27/07/2025

Թրամփը նորություններ ունի Հարավային Կովկասի համար, ինչ սպասել

«Եթե մենք լուծենք Ռուսաստանի և Ուկրաինայի հիմնախնդիրները և խաղաղության պայմանագիր կնքենք, քանի որ դա պետք է տեղի ունենա, եթե մենք ընդլայնենք «Աբրահամյան համաձայնագրերը», եթե մենք Գազայում հասնենք կայուն խաղաղության, եթե մենք Մերձավոր Արևելքում երկարատեւ խաղաղություն հաստատենք, ես կարծում եմ, որ դա կլինի (Դոնալդ Թրամփի նախագահության ամբողջ շրջանի) գլխավոր ձեռքբերումը»,- Fox News-ին հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆը:

Նախագահական ընտրությունների մրցապայքարում Դոնալդ Թրամփն ընտրողներին խոստանում էր ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորել քսանչորս ժամում, պաշտոնամուտի ելույթում սահմանեց հարյուրօրյա դեդլայն, իսկ մոտ երկու շաբաթ առաջ Ռուսաստանի Ուկրաինայի հետ հրադադարի հասնելու համար հիսուն օր ժամանակ տվեց:

Ուիթկոֆի հայտարարությունից դատելով՝ Վաշինգտոնում համոզված են, որ ռուս-ուկրաինական պատերազմը տևելու է երկար: Իսկ երկու օր առաջ ձախողվել են «փոխանակման գործարքի» իսրայելա-պաղեստինյան բանակցությունները, ինչը նշանակում է, որ Գազայում խաղաղություն չի հաստատվի, իսկ դա իր հերթին ի դերև է հանում «Աբրահամյան համաձայնագրերն» ընդլայնելու ծրագիրը, որովհետև Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման արաբական երկրները պնդում են Պաղեստինի պետության ճանաչումը:

«Այդ հայտարարությունը ողջամիտ չէ»,- Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գրառումն այսպես է բնութագրել Դոնալդ Թրամփը և հնգօրյա այցով մեկնել Շոտլանդիա, որտեղ, ինչպես ամերիկյան մամուլն է ասում, գոլֆի երկու ակումբ ունի:

Իհարկե, նախատեսված է նրա և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումը, բայց ոչ մի երաշխիք չկա, որ Թրամփը ռուս-ուկրաինական պատերազմի հարցում որևէ սկզբունքային որոշում կընդունի:

«Ավելի հզոր Ամերիկա» կարգախոսով իշխանության եկած Թրամփն, այսպիսով, կամա, թե ակամա,- դա շատ խորքային վերլուծության արժանի թեմա է,-քայլ առ քայլ միջազգային հանրության մոտ կայուն տպավորություն է ստեղծում, որ «աշխարհի ամենաուժեղը Վլադիմիր Պուտինն է»:

Հակառակ պարագայում Լեհաստանի վարչապետ Տուսկը չէր հայտարարի, որ ուկրաինական պատերազմից երկու-երեք տարի հետո Ռուսաստանը զինված ուժերը նախապատրաստելու է ՆԱՏՕ-ի դեմ հարձակման: «Մենք չպետքե է խուճապի մատնվենք, այլ պատրաստվենք դիմակայության»,- հայտարարել է Տուսկը:

Պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Սիրիայի շուրջ: Այդ երկրի անցումային կառավարությունը պաշտոնապես ռազմական աջակցություն է խնդրել Թուրքիայից և միաժամանակ Իսրայելին մեղադրել «առանձին խմբերի հովանավորելու միջոցով Սիրիայի տարածքային, քաղաքական և ազգային միասնությունը խախտելու ծրագիր իրականացնելու» մեջ:

Հուլիսի 24-ին և 25-ին Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարը հանդիպում են ունեցել դրուզական համայնքի առաջնորդի հետ և հավաստիացրել, որ պաշտպանում են սիրիացի դրուզների անվտանգությունը և իրավունքները:

ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքական այս «ֆիասկոյի», Եվրամիության հետ «մաքսային պատերազմի», Իրանի նկատմամբ չափազանց կոշտ դիրքորոշման և Չինաստանին Թայվանի դեմ հարձակում գործելու մեղադրանքների համտեքստում որքանո՞վ արդյունավետ կարող է լինել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը Միացյալ Նահանգների միջնորդությունը:

Սյունիքում «Թրամփի կամուրջ» նախագծի շուրջ փորձագիտական գնահատականները վկայում են, որ ոչ ոք դրանով, մեղմ ասած, խանդավառված չէ: Ի՞նչ «անակնկալ է պատրաստում» Թրամփը Հարավային Կովկասի համար: Դժվար է պատկերացնել, որ նա հայ-ադրբեջանական կարգավորման առանձին և կենսունակ ծրագիր ունի: