Ցավալի իրողություն է, որ վերջին տարիներին մեր հասարակության մեջ, հատկապես սոցիալական ցանցերում, ատելության խոսքը՝ վիրավորանքը, զրպարտությունն ու հայհոյանքը դարձել են հանրային խոսույթի անբաժան մաս, այս մասին հայտարարել է Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը։
«Գուցե դա պայմանավորված է նրանով, որ ազատ խոսքի ընկալումն աղավաղվել է, կամ որ ինքներս պատասխանատվությամբ չենք վերաբերում մեր արտահայտած մտքերին։ Ատելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական. այն հաճախ ծառայում է պառակտելու, նվաստացնելու, հասարակական ներդաշնակությունն ու համերաշխությունը խաթարելու նպատակին։ Ցավոք, այդպիսի խոսք լսվում է ոչ միայն պարզ քաղաքացիների շրջանից, այլև բարձր հարթակներից, ինչն առավել ծանր հետևանքներ է թողնում հանրային մտածողության վրա։ Հանրային համերաշխության կերտման ճանապարհին ատելության խոսքը քաղցկեղի նման է, որի բուժումը որքան ուշացվի, այնքան ավելի խոր և անդառնալի հետևանքներ կունենա։
Պողոս առաքյալն ասում է․ «Ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին» (Կողոսացիս 4․6)։
Իրապես, խոսքը, որ Աստծուց տրված է միայն մարդուն, զորություն ունի. այն կարող է կյանքը գեղեցկացնել, երիտասարդին քաջալերել, վշտացյալին մխիթարել, ազգը միավորել, բայց խոսքը կարող է նաև բարեկամությունը խաթարել, ընտանիքներ պառակտել, մարդկանց մոլորեցնել ու հավատքը խարխլել։ Քրիստոնյաներս կոչված ենք խաղաղարար լինելու, որ նշանակում է նաև զերծ մնալ ատելություն տարածող խոսքերից, հեռու մնալ մարդկանց դատելու և պիտակավորելու գայթակղությունից։ Քրիստոնյա հասարակության մեջ համերաշխությունը պիտի հաստատվի սիրով և հատկապես պատասխանատու անձանց բարի օրինակով, քանի որ հասարակության հայացքն ուղղված է նաև պատասխանատու խոսք ունեցող անձանց։ Հոգևոր մարդու խոսքն ու միտքը պետք է օծված լինեն Տիրոջ խոսքի քաղցրությամբ, քանզի «Բարի խոսքը մեղրի խորիսխ է, իսկ նրա քաղցրությունը՝ բժշկություն հոգու» (Առակներ 16․24)։ Երբ մեր խոսքը ատելությամբ է լցված, այն ոչ միայն ուրիշին է վիրավորում, այլ նախևառաջ վնասում է մեզ։ Ջանանք, որ Տիրոջ զորակցությամբ մեր խոսքն ամրացած լինի սիրո և ճշմարտության վրա, լինի մխիթարող, ամոքող ու համերաշխություն սերմանող, քանզի միայն այդպես կկարողանանք կերտել խաղաղ և հոգեպես առողջ հասարակություն»,- նշել է Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը։
Բաց մի թողեք
Թե բա` փչացած տոն, իսկ ձեր ձեռը կա՞ բան, որ չփչացավ. Հովսեփյան
Պայքարը մաքուր ազգային-ազատագրական է․ Ֆարմանյան
Պաշտոնատար անձը չի կարող անել այն, ինչ ուզում է. Թաթոյան