկրտչյանը համայնքապետի տեղակալ եղած ժամանակ։
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Մհեր Մկրտչյանը 2024 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2022 թվականին։ Սակայն 2022 թվականի հայտարարագրում Մկրտչյանը անշարժ գույքի ձեռքբերման մասին որևէ վկայություն չունի, թեպետ ունի 2022 թվականին գնած հողամաս, որի արժեքի և ծախսերի մասին ոչինչ չկա հայտարարագրում։
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 76 հազար 681 դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 632 հազար դրամ, որից 4 մլն 849 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Վաղարշապատի համայնքապետարանից, 1 մլն 332 հազարը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ֆինանսների նախարարությունից։
1 մլն 450 հազարը, որպես այլ եկամուտ, Մկրտչյանը ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նրա ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 697 հազար դրամ, որից գրեթե 30 մլն դրամը բնակելի տների հիփոթեք է»։
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ