27/07/2025

Դանակահարություն Աբովյանի «Հայփոստ»-ի հարևանությամբ․ հիվանդանոց են տեղափոխվել 16 և 19 տարեկան տղաներ

Հուլիսի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել են ոստիկանները: Տեղում պարզվել է, որ Կոտայքի մարզային քրեական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, սակայն բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի բնակիչներ՝ 16-ամյա Մհեր Մ․-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, և 19-ամյա Պողոս Պ․-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Ոստիկանները նաև պարզել են, որ ժամը 22։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի «Հայփոստ»-ի վարչական շենքի հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Պողոս Պ․-ի, Մհեր Մ․-ի, նրանց ընկերը՝ Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Նարեկ Ա․-ի և իսկ մյուս կողմից՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի բնակիչներ 25-ամյա Գոռ Բ․-ի և 20-ամյա Գարիկ Բ․-ի միջև։

Վիճաբանության ժամանակ Գարիկ Բ․-ն իր մոտ եղած սուր-կտրող-ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Պողոս Պ․-ին և Մհեր Մ․-ին։

Քրեական ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալ Գարիկ Բ․-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ըստ տեղեկությունների՝ Գոռ և Գարիկ Բ․-ները հարազատ եղբայրներ են։