Հայաստանում քաղաքական նոր ուժի կազմավորման խնդիրը վաղուց է հասունացել՝ առնվազն 2020-ի նոյեմբերից, երբ 44-օրյա պատերազմը խայտառակաբար տանուլ տված Գերագույն գլխավորը, իր անկյալ խմբակի հետ, ցուցադրեց լիակատար անզորություն ու չկայացածություն:
Հետպատերազմյան ավելի քան չորսուկես տարվա ընթացքում երկիրը ոչ միայն ի զորու չեղավ շտկելու մեջքը, այլեւ ծանր ու անդառնալի կորուստներ ունեցավ եւ ցայսօր շարունակում է ունենալ:
«Տգետների» կառավարությունը քոռուփուչ արեց ոսկե ժամանակը, որը կարելի էր լավագույնս օգտագործել՝ ի շահ պետության ու տառապյալ ժողովրդի, սակայն նախընտրեց գնալ սեփական աթոռն ամեն գնով պահելու ուղով:
Նորանկախ հայոց պետականության բուն գոյությունը լրջագույն վտանգի ենթարկած այդ անձի գերնպատակը դարձյալ իր աթոռն անառիկ պահելն է: 2026թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ այդ գերխնդրի հանգուցալուծմանն են ծառայում Նիկոլ Փաշինյան բռնապետի բոլոր գործողություններն ու մտածումները:
Օր օրի սաստկանում, համատարած բնույթ են ստանում բռնությունները, ձերբակալություններն ու շինծու մեղադրանքով մարդկանց կալանքները: Այն մարդկանց, որոնք քննադատում են իշխանությունների վարած կործանարար քաղաքականությունը կամ անարդյունավետ ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերի վերաբերյալ ազատ արտահայտում իրենց անհամաձայնությունը:
Երկրի ներսում դիմադրության օջախները չեզոքացնելու՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը պարզ է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետագա զիջումների ճանապարհից հեռացնել համախմբում ապահովելու ունակ ուժերին ու անհատներին՝ կանխելով միաժամանակ փողոցային հավանական քաղաքական պայքարը, որը կարող է տեղի ունենալ:
Ի՞նչ ասել սրան՝ զգուշավորությո՞ւն, թե ներքին վախ, էական չէ, փաստը մնում է փաստ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր համար կարեւոր երկու խնդիր է լուծում՝ ա/ կանխում է իր երկրորդ վերարտադրությանը սպառնացող վտանգները եւ բ/ ձերբազատվում է թուրք-ադրբեջանական զույգի հերթական պահանջներն ի կատար ածելու կաշկանդվածությունից:
Այդ նպատակին են միտված քաղաքական ուժերի՝ մասնավորապես ՀՅԴ-ի, հոգեւոր եւ քաղաքական նշանավոր գործիչների, հեղինակավոր անհատների նկատմամբ վերջին շրջանի աննախադեպ բռնություններն ու կալանավորումները, որոնք լեգիտիմացնելու համար կեղծ մեղադրանքներ են «կպցնում» Փաշինյանի «գրպանային» դատաիրավական համակարգի ներկայացուցիչները:
Կեղծիքը, «գործ սարքելու» ձեռնածությունները իրավապահ մարմինների հիմնական գործիքակազմն են դարձել: Քննչականը տարածում է հանցագործության մասին սուտ հաղորդագրություն, թե իբր բացահայտվել է «ռուսական գործակալական ցանց», հաջորդիվ՝ «վրացական սցենար» են, իբր, փորձել կիրառել ՀՀ-ում, օրեր անց էլ՝ բա չեք ասի «պետական հեղաշրջման փորձ» է կանխվել, «ահաբեկչություն», ֆլան-ֆստան եւ այլն:
Հետո ոստիկանությունն է օպերատիվ կերպով կպնում գործի՝ ի հայտ են գալիս «դզած-փչած» ձայնագրություններ, հանցավոր կապեր, կասկածելի հանդիպումներ, եւ «գործը» պատրաստ է, որին դատական ատյանը՝ նախապես հրահանգավորված, արդեն սպասում է համապատասխան վճիռը կայացնելու:
Հայ հասարակությունն այս կապիկություններից, խարդավանքներից ու արհեստականություններից հոգնել է: Ամենուրեք սուտ ու կեղծիք է տիրում: Միակ ճշմարտությունը, որ յոթ տարվա մեջ լսեցինք այս Կառավարությունից՝ 7 տարի նույն՝ «առաջին դասարանում» մնալու մասին ինքնախոստովանությունն էր:
Այն երեք ամիս առաջ՝ Կառավարության ապրիլյան նիստերից մեկում, հանձն էր առել ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Վերը նկարագրված իրավիճակները, որոնց վրա մանրամասն կանգ առանք, հանգեցրել է իշխող ուժի օրինական հեռացման եւ նոր քաղաքական ուժի ստեղծման հրամայականին, ինչի մասին հուլիսի 4-ին ԱԱԾ-ի կալանավայրից հայտարարեց «Տաշիր խմբի» հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանը, ապաեւ 10 օր անց վերահաստատեց մտադրությունը:
Հիշեցնենք՝ Կարապետյանը հունիսի 17-18-ը Երեւանում գտնվելու ժամանակ՝ Փաշինյանի ֆեյսբուքյան հրահանգով ձերբակալվել ու երկամսյա կալանքի էր դատապարտվել, ըստ էության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն (ՀԱԵ) զորակցելու եւ Ամենայն Հայոց Հայրապետի կողքին կանգնելու համար: Նրան առաջադրվել էր անհիմն մեղադրանք՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ:
Բայց չշեղվենք, վերստին դառնանք նոր քաղաքական ուժի ձեւավորման խիստ արդիական թեմային, որն առայժմ սեղմնավորման փուլում է, հետեւաբար ասելու առանձնապես շատ բան չկա:
Առայժմ ընդհանուր գծերով հայտնի է, որ ստեղծվում է քաղաքական նոր ուժ՝ նոր գաղափարներով, որի նպատակն է՝ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին պատասխանել «նոր ձեւով՝ մեր ձեւով»:
Այս կարգախոսով է Սամվել Կարապետյանն անվանակոչել «նորամանուկին», որին «փոքրիկ խմբակի» գոյանքները փորձում են խեղդել «խանձարուրում»՝ ստեղծելով հակաքարոզչական միջավայր՝ ֆոն:
Ըստ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի, որը Սամվել Կարապետյանի եղբորորդին է, ընդդիմախոսների կողմից տարածվող հիմնական «ֆեյքերը» երեքն են: Առաջինը ռուսական «ֆեյքն» է, որը մեկնաբանվում է հետեւյալ կերպ. Ռուսաստանն է, իբր, Սամվել Կարապետյանին ուղարկել Հայաստան՝ այստեղ ռուսական ազդեցություն տարածելու համար:
Հաջորդ «ֆեյքը» Սամվել Կարապետյանին, այսպես կոչված, նախկինների հետ նույնացնելու փորձերն են՝ ինչ է թե Կարապետյանը բոլոր ժամանակների իշխանությունների հետ աշխատանքային հարաբերություններ է ունեցել:
Եվ վերջին «ֆեյքը» կամ մանիպուլյացիան Փաշինյանի այն միտքն է, թե «Սփյուռքը չպետք է Հայաստանին աջակցող ինստիտուտ լինի»:
Բոլոր այս երեք «ֆեյքերի» գեներացումն ու շահարկումները, ըստ Նարեկ Կարապետյանի, արվում են հասարակության մեջ հակադրություն ստեղծելու, իրատեսական գաղափարներ առաջարկող ուժերի հանդեպ հիասթափություն սերմանելու նպատակով:
Քաղաքական նոր ուժի հիմնական սկզբունքի մասին խոսելիս՝ Կարապետյան կրտսերը համարում է, որ երկիրը պետք է կառավարեն «մաքուր ձեռքերով արհեստավարժները»: Նրա համոզմամբ՝ պետական կառավարման քաղաքականացումն է միշտ եղել բոլոր ժամանակների մեր իշխանությունների ձախողման թիվ մեկ պատճառը. «Նախարարություններում, պետական ապարատում պետք է աշխատեն բացառապես արհեստավարժներ՝ անկախ նրանց ընդդիմադիր կամ իշխանական հայացքներից»:
Այսպես է դատում ապագա նոր քաղաքական ուժի, ամենայն հավանականությամբ, առանցքային դեմքերից մեկը: Սակայն մի բան է մերկ դատողությունը, բոլորովին այլ բան՝ իրական գետնի վրա տվյալ գաղափարի կենսակոչումը: Այնպես որ, կապրենք՝ կտեսնենք:
Գեւորգ Բրուտենց
Բաց մի թողեք
Օկուպացված Արցախն այրվում է Ադրբեջան – Ալիևի ոտքերի տակ
Նոր լարում․ Հույն ապօրինի միգրանտներին հունական ափ են հասցրել Ադրբեջանի քաղաքացիները
Նաթանյահուն դե՞մ է Սյունիքում «Թրամփի կամուրջի» բացմանը․ Ինչու ․․․