27/07/2025

ԱՄՆ նախագահը փորձում է նեղը գցել ռուսաստանցի պաշտոնակցին

Ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներից անմասն չի մնա նաեւ բազմաչարչար Հայաստանը: Միացյալ Նահանգների նախագահն արդեն որերորդ անգամ նախազգուշացնում է Պուտինին՝ կխստացնի պատժամիջոցները, եթե էական առաջընթաց չգրանցվի ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում:

Թրամփի հուլիսի 15-ի հայտարարությունը վերջնագրի հնչեղություն ունի՝ եթե ՌԴ նախագահը 50 օրվա ընթացքում չհամաձայնվի հաշտության պայմանին, ԱՄՆ-ի վարչակազմը կսահմանի 100 տոկոսանոց մաքսային հարկ ոչ միայն ռուսական ապրանքների, այլեւ ռուսական նավթ եւ գազ գնող երկրների նկատմամբ:

«Ես չեմ ուզում ասել, որ նա մարդասպան է, բայց նա շատ կոշտ մարդ է»,- Պուտինի մասին ասել է Թրամփը՝ հավելելով, որ հիասթափված է նրա վարքից. «Խոսում է խաղաղության մասին, բայց երեկոյան ռմբակոծում բոլորին»,- ասել է նա։

Եվ այսքանով, կարծես թե, չբավարարված՝ երկրորդ սպառնալիքն է հասցեագրել, հայտարարելով, որ եվրոպական երկրները կֆինանսավորեն Ուկրաինային մատակարարվող նոր զինտեխնիկան՝ ներառյալ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք անհապաղ ռազմաճակատ կուղարկվեն՝ արեւմտյան զինանոցի առկա պաշարներից։

ԱՄՆ նախագահը փորձում է նեղը գցել ռուսաստանցի պաշտոնակցին, ինչը, ըստ երեւույթին, նրան չի հաջողվում:

Մոսկվայի պատասխանը չի ուշանում: Նույն օրը՝ հուլիսի 15-ին, Կրեմլից արձագանքում են Սպիտակ տան ղեկավարի գնահատանքին: «Այդ հայտարարությունները շատ լուրջ են։ Որոշ խոսքեր ուղղված են անձամբ նախագահ Պուտինին:

Մեզ ժամանակ է պետք դրանք վերլուծելու համար»,- նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա՝ Ուկրաինային ռազմական աջակցության խոստումները ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ազդակ են: Կրեմլի խոսնակը հավելել է՝ սպասում են Կիեւի հետ բանակցությունների երրորդ փուլի ամսաթվի հստակեցմանը:

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ նշել է, որ «Մոսկվան պատրաստ է բանակցել, բայց եթե դա փոխադարձ չլինի, ՌԴ-ն իր նպատակին կհասնի պատերազմի միջոցով»:

Թե ինչպես երկու գերտերությունները կհարթեն առկա ներքին տարաձայնությունները՝ իրենց խնդիրն է: Մեզ հուզողը «երկրորդական մաքսատուրքերի» չափը 100%-ի հասցնելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահի մտադրությունն է, քանի որ այն, ըստ էության, տարածվում է ոչ միայն ռուսական ապրանքների վրա, այլեւ՝ Ռուսաստանից նավթ եւ գազ գնող երկրների, այդ թվում՝ Հայաստանի:

Ի՞նչ է սա նշանակում մեր երկրի պարագայում, որի գազի հիմնական մատակարարը Ռուսաստանն է՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով: Եթե Թրամփի վարչակազմը իրականություն դարձնի իր սպառնալիքները, Հայաստանը, որը ռուսական էներգակիրներից կախված երկիր է, տնտեսական ճնշման տակ կհայտնվի:

Սա, իր հերթին, նշանակում է՝ ա/ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների սառեցում, բ/ միջազգային ֆինանսական համակարգում խստագույն վերահսկողության հաստատում, գ/ ներդրումների կտրուկ նվազում եւ, ի վերջո, դ/ Ռուսաստանից ՀՀ-ի էներգետիկ կախվածության հարկադրանքի վերանայում:

Այսպիսով՝ ընդդեմ Մոսկվայի պատժամիջոցների վերաբերյալ Թրամփի հայտարարությունների շարքը վկայում է, որ Վաշինգտոնը պատրաստ է տնտեսական ծանր գործիքներով ճնշել Պուտինին, որի ազդեցության տիրույթում էլ կարող են հայտնվել էներգետիկայի ոլորտի նրա գործընկերները՝ ներառյալ Հայաստանը:

Ուղիղ երկու ամիս առաջ Թրամփն իր սոցիալական մեդիայի հարթակում ամենակտրուկ հրապարակային մեկնաբանությունն էր հնչեցրել Կրեմլի տիրոջ հասցեին՝ հայտարարելով, թե Վլադիմիր Պուտինը «լրիվ խելքը թռցրել է… «Եթե նա փորձի գրավել ողջ Ուկրաինան՝ դա կհանգեցնի Ռուսաստանի կործանմանը»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Հետո, հավանաբար, զգալով, որ չափն անցնում է, մեղմացրել է խոսույթը, թե՝ «Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, բայց նրան ինչ-որ բան է պատահել։ Նա լրիվ խելքը գցել է»,- վերահաստատել է Թրամփը մայիսի 25-ի ուշ երեկոյան՝ պատժամիջոցների թեմայով իր հերթական ուղերձում: