27/07/2025

Մեր թիմի քաղաքական ուղղվածության ղեկավարը Սամվել Կարապետյանն է

Ըստ մեր Սահմանադրության, իշխող կուսակցությունը ընտրվում է և նա առաջարկում է կառավարության ղեկավարի թեկնածու. շատ կարևոր է պառլամենտական համակարգում, որ իշխող կուսակցությունը, որն ընտրվել է ժողովրդի քվեով, առաջարկի երկրի վարչապետի թեկնածու և նաև հնարավորություն ունենա, եթե վարչապետը լավ չի աշխատում, փոխել այդ վարչապետին։

Այս մասին, այսօր՝ հուլիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում նշեց  կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյան՝ անդրադառնալով հարցին, թե իրենց կողմից ձեւավորվող ուժի առաջնորդը Սամվել Կարապետյա՞նն է լինելու, թե այլ անձ, օրինակ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչի մասին եղել են հրապարակումներ։

«Մեր թիմի ղեկավարը, մեր քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը և նրա աշխատանքային հովանու ներքո մենք կգնանք առաջ։  Այսինքն, բոլոր թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ արտաքին քաղաքականության հարցերում մենք կհետեւենք նրա նախանշած ուղուն։ Իսկ թիմը կձևավորվի պրոֆեսիոնալության հիմքով։

Այսինքն շատ կարևոր է, որ այն ուժը, որը հաղթել է, այդ ուժը առաջարկի պրոֆեսիոնալ ղեկավարներ, և ոչ թե մի մարդու, ով պետք է նստի աթոռին, կառչի աթոռից, անգամ սխալներ գործելու դեպքում չցանկանա հեռանալ այդ աթոռից։ Դա է բերում բոլոր այս ցնցումներին»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ Սամվել Կարապետյանը սերտ առնչություններ է ունեցել նախկին իշխանությունների հետ, իսկ նրա եղբայր Կարեն Կարապետյանը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, Նարեկ Կարապետյանն ասաց. «Ոչ ոք չի կարող ժխտել, որ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը լրիվ տարբերվում է մեր նախկին ղեկավարների, մեր երկրի երեք նախագահների անցած ճանապարհից։ Այսինքն դա տնտեսական ճանապարհ է։

Իմ ուղերձի ժամանակ ես նախանշեցի, որ այդ ճանապարհը ու ընդհանուր մարդու աշխատանքային տրամաբանությունը լրիվ այլ է, այսինքն հատման կետ 35–ամյա աշխատանքի մեջ կարող են լինել այն կետերը, որտեղ ընդհանուր հետաքրքրություն կա երկրի տնտեսության և երկրի հետաքրքրությունների, բայց ոչ ոք չի կարող ասել, որ անցած ուղիները մեկ են։

Անցած ուղիները տարբեր են, մարդիկ տարբեր են, մոտեցումները տարբեր են։ Ժամանակի ընթացքում բոլոր իշխանությունների հետ եղել է աշխատանք և կլինի աշխատանք նաև հետագայում միշտ բոլոր գործարարների և իշխանությունների մեջ, բայց դա չի նշանակում, որ ուղիները մեկ են։ Դա է եղել իմ մեսիջը ու այդ մեսիջը ինձ թվում է բոլորը հասկացել են»։