27/07/2025

Թուրքիայի բալկանյան նոր հավակնությունները․ աշխարհաքաղաքական բազմաքայլ նախագիծ է իրականացնում

Ստամբուլում գումարվել է «Բալկանյան հարթակի» առաջին նիստը, որին մասնակցել են Սերբիայի, Բոսնիա Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ալբանիայի և Կոսովոյի ներկայացուցիչները: Քննարկումների արդյունքների մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը:

Եթե նրա բավական ընդարձակ ելույթի քարոզչական «թեփը» մի կողմ թողնենք, ապա կարող ենք արձանագրել, որ «Բալկանյան հարթակ» նախաձեռնությունը Թուրքիայի և Եվրամիության միջև վերջին բավական արդյունավետ շփումների ընդհանուր օրակարգի մաս է կազմում:

Ստամբուլում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Բալկանյան այն երկրները, որ Եվրամիության անդամ չեն, իսկ պատճառը նրանց միջև առկա հակասություններն են:

Դա հասկացվում է Ֆիդանի այն ձևակերպումից, որ Բալկանյան երկրների պատմությունը բարդ է, բայց այժմ «ոչ թե տարբերությունները խորացնելու, այլ բազմազանությունը համագործակցության վերածելու ժամանակն է»:

Ընդ որում, նա հատուկ ընդգծել է, որ Բալկանների հետ Թուրքիան ոչ միայն «ընդհանուր աշխարհագրություն, այլև քաղաքակրթություն և մարդկային կապեր ունի»:

Հիմք ընդունելով այդ իրողությունը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Բալկանները դիտարկել է որպես Մերձավոր Արևելքը՝ Եվրոպային, Միջերկրականը Սև ծովին կապող տարածաշրջան, որի «ապագան չի կարելի թողնել հանգամանքներին կամ ուրիշների որոշմանը»:

Թուրքական մամուլի հրապարակումներից պարզ չէ, թե Սերբիան, Բոսնիա Հերղեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան, Կոսովոն և Ալբանիան ի՞նչ մակարդակով են մասնակցել «Բալկանյան հարթակի» այսպես կոչված՝ հիմնադիր հանդիպմանը, բայց Թուրքիայի արտաքին գործերի նախարարը վստահաբար ասել է, որ բոլոր մասնակիցները համակարծիք են տարաձայնությունները հաղթահարել դիվանագիտությամբ:

Այս հարցում «Բալկանյան հարթակի» երկրներից կոնֆլիկտային իրավիճակ է Բոսնիա Հերցեգովինայում և Սերբիա-Կոսովո հարաբերություններում, իսկ եթե ընդհանրացնելու լինենք, ապա կարելի է ասել, որ խնդիրը բացառապես Սերբիայի ապագան է:

Թուրքիան, նախաձեռնելով երկխոսության այդ հարթակը, պատասխանատվություն է ստանձնում, որ Բոսնիա Հերցեգովինան կմնա միասնական, իսկ Բելգրադը Կոսովոն վերադարձնելու ռազմական քայլեր չի ձեռնարկի:

Որքանո՞վ դա կհաջողվի՝ այլ հարց է: Տվյալ դեպքում Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու կամ առնվազն տնտեսական և անվտանգային ինստիտուցիոնալ համագործակցության հասնելու հնարավորություն է տեսնում, ինչի դիմաց, երևում է, Անկարան Բրյուսելին խոստացել է «կառավարելի պահել» Սերբիան և Բոսնիա Հերցեգովինայի մաս կազմող՝ Սերբական հանրապետությունը:

Սերբիան ունի Բալկաններում Ռուսաստանի «վերջին ամրոցի» համարում: Վերջին շրջանում, սակայն, Բելգրադի և Մոսկվայի հարաբերությունները, մեղմ ասած, փայլուն չեն: Եվ եթե Էրդողանին հաջողվի, ինչպես նրա արտգործնախարար Ֆիդանն է ձևակերպել՝ «համատեղ նախաձեռնություններով խթանել Բելգրադ-Պրիշտինա երկխոսությունը», ապա Ռուսաստանը, երևի, կկորցնի Սերբիան «վերադարձնելու» վերջին հնարավորությունը:

Սերբիայի նախագահ Վուչիչը բազմիցս հայտարարել է, որ Կոսովոյի անկախությունը երբեք չի ճանաչի: Բայց վերջին մեկ տարում Բելգրադը զանգվածային բողոքի մի քանի բազմամարդ ցույցեր է տեսել, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հաջորդ իշխանությունները Եվրամիությանն անդամակցելու դիմաց չեն ընդունի արդեն կատարված և տասնյակ երկրների կողմից ճանաչված փաստը: Կոսովոն, Ալբանիան, Խորվաթիան, Բոսնիա Հերցեգովինան «օսմանյան ժառանգության» մասն են:

Ստամբուլի «Բալկանյան հարթակի» աշխարհագրությունը կապված է նաև Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի հետ: Թուրքիան աշխարհաքաղաքական բազմաքայլ նախագիծ է իրականացնում: Առայժմ՝ ոչ այնքան անհաջող: