Հայաստանում հուլիսի 27-ին տոնում են Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը:
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:
Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը»: Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոսը խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:
Այս տոնը հայտնի է նաև «Վարդավառ» անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
«Վարդավառ» ժողովրդական անվանումը հավանաբար գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. «Ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով՝ հայտնեց Իր Աստվածությունը»:
«Վարդավառ»-ի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Բաց մի թողեք
Հուլիսի 29-ի աստղագուշակ․ Փորձառու մարդկանց խորհուրդները օգտակար կլինեն
Կլիմայի փոփոխության պատճառով մի ամբողջ երկիր կարող է անհետանալ․ Լևոն Ազիզյան
Սոֆի Լորենի որդին՝ դիրիժոր Կառլո Պոնտի կրտսերը, ամուսնացել է վրացի Մարիամ Շարմանաշվիլիի հետ և ուղղափառություն ընդունել․ Լուսանկար